կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-23 12:53
Հասարակություն

ՊՆ-ի հաղորդագությունը հակառակորդի դիվերսիոն փորձերի մասին

ՊՆ-ի հաղորդագությունը հակառակորդի դիվերսիոն փորձերի մասին
Լիովին կասեցնելով սեփական զինված ուժերին վերաբերող բացասական և շփման գծում սեփական կորուստներով ուղեկցվող ձախողումներին վերաբերող տեղեկատվության յուրաքանչյուր հրապարակում` ադրբեջանական կողմը շարունակում է սահմանային իրավիճակն ապակայունացնող գործողությունները և հայ-ադրբեջանական սահմանագոտու տարբեր հատվածներում դիվերսիոն իր մարտավարությունը:

 

Անցած գիշերվա ընթացքում ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի պահմանման ռեժիմը սահմանագոտու տարբեր հատվածներում` կիրառելով հրաձգային, այդ թվում` խոշոր տրամաչափի զինատեսակներ: 

 

Հունվարի 23-ի առավոտյան Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հերթական դիվերսիոն գործողությունների փորձեր են ձեռնարկել ՀՀ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական մի քանի դիրքերի ուղղությամբ: 

 

ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումների զգոնության և աչալրջության շնորհիվ դիվերսիոն խմբավորումերի հերթական փորձերը ձախողվել են: Ձեռնարկված գործողությունների արդյունքում դիվերսիոն խմբերի առաջխաղացումը կասեցվել է, և հակառակորդը հետ է շպրտվել: ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով:

 

Ծավալված գործողությունների արդյունքում, ցավոք, հայկական կողմն ունի կորուստներ: Զոհվել են լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը և շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյանը: 

 

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունն է հայտնում զոհվածների ընտանիքներին ու հարազատներին: