կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-15 12:20
Քաղաքական

Ես չէ, որ նախագահին նման հարցեր պետք է տամ. Վազգեն Սարգսյանի եղբայր

Ես չէ, որ նախագահին նման հարցեր պետք է տամ. Վազգեն Սարգսյանի եղբայր

«Առաջին օրվանից սկսած` ինչ եղել է Երկրապահը, ես եղել եմ նրա անդամ, ես Երկրապահի վարչության անդամ եմ»,- ԵԿՄ 10-րդ համագումարի մեկնարկից առաջ ասաց Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը՝ անդրադառնալով համագումարին իր մասնակցությանը:

 

Նա նշեց, որ վարչության անդամներին հրավիրել պետք չէ, նրանք պարտավոր են ներկա լինել համագումարին: Ինչ վերաբերում է մյուս եղբորը՝ Արամ Սարգսյանին, ապա Արմեն Սարգսյանն ասաց, թե չգիտի՝ նա կմասնակցի՞ համագումարին, թե՞ ոչ, բայց հայտնեց, որ հրավիրված է:

 

«Արամը Երկրապահի անդամ է, ինչքան գիտեմ, բայց ես վարչության անդամ եմ, պարտավոր եմ այստեղ գտնվել: Կվերընտրվեմ, թե` ոչ, դա երկրորդ հարցն է»,- նշեց նա:

 

Ինչ վերաբերում է երկրում ստեղծված քաղաքական վիճակին, Արմեն Սարգսյանը շեշտեց, թե ինքը քաղաքականության մեջ չէ, իսկ ԵԿՄ-ն քաղաքականացված միավորում չէ: Հավելեց նաեւ, որ եղբոր` Արամի հետ առհասարակ տանը քաղաքականություն չեն քննարկում: «Առհասարակ, մենք` եղբայրներով, տարաձայնություններ չունենք»,- ասաց նա:

 

Հարցին` ինչպե՞ս է գնահատում Հայաստանի քաղաքական, տնտեսական վիճակը, Արմեն Սարգսյանը պատասխանեց, որ նման հարցերով պետք է դիմել քաղաքական գործիչներին, իսկ ինքը պատերազմի մասնակից է, ու եթե պետք լինի, կրկին կմասնակցի:

 

«Ես էս երկիրը սիրող մարդ եմ, չեմ պատրաստվում լքել իմ երկիրը: Նման հարցերը տվեք քաղաքական գործիչներին»,- ասաց նա:

 

Լրագրողների դիտարկմանը՝ վերջիվերջո, ՀՀ քաղաքացի է, ինչպես է գնահատում վիճակը, կարճ պատասխանեց՝ միջակ: Արմեն Սարգսյանը նշեց, որ երբեմն պատահում է, որ հանդիպում է Սերժ Սարգսյանի հետ, վերջին անգամ հանդիպել է Սերժ Սարգսյանի հոր հուղարկավորության ժամանակ: Երբեմն պատահում է նաեւ, որ պատահաբար են հանդիպում՝ տարին մեկ կամ երկու անգամ, ու զրուցում են: Արամ Սարգսյանը համոզմունք հայտնեց, որ երբ ինքը ուզի, Սերժ Սարգսյանը չի մերժի հանդիպել, իսկ երբ հանդիպում են, ապա հետաքրքրվում են ծնողներից, մորից, ընտանիքից:

 

«Վերջիվերջո, նա եղբորս ընկերն է, նաեւ` բարեկամը, անցած ճանապարհ ունենք՝ 1988 թվականից միասին ճանապարհ ենք անցել: Ես ինձ թույլ չեմ տալիս երկրի նախագահին երկրի վիճակին վերաբերող հարցեր տալ, այդ հարցերը ես չէ, որ պետք է տամ, այլ կան քաղաքական կուսակցություներ, որ իրենք կարող են այդ հարցերը տալ»,- եզրափակեց Արմեն Սարգսյանը: