կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-17 13:57
Քաղաքական

Ինչ է թաքնված Ադրբեջանի՝ Ղազախի հատվածի հսկողությունը սահմանապահ ծառայությանը փոխանցելու փաստի հետևում

Ինչ է թաքնված Ադրբեջանի՝ Ղազախի հատվածի հսկողությունը սահմանապահ ծառայությանը փոխանցելու փաստի հետևում

Օրերս տեղեկություն տարածվեց, որ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կարգադրությամբ,  հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում Ադրբեջանը պատրաստվում է սահմանային հսկողությունը զինված ուժերի ստորաբաժանումներից փոխանցել սահմանապահ ծառայությանը: Մասնավորապես նշվում է, որ սահմանի հսկողությունը կփոխանցվի սահմանապահներին Ադրբեջանի Ղազախի և Աղստաֆի շրջաններում։

Ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ այստեղ քարոզչական հնարք կա: «Պարզ է, որ Ադրբեջանը փորձելու է այս հնարքն օգտագործել քարոզչական նպատակով՝ ցույց տալով, որ ինքը խաղաղություն է քարոզում, քանի որ սահմանապահ ուժերը նախատեսված են պետական սահմանի պահպանության համար, այլ ոչ թե ռազմական գործողությունների: Մինչդեռ, մյուս կողմից, սրանք ավելի լուրջ քայլեր են, որոնք Ադրբեջանը պլանավորում է՝ ուժային որոշակի վերափոխումներ, տեղաշարժեր կատարելով: Կարծում եմ, որ մենք ավելի ուշ ականատես կլինենք, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, քան փորձում է խաղաղության գործողություն իրականացնել»,- մանրամասնեց փորձագետը:

Այլ կերպ՝ Հայաստանի և Արցախի հետ սահմանին հարաբերական անդորրով Բաքուն փորձում է ցույց տալ,  որ խաղաղություն է քարոզում և սրանով ՀՀ իշխանություններին ժամանակ է տալիս, որ նրանք անեն այն,  ինչ Ադրբեջանն ակնկալում է:

«Իսկ Ադրբեջանն  ակնկալում է, որ գոնե առաջնային փուլում հայկական  զինված ուժերը դուրս բերվեն ԼՂ հարակից տարածքներից, ազատագրված հինգ շրջաններից: Այսինքն՝ Ադրբեջանն այս փուլում ակնկալում է որոշակի տարածքների վերադարձ, որից հետո անորոշ ստատուս քվոյի պահպանմամբ փորձելու է լուծել Արցախին տիրանալու հարցը»,- շեշտեց Մովսիսյանը:

Ադրբեջանի հարցով փորձագետն ասում է, որ  Ադրբեջանի արտաքին քաղաքականության որոշակի փոփոխություն է նկատվում վերը նշված տրամաբանության շրջանակում: Այն է՝ նրանք հասկացել են, որ որքան էլ փորձում  են ուժի միջոցով ճնշում գործադրել հայկական կողմի վրա,  չի տալիս ցանկալի արդյունքը, ուստի հիմա գնում են միջազգային հանրությանը և  հայ հասարակությանը խաբելու ճանապարհով և խաղաղություն քարոզողի կերպարով փորձում են լուծել  իրենց առաջ դրված խնդիրները: Իսկ իրականում ո'չ Ադրբեջանի պետական քաղաքականությունն է փոխվել Արցախի հարցում, ո'չ էլ  հասարակության մտադրություններն ու տրամադրվածությունը:

Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ Ադրբեջանն այսօր փորձում է հասկացնել, որ  Սերժ Սարգսյանի իշխանության տապալման գործում մեծ ներդրում ունեն հենց իրենք՝ հիշեցնելով 2016-ի ապրիլյան պատերազմը, թե իբր Ադրբեջանը հաղթանակ է տարել, ինչը  թուլացրել է  Սերժ Սարգսյանի իշխանությունը, ուստի ՀՀ նոր իշխանություններին կոչ է անում չլինել նախորդների պես: «Այսինքն՝  ուժի սպառնալիք կա, որ, եթե ՀՀ իշխանություններն իրենց ուզածով չգնան, ապա իրենք  2016-ի ապրիլյան պատերազմը կկրկնեն: Այստեղ խաղաղ բանակցությունների մասին կոչ չկա»,- ասաց ադրբեջանագետը:

Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանին սահմանապահ ուժերի տեղակայմանը, Տարոն Հովհաննիսյանը նշեց, որ այդ քայլով նրանք փորձում են ռեզերվային ուժեր խնայել, որպեսզի անհրաժեշտության դեպքում նրանց ուղարկեն ավելի վտանգավոր հատվածներ` հարավ, այսինքն՝ Արցախի հատված, կամ օգնության հասնելու:

Այնուամենայնիվ, Հովհաննիսյանը կարծում է, որ պետք է բանակցությունները շարունակել: Մյուս կողմից, ըստ նրա, հայկական կողմը ևս պետք է ուժ ցուցադրի, որ Ադրբեջանը հասկանա` ուժով ոչնչի չի հասնի, պետք է փոխզիջումների գնալ: Ադրբեջանագետը հավելեց` այժմ մտածել, որ եթե հայկական կողմը զիջումների գնա, ապա ադրբեջանական կողմն էլ կգնա, թյուրըմբռնում է: