կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-16 16:23
Տնտեսական

Մեկ միասնական հարկ հողի ու դրա վրա կառուցված գույքի համար

Մեկ միասնական հարկ հողի ու դրա վրա կառուցված գույքի համար

Այսուհետ հողի ու դրա վրա կառուցված շինության համար անհրաժեշտ չի լինի առանձին-առանձին հողի հարկ ու գույքահարկ վճարել: Կառավարությունն այսօր հաստատեց եւ ԱԺ ուղարկեց «Անշարժ գույքի հարկի մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որով հողամասերն ու դրանց վրա կառուցված շինություններն ընդունվում են որպես միասնական հարկման օբյեկտ եւ դրանց համար սահմանվում է մեկ միասնական հարկ:

 

Օրենքի այս նախագծով` որպես անշարժ գույքի հարկով հարկման բազա են ընդունվում սահմանված կարգով գնահատված համապատասխան գույքի կադաստրային արժեքները, իսկ որպես անշարժ գույքի հարկման դրույքաչափեր` պահպանվում են ներկայումս գործող գույքահարկի եւ հողի հարկի դրույքաչափերը:

 

«Այսինքն' որեւէ այլ փոփոխություն չի կատարվում այդ մասով, եւ հարկը հաշվարկվում է որպես անշարժ գույք հանդիսացող հողամասերի եւ շինությւոնների նկատմամբ սահմանված դրույքաչափերով հաշվարկված հարկի գումարների հանրագումար: Պահպանվում են ներկայումս գործող արտոնությունների համակարգը եւ վճարումների կատարման պարբերականությունը' կազմակերպությունների համար' կիսամյակային, ֆիզիկական անձանց համար' տարեկան»,- նախագծի ներկայացման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը:

 

Նախարարը պարզաբանեց, որ վերացվում է կազմակերպությունների կողմից գույքահարկի եւ հողի հարկի հաշվարկների ներկայացման պահանջը եւ սահմանվում, որ կազմակերպությունների փոխարեն գույքային հարկերը հաշվարկում են համայնքները ու հարկային պարտավորության մասին ծանուցում հարկ վճարողներին: Դրանով իսկ կազմակերպությունների մասով գույքային հարկերի գանձման համակարգը համապատասխանեցվում է ֆիզիկական անձանց մասով կիրառվող համակարգին: Այսինքն' այս քայլով, անշարժ գույքի հարկի մասին միասնական հարկատեսակը ներառելով, կառավարությունը ցանկանում է մեկ հարկի մեջ միավորել երկու տարբեր հարկատեսակներ:

 

Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ հիշեցրեց, որ օրենքի կիրառումը ենթադրվում է 2015 թվականի հունվարի 1-ից, ինչը նշանակում է, որ պետք է հնարավորինս շուտ օրենքն ընդունվի, որպեսզի համայնքները պատրաստվեն եւ ի վիճակի լինեն այս օրենքն ի կատար ածել:

 

Վարչապետն այս նախգծի մասին իր կարծիքը հայտնեց ու ասաց, թե այն լավ օրենք է այն առումով, որ հարկային վարչարարությունն է հեշտացվում, հաշվետվությունների քանակն է նվազում, թե' տնտեսվարող սուբյեկտների եւ թե' քաղաքացիների համար ավելի հեշտ է լինում առնչվել պետության հետ իրենց հարկային պարտավորություունները կատարելիս: Վարչապետը համոզմունք հայտնեց, որ բիզնես միջավայրի առումով էլ այս օրենքը  դրական արդյունք է ունենալու: