կարևոր
1753 դիտում, 2 ժամ առաջ - 2025-11-06 21:00
Քաղաքական

Եթե ՔՊ–ն վերընտրվեց, Ադրբեջանը սկսելու է «Արևմտյան Ադրբեջան» ծրագրի իրականացումը. OC Media–ի բացահայտումների վտանգը

Եթե ՔՊ–ն վերընտրվեց, Ադրբեջանը սկսելու է «Արևմտյան Ադրբեջան» ծրագրի իրականացումը. OC Media–ի բացահայտումների վտանգը

Օրեր առաջ OC Media անկախ լրատվական հարթակը, որը լուսաբանում է Հյուսիսային և Հարավային Կովկասի տարածաշրջանները, բացահայտել է, թե ինչպես է Ադրբեջանի նախագահի աշխատակազմը համակարգել և ֆինանսավորել «Արևմտյան Ադրբեջան» նարատիվի միջազգային տարածումը։

ՀՀ նախկին օմբուդսմեն, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը, անդրադառնալով OC Media–ի հրապարակմանը, նշել է, որ անկախ լրատվամիջոցի այդ բացահայտումները «պատռել են ՀՀ իշխանությունների դեմքը»։

«Մեզ մոլորեցնում են, թե «Արևմտյան Ադրբեջան» կազմակերպությունը ՀԿ–ն է եւ կապ չունի Ադրբեջանի իշխանության հետ, սա Հայաստանը զավթելու կոնկրետ ռազմավարություն է, սա հարյուր հազարավոր ադրբեջանական քաղաքացիներով Հայաստանում բնակեցնելով, մեր երկիրն օկուպացնելու ծրագիր է։ Նրանք հատուկ են ստեղծել հասարակական կազմակերպություն, իբր հումանիզացրել են, մարդասիրական բնույթ են տվել, որ գնան աշխարհին էլ ասեն՝ սա մարդասիրական ծրագիր է, հո՞ չենք զավթում Հայաստանը։ Նպատակը՝ Հայաստանն ամբողջությամբ ադրբեջանցիներով բնակեցնելն է։ Իսկ ի՞նչ է անում Հայաստանի անպատասխանատու իշխանությունը. Վեհարանն է ազատագրում, որ ադրբեջանցիները գան էստեղ հով ու ապահով ապրեն։ Երկրորդ կեղծիք է, որ այս կազմակերպության տրամադրած անձը հաստատող փաստաթղթերը ընդամենն անդամատոմսեր են։ Եվ երրորդ, Ադրբեջանի նախագահը խոսում է երկու պայմանի մասին՝ անվտանգ վերադարձ եւ արժանապատիվ վերադարձ։ Անվտանգության մասին իրենք խոսում են, որ պետք է լինեն միջազգային զինված առաքելություններ, պատկերացնո՞ւմ եք՝ Հայաստանում պետք է լինեն զինված մարդիկ, որոնք պետք է վերահսկեն այդ ադրբեջանական քաղաքացիների անվտանգությունը։ Ի՞նչ է նշանակում արժանապատիվ վերադարձը, որ օրինակ, տեսնեն հերոսի նկար, ասելու են՝ հանեք, որ չմնան վիրավորված, գնալու են Սեւան, Վարդենիս նույն կերպ, պահանջելու են փոխել անունները։ Այս պայմանները նշանակում է, որ հայկականություն չպետք է լինի։ 2026թ.–ից հետո եթե ՔՊ–ն վերընտրվեց, շատ արագ սկսելու է այս ծրագրի իրականացումը, սա պետք է կանխել, որեւէ կերպ պետք է թույլ չտանք»,– ասել է Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում տարածված տեսանյութում։

NEWS.am–ի հետ զրույցում քաղաքագետ Բենյամին Մաթևոսյանը նշել է, որ հրապարակված փաստաթղթերը բացի այն, որ վկայում են այն մասին, որ Ադրբեջանը տարածքային պահանջներ է ներկայացնելու Հայաստանին, խոսում են նաև այն մասին, որ ՀՀ իշխանությունները փորձում են մանիպուլացնել հասարակությանը։

«Տեսեք, մենք ինչի ականատես եղանք. Ալիևն ասում է, որ քարտեզների վրա Սևան չկա, կա Գյոյչա: Փաշինյանն ասում է՝ դե ՀՀ–ում, օրինակ, պատգամավորները իրենց առջև դնում են Արցախի Հանրապետության դրոշը, Արցախ բառն են կիրառում, Ադրբեջանից էլ դրան արձագանք է լինում։ Մենք այստեղ, իսկապես, չափազանց մեծ, կոպիտ մանիպուլյացիայի հետ գործ ունենք: Տարբերությունն այն է, որ խոսքը պետական աջակցության մասին է։ «Արևմտյան Ադրբեջանը» ոչ թե պարզապես երևույթ է, այլ պետական նախագիծ, որը ֆինանսավորվում է նախագահի վարչակազմի կողմից», –ասաց քաղաքագետը՝ հիշեցնելով, որ վերջերս Բրյուսելում գագաթնաժողով էր կազմակերպվել՝ «Արևմտյան Ադրբեջան վերադարձի իրավունքի» վերաբերյալ:

Մաթևոսյանի խոսքով, ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, արշավի շրջանակներում սկսել են ցուցակագրել բոլոր նրանց, ովքեր «պետք է վերադառնան Արևմտյան Ադրբեջան» և ինչ գույքի են նրանք հավակնում։ Քաղաքագետը հիշեցրեց՝ մինչդեռ Հայաստանի իշխանությունները փորձում են խլել Արցախի ներկայացուցչության շենքը։

«Եթե 2026 թվականին Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի, հասարակությանը կամաց–կամաց պատրաստելու է նրան, որ ադրբեջանցիները պետք է «վերադառնան» Հայաստան։ Նրանց վերարտադրությունը Հայաստան կես միլիոն ադրբեջանցի է բերելու։

2021 թվականի ընտրություններից առաջ էլ ասում էին, որ պայքարելու են ընդհուպ մինչև Շուշի, Հադրութի դեօկուպացիա: Վերընտրվելուց հետո կամաց-կամաց սկսեցին նվազեցնել ոչ միայն Արցախի կարգավիճակի վերաբերյալ իրենց պատկերացումները, այլև հասարակությանը կամաց-կամաց սկսեցին պատրաստել կյանքին առանց Արցախի: Եվ վերջում հանձնեցին Արցախը, հազարավոր մարդիկ անտուն մնացին»,–ասաց Մաթևոսյանը։

Քաղաքագետի խոսքով, Հայաստանի իշխանությունը լռում է առկա վտանգի մասին, որպեսզի կարողանա վերարտադրվել առաջիկա խորհրդարանական ընտրություններում։ Բենիամին Մաթևոսյանի խոսքով, Ալիևի կողմից ակտիվորեն տարածվող «Արևմտյան Ադրբեջան» նարատիվից բխող վտանգները կանխելու միակ ճանապարհը Հայաստանի ներկայիս իշխանությունների հեռացումն է։