Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Քաղաքացիական հասարակությունը Հայաստանում որոշակի գործընթաց է իրականացնում և կայացման փուլում է, իսկ քաղաքական կառույցները փորձում են համագործակցել քաղաքացիական կառույցների հետ: Հասարակությունն ակտիվություն է դրսևորում երկրում տեղի ունեցող իրադարձություններում. այսօր լրագրողներին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը՝ խոսելով երկրի ներքաղաքական զարգացումների մասին: Նա նշեց, որ եթե հասարակության ակտիվությունը կառուցողական է, դա լավ է, իսկ եթե ապակառուցողական է, ապա դա վատ է:
Yerkir.am-ի հարցին՝ ո՞րն է չափման միավորը՝ հասարակության կոնկրետ վարքագիծը կառուցողակա՞ն է, թե՞ ոչ, պատգամավորը չպատասխանեց, նա ընդամենը կարծիք հայտնեց, որ անգամ կենսաթոշակային բարեփոխման դեմ հասարակության պայքարում ևս նկատելի են պահեր, երբ որոշ ուժեր, քաղաքացիներ փորձում են ամեն ինչ սև գույներով ներկայացնել, որ կան դեստրուկտիվ քայլեր: Պատգամավորը չնշեց, թե որոնք են այն քաղաքական ուժերը, որ ամեն ինչ սև են ներկայացնում, բայց ասաց, որ ամեն տեղ էլ նման անձինք կան:
«Կենսաթոշակային բարեփոխումներն այն ճանապարհն է, որ աշխարհը ընտրել է, մենք այլ ճանապարհ չունենք: Եվրոպայում տեղի ունեցող երևույթները մեզ հուշում են, որ այլ ճանապարհ չկա այդ հարցում: Սա ոչ թե հայկական, այլ համամարդկային դրսևորում է: Եթե վատ ենք բացատրում, դա մեր թերությունն է, կփորձենք ավելի մանրամասն բացատրել հասարակությանը այս օրենքի դրական լինելու մասին»,- ասաց պատգամավորը:
Ինչ վերաբերում է հարցին՝ անակնկա՞լ էր, արդյոք, ՍԴ որոշումը, պատգամավորը պատասխանեց, որ ՍԴ որոշումն անակնկալ չէր, քանի որ վերաբերում էր որոշ դրույթների, սակայն ՍԴ-ն չի վիճարկել օրենքի սահմանադրականությունը: «Գաղափարը չի վերանայվելու, և կենսաթոշակային բարեփոխումները, միևնույն է, իրականանալու են»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը: