Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր «Ելք» դաշինքի գլխավոր շտաբում դաշինքի անդամներ Նիկոլ Փաշինյանը և Էդմոն Մարուքյանը Երևանի ավագանու ընտրությունների հետ կապված հայտարարություն արեցին, այնուհետև պատասխանեցին լրագրողների հարցին:
Մարուքյանը նշեց, որ հնարավոր է 3-5 տեղամասերի արդյունքները վերահաշվարկելու դիմում ներկայացնեն, եթե իրենց ապացույցների բազան թույլ տա: «Թեև դա ընտրությունների վերջնահաշվարկի վրա չի ազդի, բայց մեր խնդիրն է մեր յուրաքանչյուր ձայնի տերը լինել»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է, թե ով կլինի Երևանի ավագանու` իրենց խմբակցության ղեկավարն ու քարտուղարը, դաշինքի անդամներն ասացին, որ դեռ այդպիսի հարցեր չեն քննարկել, առաջիկայում պարզ կլինի:
Հարցին՝ ինչո՞ւ 70 հազար քաղաքացի նրանց ընտրեց, սա համարո՞ւմ են հաջողություն, Փաշինյանն արձագանքեց. «Մեկ ամսվա ընթացքում Երևան քաղաքում երկու անգամ արձանագրել ենք 70 հազար ձայն: Երևանի ավագանու ընտրություններում հազար ձայն ավելի ենք ստացել, քան խորհրդարանական ընտրություններում, իսկ ՀՀԿ-ն հազար ձայն պակաս է ստացել, քան ԱԺ ընտրություններում»:
Ինչ վերաբերում է ընդդիմադիրը ուժերի՝ ՕՐՕ, ՀԱԿ և այլն, նրանց չսատարելուն, ապա, Փաշինյանի խոսքով, իրենք այդ քաղաքական ուժերի կարիքը չունեն: «Երևանում այս ընտրություններին ֆիքսել ենք 21 տոկոս ձայն, ԱԺ ընտրություններին ֆիքսել էինք 14 տոկոս: Այդ քաղաքական ուժերի կարիքը չենք տեսնում, դեռ պարզ չէ՝ այդ թվարկած ուժերի քանի տոկոսն է քաղաքական ուժ, քանիսը՝ ոչ»,- ասաց նա: