Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սահմանադրության օրվա հետ կապված` Yerkir.am-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանի հետ: Ըստ նրա` Սահմանադրության նորմը, որպեսզի անմիջապես գործողության մեջ լինի, պետք է բոլորը հետևեն` անկախ նրանից` հանրապետական են, թե մեկ այլ քաղաքական ուժի ներկայացուցիչ, բոլորը պետք է իրականանցնեն այդ նորմերը: Նոր Սահմանադրությունն այս առումով ավելի լայն հնարավորություն է տալիս:
«Նոր Սահմանադրությունը լայն հնարավորություններ է տալիս, որ ունենանք ավելի ազատ, իրավագիտակից հասարակություն, որպեսզի տեր կանգնի ու կիրառի Սահմանադրության բոլոր նորմերը: Դրա համար բոլորս պետք է որոշակի աշխատանքներ տանենք»,- ասաց պատգամավորը:
Խոսելով Սահմանադրության նոր փոփոխություններից հետո երկրում փոփոխությունների անհրաժեշտության մասին` իրավական առումով, մեր զրուցակիցը նշեց, որ նոր Սահմանադրության մեջ դատական համակարգի հետ կապված բազմաթիվ փոփոխություններ կան:
«Վերաքննիչ դատարանի դատավորները ընտրվում են Ազգային Ժողովի կողմից, այլ ոչ թե նախագահն է նշանակում, էլ չեմ ասում` դատական բարձրագույն խորհուրդները, մարմինները ձևավորվում են Ազգային ժողովի կողմից` պատգամավորների, ովքեր ժողովրդի կողմից ընտրված են: Գործադիր իշխանության հետ կապված բազմաթիվ փոփոխություններ էլ կան արված` սկսած վարչապետին անվստահություն հայտնելուց, վերջացրած տարբեր վերահսկողական մեխանիզմներով: Օրինակ` քննիչ հանձնաժողովների հետ կապված գործառույթը, որ նոր Սահմանադրության մեջ ձևակերպված է»,- ասաց Սահակյանը:
Նրա կարծիքով` լավ կամ վատ Սահմանադրություն չկա, ամեն ինչ ու բոլորը փոփոխական են` փոփոխվում են և զարգանում:
«Պետք է ընդամենը կարողանալ Մայր օրենքը, որը ողնաշարն է երկրի օրենսդրության, համահունչ զարգացնել, որպեսզի հասարակություն-Սահմանադրություն հակասություններ չլինեն, ուստի Սահմանադրությունը պետք է լինի ճկուն, համահունչ, արդիական բոլոր հրամայականներին, մարտահրավերներին»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ բոլորն էլ պետք է փոխվեն` սկսած ժողովրդից, վերջացրած Սահմանադրություն գրողներով, եթե չփոխվեն բոլոր անձինք, ապա այս փոփոխությունները քիչ են:
Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հասարակության պահանջին` նա նշեց, որ հասարակական պահանջ է եղել, որ պետք է խորհրդարանական կառավարման ձևը փորձենք: «Հասարակության պահանջը չէ՞ր, որ 2014 թվականին եռյակ ու քառյակ էին ձևավորել, որպեսզի ունենանք խորհրդարանական կառավարման ձև, 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ, հասարակության ընտրյալները չէի՞ն այդ քաղաքական ոչ իշխանական ուժերը: Բոլորը 5 քաղաքական ուժերը, բացի Հանրապետականից, պահանջում էին, որպեսզի լինի խորհրդարանական կառավարման ձև և հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգ: Դա պահանջ չէ՞, պահանջը էլ ո՞նց է ձևակերպվում»,- շեշտեց մեր զրուցակիցը: