կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-19 17:40
Մշակույթ

Այդ շարժումը սարքված էր. օպերայի թատրոնի մենակատար

Այդ շարժումը սարքված էր. օպերայի թատրոնի մենակատար

Ալ. Սպենդիարյանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել ժողով, որի ընթացքում որոշվել է` թատրոնի կառավարման մարմնում պետք է լինեն նաեւ թատրոնի աշխատակիցներ` կառավարման մարմնի գործունեությունը վերահսկելու համար:

 

Yerkir.am-ի հետ զրույցում թատրոնի մենակատար Տիգրան Դավթյանն ասաց, որ թատրոնի աշխատակիցները ցանկանում են, որ կառավարման մարմնի հանդեպ վստահությունը, որ խափանվեց օրեր առաջ, վերականգնվի:

 

«Բանն այն է, որ մեր աշխատավարձը երբեք ցերեկով չէին տվել: Ինչո՞ւ ներկայացման օրը եւ ինչո՞ւ ցերեկով տվեցին մեր աշխատավարձը, ինչո՞ւ հենց հիմա որոշեցին, որ իրենք էլ պետք է բողոքեն: Կարծում եմ` ուրիշի մուտքն են նախապատրաստում թատրոն, որ բարեփոխումներ է խոստացել: Այդ շարժումը, իմ հավաստմամբ, սարքված էր, եւ շարժման ղեկավարը թատրոնից դուրս մեկն է»,- ասաց Դավթյանը:

 

Ըստ նրա` թատրոնի աշխատակիցներն արդեն որերորդ տարին է` անհաղորդ են մնում հասարակության մեջ տեղի ունեցող դեպքերին:   

 

«Թատրոնում քաղաքացուն վայել կեցվածք ունեցողներ չկան: Ասում են` նախագահն է որոշում թատրոնի տնօրենին, սա հո պալատական թատրոն չի: Իսկ մենք լուրջ խնդիրներ ունենք` օպերային ակումբ չունենք, հաղորդաշար չունենք, որ կբացատրեր մեր էությունը»,- ասաց Դավթյանը:

 

Անդրադառնալով խոսակցություններին, թե պետբյուջեից ամեն տարի 20 մլն դրամ գումար է ստացել թատրոնը, Դավթյանը նշեց, որ թատրոնը, շենքի պահպանման հետ կապված, խնդիրներ ունի, եւ միգուցե հենց դրա վրա էլ ծախսվել է այդ գումարը: 

 

«Մեր աշխատավարձերի վրա որեւէ կերպ չի անդրադարձել այդ հատկացումը: Չնայած լսել եմ նաեւ, որ արտիստներից որոշները կողքից գումար են ստացել, քանի որ նրանք «լավն» են»,- ասաց նա: