Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում է Ֆրանսիայի Ազգային ժողովի սոցիալիստական խմբի պատվիրակությունը` գլխավորությամբ խմբակցության ղեկավար Բրյունո լը Ռուի: Պատվիրակությունն արդեն հանդիպել է ՀՀ նախագահի հետ և պատրաստվում է այցելել Արցախ` տեղում շփվելու ազգաբնակչության հետ ու տալու իրավիճակի գնահատական:
Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Բրյունո լը Ռուն նշեց, որ Սերժ Սարգսյանի հետ քննարկել են Հայաստանում անցկացվելիք սահմանադրական փոփոխությունների գործընթացը:
«Այսօր անձամբ եմ զրուցել Հայաստանի նախագահի հետ սահմանադրական բարեփոխումների շուրջ, ու սա ինձ համար մեծ պատիվ է` քննարկել նման կարևոր խնդիր նախագահի հետ: Ձեռնպահ կմնամ որակումներ տալուց, բայց ես նախագահ Սարգսյանին ասացի, որ քաղաքական հասունության նշան է, որ ձեր երկիրը ձեռնարկում է նման բարեփոխումներ: Անգամ Ֆրանսիայի նման երկրում դժվար է նման բարեփոխումներ իրականացնել, քանի որ անհրաժեշտ է ավելի լայն կոնսենսուս քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության կողմից»,- ասաց նա:
Լրագրողների հարցին, թե արդյո՞ք, իրենց կարծիքով, անհրաժեշտություն կա Հայաստանում իրականացնել սահմանադրական փոփոխություններ, ֆրանսիացի պատգամավորն ասաց. «Ես ուշադիր հետևում եմ սահմանադրական բարեփոխումների գործընթացին, դժվար է հաջողել այդ գործընթացը, բայց ինձ հետաքրքրում է ոչ թե էությունը, այլ գործընթացը: Եթե գործընթացը մինչև վերջ գնում է, ապա բերում է կոնսենսուսի քաղաքական ուժերի ու հանրային կարծիքի միջև»:
Ֆրանսիական պատվիրակությանը ուղեկցող ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը նշեց, որ Դաշնակցությունը ունեցել է իր մասնակցությունը սահմանադրական փոփոխությունների գործընթացում, քանի որ, սկսած 1995-ից, Դաշնակցությունը մշտապես բարձրաձայնել է խորհրդարանական կառավարման համակարգին ու 100 տոկոս համամասնական ընտրակարգին կողմ լինելու մասին:
«Այո, ճիշտ պահն է հիմա իրականացնել սահմանադրական փոփոխություններ, որովհետև Հայաստանում պետք է տեղի ունենան ընտրություններ, որոնք մեկ քայլ առաջ կտանեն Հայաստանը դեպի ժողովրդավարացում: Սփյուռքը ևս հետևում է այս գործընթացին: Եվ եթե սահմանադրական փոփոխությունները հանրաքվեով հաստատվեն, ապա դա կնշանակի արդիականացում, մեկ քայլ առաջ, որովհետև Սփյուռքն ապրում է հենց այդպիսի արդիականացված համակարգում ու սպասում է սահմանադրական փոփոխությունների»,- ասաց Փափազյանը: