կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-15 12:16
Քաղաքական

Մենք Ադրբեջանի նման նրանց ողորմելի քարոզչության կարիքը չունենք. Սերժ Սարգսյան

Մենք Ադրբեջանի նման նրանց ողորմելի քարոզչության կարիքը չունենք. Սերժ Սարգսյան

Երկրապահ կամավորականների միության 10-րդ համագումարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, որ համագումարը տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ երկրում ո'չ պատերազմ է, ո'չ էլ խաղաղություն:

 

Ըստ նախագահի` Ադրբեջանի իշխանությունն ուզում է իր ժողովրդի մոտ այնպիսի տպավորություն ստեղծել, թե իբր պայքարում են Ղարաբաղի համար, սակայն լայնածավալ պատերազմ սկսելու համար նրանք չունեն ո'չ կարողություն եւ ո'չ էլ հնարավորություն:

 

«Խաղաղ վիճակում զինվորին եւ գյուղացուն կրակելը պատերազմական գործողություն չէ, այլ մարդասպանություն: Հայատյացությունն Ադրբեջանում դարձրել են հայրենասիրություն, սա մեզ համար դժվարընկալելի է, քանի որ, հայրենասիրություն ասելով, հայ մարդը բոլորովին այլ բան է հասկանում: Ադրբեջանի վերջին դիվերսիոն գործը, որ անփառունակ վախճան ունեցավ, հունվարի 20-ին էր: Ադրբեջանի իշխանությանը հաջողվում է իր ժողովրդին անգամ հունվարի 20-ի դեպքն այլ կերպ ներկայացնել, մինչդեռ հավատացնում եմ` սուտը շուտ է ջրի երես դուրս գալիս»,- ասաց ՀՀ նախագահը` հավելելով, որ այդ մարդասպանությունները մի նպատակ ունեն` բացառել հարցի խաղաղ լուծումը, թույլ չտալ, որ հայ եւ ադրբեջանցի ժողովուրդները միմյանց ձեռք սեղմեն:

 

«Փող եւ մարդասպանություն` ահա այս երկու փաստարկներով է մեր դեմ ելնում Ադրբեջանը»,-ասաց նախագահը` նշելով նաեւ, որ ակնհայտ է` տեսանելի ապագայում նրանք մեզ հանգիստ չեն թողնելու:

 

«Ինչո՞ւ դիպուկահարներին սահմանային գծից դուրս չեն բերում, քանի որ մարդասպանությունը բանավեճի մեջ նրանց վերջին փաստարկն է: Իմ փաստարկն այն հայորդիներն են, որոնք պատրաստ են հենց այսօր զենք բռնել: Նրանց թվում է, եթե մենք չենք մոլորեցնում մեր ժողովրդին եւ ներկայացնում ենք իրականությունը, մենք թույլ ենք: Նրանք չեն հասկանում, որ դրանում է մեր ուժը, չեն էլ հասկանա, քանի որ դա իրենց հասու չէ: Հենց դրա համար էլ մենք նրանց ողորմելի քարոզչության կարիքը չունենք, հենց դրա համար էլ մենք հաղթել ենք: Այսօրվա մեր կռիվը շեն Հայաստան ունենալու համար է»,- ասաց Սերժ Սարգսյանը: