Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արսեն Հարությունյանն այն զինվորներից է, որոնք կանխել էին հակառակորդի դիվերսիոն գործողությունները հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը Հադրութի հենակետերից մեկում:
Հիշեցնենք, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը` ժամը 23:50-ից մինչև 00:15-ը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում արձանագրվել էին հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր: Փոխհրաձգության հետեւանքով հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված խնդիրը արիաբար կատարելու ժամանակ` հակառակորդի կողմից ստացած հրազենային վերքից զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը:
Իսկ հարավարևելյան ուղղություններում` Հադրութի հենակետերի ուղղությամբ իրականացված դիվերսիոն հարձակումները, որոնց մամուլը գրեթե չանդրադարձավ, կանխվել են չեզոք գոտու տարածքում:
Տարի ու կես ծառայության մեջ գտնվող Արսենը պատմում է, թե ինչպես են կանխել հակառակորդի դիվերսիոն գործողությունները: Նա առաջինն է օգնության հասել է իր ընկերոջը, որի ուղղությամբ կրակ էին բացել ադրբեջանցիները: Yerkir.am-ի հետ զրույցում Արսենը պատմեց, որ հակառակորդը, թիկունքից շրջանցելով, մոտեցել է իրենց հենակետին: Հերթափոխ իրականացնող զինվորը ինչ-որ ձայներ է լսել ու շարժվել դրանց ուղղությամբ: Այդ պահին հակառակորդը կրակ է բացել նրա ուղղությամբ:
«Այդ պահին մենք խրամատներում էինք, այնպես դիրքավորվեցինք, որ կարողանայինք օգնել մեր ընկերոջը: Կրակ բացեցինք հակառակորդի ուղղությամբ, մինչև մնացածները հասան մեզ օգնության»,- պատմում է Արսենը: Նա նաև նշեց, որ հայ հետախույզներն ավելի վաղ էին նկատել հակառակորդին եւ նույնպես շտապել են օգնության: 12-20 րոպե տևած փոխհրաձգությունից հետո հակառակորդը փախուստի է դիմել` թողնելով զենք-զինամթերք:
Արսեն Հարությունյանը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից պարգևատրվել է ՀՀ պաշտպանության նախարարության «Գարեգին Նժդեհ» մեդալով:
Զինվորը վերջում նշեց, որ վերադառնում է ծառայության մեծ հպարտությամբ և հայրենիքը պաշտպանելու հաստատուն կամքով: Հարցին` վախի զգացում չկա՞ր, Արսեն Հարությունյանը պատասխանեց. «Վախենալու ժամանակ չկար»:
Մանրամասները` տեսանյութում: