կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-21 15:35
Հասարակություն

Ազգային աղետից հետո, որն իրագործեց «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիրը, ՄԻԵԴ վճռի կապակցությամբ խնդրում եմ ինձ չշնորհավորել․ փաստաբան

Ազգային աղետից հետո, որն իրագործեց «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիրը, ՄԻԵԴ վճռի կապակցությամբ խնդրում եմ ինձ չշնորհավորել․ փաստաբան

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է այսօր հրապարակված ՄԻԵԴ վճռին, որով ՀՀ կառավարությունը «Հայկական ժամանակ» օրաթերթին պետք է 9 000 դոլար վճարի։

Աթանեսյանն այն փաստաբանն է, որ «Հայկական ժամանակի» գանգատը ներկայացրել է Եվրոպական դատարան։ 

«Անկախության օրը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է վճիռ, որով իմ կողմից դեռևս 2008 թվականին «Դարեսկիզբ» ՍՊԸ («Հայկական ժամանակ» օրաթերթ) անունից ներկայացված գանգատն ընդդեմ ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի 2008 թվականի մարտի 1-ի հրամանագրի, բավարարվել է: 

ՄԻԵԴ-ը այս գործով գտել է, որ հրամանագրով խախտվել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 10-րդ հոդվածը, դիմողի նկատմամբ խախտվել է նաև 6 հոդվածը՝ ներպետական դատարանները եղել են անհասանելի:

Իրավական առումով սա նշանակում է, որ մարտի 1-ի արտակարգ դրություն հայտարարելու հրամանագիրը այլևս օրինական չէ, և սա կարող է հանգեցնել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ նոր քրեական հետապնդումների:

Գանգատը ներկայացրել եմ ինքս, իմ նախաձեռնությամբ, նույնիսկ փոստային առաքումների համար վճարել եմ իմ գրպանից: «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն այդ գանգատի հետ ունեցել է խիստ ձևական կապ, նրանց ինտելեկտը մի առանձնապես չէր ներում հասկանալու, թե ինչ գանգատ է ներկայացվում:

Այն ժամանակ գործել եմ վստահությամբ, որ գանգատի բավարարումը կօգնի իմ երկրին լավ պետություն կառուցելու գործում: Հիմա, ազգային աղետից հետո, որը կազմակերպեց և իրագործեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, ունեմ շատ խառը զգացմունքներ այս վճռի վերաբերյալ և խնդրում եմ ինձ չշնորհավորել:

Մոռացա նշեմ, որ ձևական դիմումատուն վճռով կստանա 9000 եվրո՝ որպես բարոյական վնասի հատուցում...», - գրել է Տիգրան Աթանեսյանը։