կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-20 16:30
Տնտեսական

Պետք է լրջագույն քայլեր ձեռնարկել Իրանի հետ տնտեսական հարաբերությունները խթանելու ուղղությամբ. Վարդան Ոսկանյան

Պետք է լրջագույն քայլեր ձեռնարկել Իրանի հետ տնտեսական հարաբերությունները խթանելու ուղղությամբ. Վարդան Ոսկանյան

Երեկ նախագահի նստավայրում մեկնարկել էր արտերկրում և միջազգային կազմակերպություններում ՀՀ դեսպանների հետ խորհրդակցությունների շարք: Քննարկվել են ՀՀ տնտեսական շահերն առաջ մղելու նոր հնարավորությունները, դեսպանընկալ պետությունների հետ տնտեսական կապերի՝ նոր նախագծերի, ներդրումների և առևտրաշրջանառության ավելացման հնարավորությունները, ինչպես նաև կրթության, առողջապահության և մշակույթի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները: Նախագահի խորհրդակցությունը նվիրված է եղել Իրանի Իսլամական Հանրապետության հետ Հայաստանի Հանրապետության հարաբերությունների օրակարգային հարցերին, ընթացիկ ծրագրերին, նոր նախաձեռնություններին, ինչպես նաև կոնկրետ աշխատանքների վերաբերյալ հանձնարարականների կատարման ընթացքին: Խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանը նաև ասել է, որ մոտ ժամանակներս ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կունենանք նախարարի տեղակալ, ով հատուկ զբաղվելու է արտաքին տնտեսական խնդիրներով: 

Yerkir.am-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ի՞նչ հեռանկարներ կարող են ունենալ նախագահի այս խորհրդակցությունն ու տված հանձնարարականները, իրանագետ Վարդան Ոսկանյանը նշեց, որ այն փաստը, որ նախագահը նման խորհրդակցություն է կազմակերպում Իրանի հետ հարաբերությունների հարցով, իսկ այդ խորհրդակցությունները լինելու են շարունակական, արդեն իսկ խոսում է այն մասին, որ Իրանը, որի դեմ պատժամիջոցները հանվել են, և որը Հայաստանը դիտարկում է որպես բարեկամ և հետաքրքիր երկիր, Հայաստանի համար նույնպես ներկայացնում է մեծ կարևորություն:

«Պետք է համախմբել ուժերը և լրջագույն քայլեր ձեռնարկել Իրանի հետ տնտեսական հարաբերությունները խթանելու ուղղությամբ: Ակնհայտ է, որ իրար հաջորդած` իրանցի և հայաստանցի պաշտոնյաների փոխադարձ այցերը և  քննարկումները նպաստելու են Հայաստան-Իրան քաղաքական բարձր հարաբերությունների հաստատմանը: Դրա համար առկա են բավական լավ պայմաններ, համենայն դեպս, երկու երկրների կողմից կա այդ աշխատանքներն իրականացնելու կամք»,- ասաց Վարդան Ոսկանյանը՝ հավելելով, որ որոշ աշխատանքներ արդեն սկսվել են, մասնավորապես` երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի ուղղությամբ:

Վերջերս ՀՀ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանն իր գործընկերոջ հրավերով գտնվում էր Իրանի Իսլամական Հանրապետությունում: Զանգվածային լրատվության միջոցների առջև պաշտոնապես հայտարարվեց, որ Իրանն իր կողմից հայտարարում է 4 միջանցքների պետական քաղաքականության մասին: Դրանցից մեկը Հայաստանի Հանրապետությունով է անցնում: 

Հարցին, թե ի՞նչ է ենթադրում այդ քաղաքականությունը, և հնարավո՞ր է կյանքի կոչվի Իրան-Հայաստան երկաթգծի շինարարությունը, իրանագետը պատասխանեց, որ Հայաստանն ամենահարմար երկիրն է Իրանի համար` այդ հաղորդակցության գծերը կյանքի կոչելու առումով:

Վարդան Ոսկանյանը բացատրում է, թե ինչու է կարծում, որ Հայաստանը Իրանի համար ամենահարմար երկիր է: Հայաստանի աշխարհագրական դիրքը, նախ, ամենամոտն է` Պարսից ծոցը Սև ծովին կապելու առումով: Հայաստանն այն երկիրն է, որը տարածաշրջանային թոհուբոհում պահպանում է թե\' ներքին կայունությունը, թե\' արտաքին խաղացողների հետ հարաբերությունները: Հայաստանը ամենաանվտանգ երկիր է տարածաշրջանում և այս առումով ևս հրապուրիչ է Իրանի համար: Եվ եթե դիտարկում ենք Թուրքիայի ու Ադրբեջանի գրավչությունը, ապա Թուրքիայի այն տարածքները, ուր հնարավոր է անցկացնել հաղորդակցության գծեր, գտնվում են թուրք-քրդական բախումների կիզակետում: Ադրբեջանը այս պահին մատնված է տնտեսական խոշորածավալ խնդիրների, բացի այդ` ադրբեջանական իշխանությունները ճնշում են երկրի ներսում իրանամետ շիադավան ուժերին: Եվ այս տեսանկյունից, իրանագետի համոզմամբ, Հայաստանն այն բացառիկ երկիրն է, որը Իրանի հետ իր հարաբերությունները մշտապես կառուցել է բարեկամական ուղով, պահպանել է իր ներքին կայունությունը, իր հրապուրիչ լինելը:

«Ավելի լավ է մի փոքր թանկ ներդրում կատարել, բայց հստակ գիտակցել, որ այդ ներդրումը չի կորչելու, պատկերավոր ասած` ականանետի պատահական կրակոցից կամ տարածքում բռնկված ապստամբությունից»,- ասաց Վարդան Ոսկանյանը:

Հարցին, թե արդյո՞ք Իրանը պատրաստ է ֆինանսական ներդրումներ անել հաղորդակցության ոլորտում, իրանագետը պատասխանեց, որ Իրանն ունի այդ պատրաստակամությունը, համենայն դեպս, առաջիկայում ականատես կլինենք դրական զարգացումների:

«Մի կողմից պետք չէ ավելորդ սպասումներ առաջացնել մեր հասարակության մեջ, բայց չպետք է վատատես լինել: Մենք կարող ենք օգտագործել մեր ունեցած հնարավորութունները, որոնք, ճիշտ է, մեկ րոպեում հրաշք չեն գործի, բայց պետք է սպասել, որ Իրանի հետ տնտեսական հարաբերությունները  կբարելավվեն»,- ասաց Ոսկանյանը: