Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն տեղեկացրել ենք, որ ազգայնական հայացքներով աչքի ընկնող թուրք պրոֆեսոր Հաքան Օքթայը երկօրյա այցով գտնվել է Հայաստանում եւ Երեւանի Հանրապետության հրապարակում լուսանկարվել' թուրքական ահաբեկչական «Գորշ գայլեր» կազմակերպության խորհրդանիշը ցուցադրելով: Նա այստեղ հանդիպումներ է ունեցել թուրքագետ Հակոբ Չաքրյանի, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի եւ «Անկախ» կայքի աշխատակիցների հետ եւ ֆեյսբուքյան իր էջում տեղադրել լուսանկարներ:
Օքթայը տեղադրել է նաեւ «Անկախ» կայքի հետ ունեցած հարցազրույցը' գրելով. «Շարունակում ենք տեղ գտնել երեւանյան մամուլում»: Ապա տեղադրել է լուսանկարներ կայքի աշխատակիցների հետ:
Թուրք ազգայնամոլի գրառումներից պարզվում է, որ կայքի աշխատողների հետ զրույցում տեղեկություններ է հավաքել Հայաստանի մամուլի մասին եւ վստահ է, որ շուտով Երեւանում կբացվի «Անադոլու» գործակալության գրասենյակ, «քանի որ Հայաստանում այն արդեն լայն ճանաչում է ձեռք բերել»:
Այս կապակցությամբ Yerkir.am-ին այդ հանդիպման մանրամասները ներկայացրեց «Անկախ» շաբաթաթերթի եւ կայքի գլխավոր խմբագիր Վարդուհի Իշխանյանը: Նա մեզ պատմեց, որ Հասան Օքթայը թուրքական «Անադոլու» գործակալության մի ներկայացուցչի ու Հայաստանում հայերեն սովորող մի թուրք երիտասարդի հետ կապ են հաստատել խմբագրության հետ ու ցանկություն հայտնել հանդիպելու:
«Մենք Հասան Օքթայից, որպես թուրք պատմաբան, մի անգամ հարցազրույց էինք վերցրել, բավականին նորմալ հարցազրույց էր, որտեղ նույնիսկ Ցեղասպանությանն էր անդրադարձ կատարվում: Ճիշտն ասած` հիմա լավ չեմ էլ հիշում, բայց ամեն դեպքում, ազգայնական հայացքներ չէր հայտնել, շատ հավասարակշռված հարցազրույց էր տվել: Ու երբ ասաց, որ թերթի այդ համարներն է ուզում, տվեցի իրեն այդ թերթը, շատ ուրախացավ իր հարցազրույցով, այնուհետեւ խոսեցինք մամուլի ազատության մասին` հարցրեց` Հայաստանում մամուլը ազա՞տ է, թե՞ ոչ: Ասացի, որ շատ ազատ է, ով ինչ ուզում, գրում է, որ այսպես ազատ երբեք չի եղել: Հարցրեց' իսկ Սովետական Միությունում ինչպե՞ս էր, ասացի, որ այն ժամանակ ազատ չէր, գրաքննության էր ենթարկվում»,- պատմեց Վարդուհի Իշխանյանը:
Այնուհետեւ Իշխանյանն է հարցրել, թե նրա՞նց մոտ ինչպես է մամուլի վիճակը: Հասան Օքթայն էլ պատասխանել է, թե իրենց մոտ 4-րդ իշխանության դերը մեծ է, որ եթե ինչ-որ բացահայտումներ են արվում պետական պաշտոնյաների մասին, դատախազությունը միանգամից արձագանքում է, մամուլը շատ մեծ ուժ ունի:
«Մամուլի ազատության մասին էինք զրուցում: Հետո ասաց, որ ուզում են Հայաստանում գործակալություն բացել' «Անադոլու» գործակալութայն մասնաճյուղը, հարցրեց, թե հայ հասարակությունն ինչպե՞ս կընդունի դա' ըստ մեզ: Մենք, սա լսելով, շատ զարմացանք, ասացինք, որ, Թուրքիայի կողմից արձանագրությունները չվավերացնելով, մեզ մոտ Թուրքիայի դեմ վատ տրամադրություններն ավելի մեծացան: Հետո մեր լրագրող Հայկուհի Բարսեղյանն ասաց, թե Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ գործակալություն բացելը կասկածներ է առաջացնում մեզ մոտ»,- ներկայացրեց «Անկախ»-ի խմբագիրը:
Այնուհետեւ, պատմեց Վարդուհի Իշխանյանը, իրենք հարցրել են, թե թուրքական գործակալության ինչին է պետք մասնաճյուղ ունենալը, եթե կարող են մեկ լրագրող պահել, օրինակ են բերել «Ֆրանսպրես»-ն ու «Ռոյթերս»-ը, որոնք Հայաստանում մեկական լրագրող ունեն, ու դա իրենց բավարարում է: Օքթայն էլ ասել է, թե Թուրքիայի քաղաքականությունն այժմ այնպիսին է, որ իրենք ամեն տեղ են ուզում մասնաճյուղեր բացել' Վրաստանում, Ադրբեջանում, Ռուսաստանում:
«Նորից հարցրեցինք, թե մեկ հոգին հերիք չէ, ինչների՞դ է պետք գրասենյակը, նա էլ, թե` սկզբնականի համար երեք հոգի պետք է լինեն' լրագրող, օպերատոր եւ ֆոտոլրագրող: Ընդ որում' նրանք երեք հոգով էին, մեկն արդեն մի քանի ամիս է` բնակվում է Հայաստանում, հայերեն է սովորում, ընդ որում` արդեն քանի ամիս էր, ինչ Հայաստանում էր, բայց հայերեն նորմալ խոսել էլ չէր կարողանում: Մյուսը «Անադոլու» գործակալության լրագրողն էր' ներկայացուցիչը, եւ երրորդը Հասան Օքթայն էր, ով «Անադոլու» գործակալության հետ կապ չունի, այլ հանդես էր գալիս որպես Կովկասում ռազմավարական հետազոտությունների ինչ-որ կենտրոնի պրոֆեսոր»,- պատմեց Վարդուհի Իշխանյանը:
Հետո, ըստ մեր զրուցակցի, Հասան Օքթայն ասել է, թե ինքն ուր գնում է, մարդկանց հետ լուսանկարվում է, եւ առաջարկել է միասին լուսանկարվել: Իրենք էլ համաձայնել են...
Օքթայը նաեւ հարցրել է, թե կուզի՞ արդյոք Վարդուհի Իշխանյանը, որ ինքն ամեն ամիս Թուրքիայի քաղաքական իրավիճակի մասին վերլուծական հոդվածներ ուղարկի: «Ասացի' ուղարկեք, կտեսնենք: Այնուհետեւ հարցուփորձ արեցի Թուրքիայի ներքաղաքական իրավիճակից: Այլ թեմաներով չենք էլ խոսել.. Երբ նրանք գնացին, մենք մտածեցինք, որ արժե գրել «Անադոլու» գործակալության' Հայաստանում ներկայացուցչություն բացելու մասին, իրազեկենք մարդկանց, որովհետեւ համարեցինք' շատ կարեւոր է, որ մարդիկ իմանան այդ մտադրության մասին: Գրեցինք, երեկ տեղադրեցինք մեր կայքում, բայց ոչ ոք բանի տեղ չդրեց մեր լրատվությունը: Իսկ այսօր արդեն մեծ հետաքրքրություն է առաջացրել հանդիպումը: Լավ էր, որ մենք մեր նյութով, փաստորեն, կանխեցինք գործակալության բացումը. մեծ աղմուկ բարձրացավ, այլապես կբացվեր ու փաստի առջեւ կկանգնեինք»,- եզրափակեց Վարդուհի Իշխանյանը' նշելով, թե Հասան Օքթայն ու նրա ընկերները հայտնել էին նաեւ, որ արդեն որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերել. Հյուսիսային պողոտայում տարածք էին ուզում վարձակալել' գործակալություն բացելու համար: