կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-26 12:56
Հասարակություն

Հարցվածների 63 տոկոսը արդարացված չի համարում կենսաթոշակային բարեփոխումները

Հարցվածների 63 տոկոսը արդարացված չի համարում կենսաթոշակային բարեփոխումները

ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ գործող Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագրի (ԿԲԻԾ) նախաձեռնությամբ` 2013թ. դեկտեմբերից  2014թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում ԱՄ «Փարթնըրզ Քոնսալթինգ» ընկերության կողմից իրականացված սոցհարցումների արդյունքներով' հարցվածների 63 տոկոսը արդարացված չի համարում կենսաթոշակային բարեփոխումները եւ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը: Մարզերում բնակվողների մոտ 40 տոկոսն է կողմ պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի ներդրմանը, իսկ Երևանում' ընդամենը 21 տոկոսը:

 

Ըստ «Փարթնըրզ Քոնսալթինգ» ընկերության ծրագրերի ղեկավար Վարդան Աղբալյանի` սոցհարցումն անցկացվել է Երեւանի, Կոտայքի ու Արարատի մարզերի 1200 տնային տնտեսություններում' յուրաքանչյուր շրջանից 400-ական հոգու շրջանում: Հարցումներն անցկացվել են 11 քաղաքային եւ 16 գյուղական բնակավայրերում, հարցվածներից 731 հոգին եղել են քաղաքաբնակ, 469-ը` գյուղաբնակ:  Հարցման հավաստիությունը, ըստ Աղբալյանի, 95 տոկոս է, շեղման հավանականությունը` 5 տոկոս:

 

Ընդհանուր առմամբ, հարցման համաձայն, Հայաստանում իրականացվող կենսաթոշակային բարեփոխումների մասին տեղյակ է հարցվածների 86 տոկոսը: Հատկանշական է, որ հարցվածների ընդամենը 44 տոկոսն է տեղյակ եղել, որ  նոր' պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը ներդրվել է 2014 թվականի հունվարի 1-ից, իսկ 56 տոկոսը տեղյակ չի եղել, ինչը Վարդան Աղբալյանը բավական բացասական ցուցանիշ է համարում:

 

Հարցումների արդյունքները ցույց են տվել, որ մարդիկ ավելի տեղյակ են  կենսաթոշակային բարեփոխումների ընդհանուր դրույթներից, օրինակ` ներդրման ժամկետներից, մասնակիցների տարիքային սահմանափակումներից եւ այլն, քան բուն բովանդակային հարցերից, օրինակ` կենսաթոշակային ֆոնդերի տեսակներից, ակտիվների կառավարիչներից, կառավարման սկզբունքներից եւ այլն:

 

Հարցվածների 67 տոկոսը համաձայն չէ, որ նոր համակարգը տարածվի 1974 թվականից հետո ծնվածների վրա: Նրանց 47 տոկոսը համարում է, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա ազատ ընտրության իրավունք, իսկ 14 տոկոսի կարծիքն է, որ ցածր եկամուտների պայմաններում մարդիկ չեն կարող խնայողություններ անել:

 

Ընդհանուր առմամբ, հարցվածների 54 տոկոսը վստահ չէ, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդերը գտնվում են ապահով ձեռքերում, ընդ որում' նրանց 47 տոկոսը չի ճանաչում ֆոնդերի կառավարիչներին, իսկ 40 տոկոսն էլ չի վստահում ո'չ կառավարությանը, ո'չ էլ նրանց կողմից ընտրված ֆոնդերի կառավարիչներին:

 

Ամենազավեշտալի արդյունքներից է թերեւս այն, որ հարցման արդյունքները ցույց են տվել' պարտադիր կուտակային համակարգի մասնակից հարցվածների 20 տոկոսը չգիտի, որ Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումներ են իրականացվում: