կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-11 17:25
Հասարակություն

Հայրենադարձությունը խթանելու համար կվերանայվի անձնական իրերն առանց մաքսազերծման ներմուծելու համար այլ երկրում 5 տարվա մշտական բնակության ցենզը. ՊԵԿ նախագահի տեղակալ

Հայրենադարձությունը խթանելու համար կվերանայվի անձնական իրերն առանց մաքսազերծման ներմուծելու համար այլ երկրում 5 տարվա մշտական բնակության ցենզը. ՊԵԿ նախագահի տեղակալ

Վարչական իրավախախտումների մասին Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնած փոփոխությունների արդյունքում առաջին անգամ վարչական իրավախախտում կատարած անձը կենթարկվի նվազագույն տուգանքի: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանը ներկայացրեց հարկային վարչարարության բարեփոխումների, օրենսդրական նախաձեռնությունների գործընթացը: «Այս փոփոխությունն իրականացնում ենք  ապահովելու համար վարչարարության համաչափությունը: 2017 թվականի 5-12 ամիսների ընթացքում 247 դեպք ենք ունեցել, որոնց դեպքում կիրառվել է նվազագույն տուգանք, մինչդեռ 2018 թվականի նույն ժամանակահատվածի համար ունեցել ենք 7470 դեպք»,- ասաց նա:

Բադասյանի խոսքով՝ նոր բարեփոխումներով օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերված հարկային խախտումներով վարչական վարույթները կվստահվեն իրավաբանական վարչությանը, հայրենադարձության խոչընդոտների վերացման արդյունքում էլ կվերանայվի 5 տարվա մշտական բնակության ցենզը: «Բազմաթիվ հայրենակիցներ ունենք, ովքեր հունիս-հուլիս ամիսներից մշտական բնակություն հաստատելու նպատակով վերադառնում են Հայաստանի Հանրապետություն և խնդիր են ունենում օրենքի դրույթի հետ: Մեր հայրենակիցը նախկինում առնվազն 5 տարի պետք է մշտական բնակություն ունենար այլ երկրում, որպեսզի օգտվեր արտոնյալ համակարգից իր անձնական օգտագործման ապրանքները առանց մաքսազերծման ներմուծելու համար: Մենք հիմա այս դրույթն ենք փոխում, որպեսզի հայրենադարձության հետագա փուլն ավելի հեշտ հաղթահարենք, և մեր հայրենակիցները օրենսդրական խոչընդոտների չհանդիպեն»,- հավելեց ՊԵԿ նախագահի տեղակալը: