Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանաբնակ գործարար, բարերար Լևոն Հայրապետյանի ընկեր Արթուր Սաֆարյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ Լևոն Հայրապետյանը հերքում է իրեն ներկայացված մեղադրանքը, քանի որ այն ոչ մի կապ չունի գործարարի հետ: Ըստ երևույթին` այդ մեղադրանքում քաղաքական ու տնտեսական հաշվարկ կա, որովհետև որոշ շրջանակներ ցանկանում են տիրանալ «Բաշնեֆտ»-ի բաժնետոմսերին:
Հիշեցնենք, որ Հայրապետյանը կասկածվում է հանցավոր միջոցներով ստացված եկամուտների օրինականացման (ՌԴ Քրեական օրենսգրէի 174 հոդված) և փողերի լվացման (ՌԴ Քրեական օրենսգրէի 160 հոդված) մեջ: Ըստ նախաքննության` հանցագործությունները կատարվել են 2008-ին տեղի ունեցած «Բաշնեֆթ»-ի վաճառքի ժամանակ, որում ներգրավված է եղել նաև Լևոն Հայրապետյանը:
Դատարանը որոշել է երկամսյա կալանքի տակ պահել Լևոն հայրապետյանին` մինչև սեպտեմբերի 15-ը:
Լևոն Հայրապետյանի ընկեր Արթուր Սաֆարյանի խոսքով` գործարարի բաժնետոմսերին տիրանալու հետ մեկտեղ, մեղադրանք առաջադրողները նաև Ադրբեջանին լավություն են անում, որովհետև Լևոն Հայրապետյանին կալանավորելու կապակցությամբ ադրբեջանական մամուլը հրճվանքի մեջ է, այսինքն` մեկ հարվածով երկու նապաստակ են սպանում:
Արթուր Սաֆարյանը հավելեց, որ Լևոն Հայրապետյանի` Արցախում իրականացվող ռազմա-քաղաքական բնույթի ծրագրերը ադրբեջանցիները չէին կարող հանգիստ ընդունել:
Արթուր Սաֆարյանը կարծում է, որ Ռուսաստանում սկսվել է ունեցվածքի վերաբաշխման գործընթաց, մանսնավորապես` «Բաշնեֆթ»-ի հետ կապված, և նկատելի էր այն հանգամանքը, որ մեղադրանք ներկայացնողները սկզբից էլ չէին կողմնորոշվում, թե ինչ մեղադրանք պետք է առաջադրեն. սկզբում ասում էին, թե Լևոն Հայրապետյանը կապված է հանցավոր խմբավորումների հետ, հետո տեսան, որ դա չի ստացվում, սկսեցին տնտեսական բնույթի մեղադրանքներ ներկայացնել` իբր ժամանակին «Բաշնեֆթ»-ի բաժնետոմսերի սեփականաշնորհման գործընթացը այնքան էլ մաքուր չի ընթացել:
«Լևոն Գուրգենիչին Ռուսաստանի իրավապահ օղակներում շատ հարգում են, և նրանք ոչ պաշտոնական շրջանակներում ասում են, որ դա ամբողջովին սարքված գործ է: Նրանք հասկանում են, որ դա պատվեր է: Այսօր Ռուսաստանում նման բնույթի գործողությունները առանց իշխանությունների թույլտվության չեն կարող կատարվել»,- ասաց մեր զրուցակիցը:
Պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է հիմա Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը, Արթուր Սաֆարյանը նշեց. «Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը շատ վատ է, որովհետև ինքը տարել է մի քանի վիրահատություններ, քաղցկեղ ուներ, վերջերս ինսուլտ է տարել, շաքար ունի, անընդհատ պետք է հսկողության տակ լինի և ինսուլին օգտագործի: Փաստաբանները բողոքարկել են երկասմյա կալանքի որոշումը, բայց պարզ չէ` բողոքարկման պատասխանը քանի օր հետո կլինի»:
Նա նշեց, որ երկամսյա կալանքի որոշումը բողոքարկվելու է մինչև Եվրադատարան, քանի որ Լևոն Հայրապետյանի ծանր հիվանդությունների դեպքում նրան հակացուցված է պահել կալանքի տակ:
Արթուր Սաֆարյանը նշեց, որ «Ֆեյսբուք»ում նաև կեղծ էջեր են բացվել Լևոն Հայրապետյանի անունով կամ նրան աջակցելու նպատակով, այսինքն` հայտնի չէ, թե ովքեր են բացել այդ էջերը և ինչ նպատակով: Ինքը` Արթուր Սաֆարյանը, «Ֆեյսբուք»-ում բացել է Айрапетян Левон Гургенович անունով էջը, որում գրառվում են տեղեկություններ Լևոն Հայրապետյանի մասին: Արթուր Սաֆարյանը նշեց, որ ֆեյսբուքյան այդ էջը հատուկ նպատակով է բացվել, որ եթե շատ մարդիկ միանան այդ էջին, ապա հնարավոր կլինի հայտարարությամբ հանդես գալ կամ ինչ-որ բան կազմակերպել` Լևոն Հայրապետյանին ինչ-որ ձևով օգնելու համար: