Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վլադիմիր Նաբոկովը (1899-1977) խոսքի մոգերից էր: Նրա ստեղ ծագործությունները բնորոշում են գրական բարդ տեխնիկան, գործող անձանց-հերոսների հոգեվիճակի խոր վերլուծությունները, գրավիչ սյուժեն: «Մաշենկան», «Լուժինի պաշտպանությունը», «Մահապատժի հրավեր» եւ այլ վեպեր բարձր են գնահատել գիտակները: Նրան մեծ ճանաչման է արժանացրել «Լոլիտան», որն ունեցել է մի քանի էկրանացում:
Խիստ ուշագրավ են նաեւ Նաբոկովի բանաստեղծությունները, մասնավորապես՝ սա. «Փառքը»:
Ավագ ԵՓՐԵՄՅԱՆ
Պարտադիր չէ, որ էմիգրացիան երկրից հեռանալը լինի։ Դա երբեմն նաեւ երկրի հեռանալն է քեզնից։ Դա մի վիճակ է, երբ արթնանում ես նոր աշխարհում եւ զգում, որ բացարձակապես հարկավոր չես նրան։ Գիտե՞ք, թե ինչպես է հայտնվել պոեզիան։ Ինձ թվում է, թե այն սկսվել է նախապատմական մի տղայից, որը հետ՝ դեպի քարանձավն էր վազում, մարդահասակ խոտերի միջով, հընթացս բղավելով. «Գա՛յլը, գա՛յլը» - իսկ գայլ իսկի չէր էլ եղել։ Նրա բաբուինադեմ ծնողները՝ ճշմարտության հավատավոր կողմնակիցներ, հավանաբար մի լավ քոթակ կերցրին նրան, բայց պոեզիան ծնվեց - երկար մի պատմություն ծնվեց բարձր խոտերում։ Իմ ցանկությունները բավական համեստ են. պետությունների ղեկավարների նկարները չպետք է գերազանցեն սովորական նամականիշի չափերը։ Կյանքը մեծ անակնկալ է։ Հնարավոր է, որ մահն ավելի մեծ մի անակնկալ լինի։
Վլադիմիր ՆԱԲՈԿՈՎ
ՓԱՌՔԸ
Եւ ահա մտնում է, ասես թե՝ ակերով - ոտքի տակ,
ազազուն ու մոմեղ, սեւ մուր՝ կարմիր պնչում,
եւ նստել ու չեմ կարենում որոշել, մարդ է դա,
թե հենց այնպես - խոսող, զրուցասեր աճյուն։
Լկտի ուզվորի պես, հանրակացարանի պատուհասի,
որպես մանկության չարագույժ ընկեր, կամ ավագ գործակալ
(մի տեսակ շչախոս շշուկով, չե՞ք ասի,
ի՞նչ էիք անում դուք այն տեղ), հանց երազ անակնկալ,
հանց դահիճ, գործակալ, չարագույժ ընկեր մանկության,
ինչպես բալկանյան նորավեպ, ազդված, էն ի՞նչ էր,
սիմվոլիստներից, բայց՝ էլ վատ։ Բաներ կան, բաներ կան,
որ... նույնիսկ... (Ակակի Ակակիեւիչը
սիրում էր, եթե հիշում եք, «խոսքի որոմ ու մոլախոտ»,
եւ նա հենց Բարբառ է, հյուրս, որ մոմից է),
եւ սիրտս ձգտում է, սիրտս ընկնում է ձեռուոտ,
եւ ես չեմկարենում։ Իսկ նրա զրույցը
կարծես փլվածք է, սարն ի վար անկում է, զառիկող,
եւ թլվատն ու հեզը պիտի լսեն այդպիսի մի բարբառ,
եւ լինեն միմիայն առույգ պարոնին ունկնդրող,
քանի որ իրենք անբառ են, եւ քանիոր՝ անփառք։
Որպես խղճի ծաղրանմանակում՝ դրամայում ճղճիմ,
որպես դահիճ ու դող, լույսի վերջին բողբոջ,
օ, բարձրացիր, ալիք, լռությունը շնորհակալ է եւ այդ շնչի -
եռաբարդ մեղեդու համար այդ։ Ոչ,
հնչյուններն այդ վեր են լեզվիս ուժից,
զի խոսում է հյուրս - ծանրակշիռ այնպես,
պարոնայք, եւ այնպես ուրախ, եւ ծնունդն այդ իժի
պանամա է կրում, մերթ սաղավարտ ու մերթ ֆուրաժկա, ֆես.
տարբեր իրեղ փաստարկների ցուցադրանք,
գլխարկները, ինչպես մտքեր՝ դրսի կողմից,
կամ, հնարավոր է, ա՛յ քեզ զարմանք,
թե կատակասերը դրանով ցույց տար ինձ,
որ ես երկրներն եմ փոխել, որպես կեղծ փող,
շտապով, վախենալով հետ շրջվելուց,
որպես թե ուրվական մի երկփեղկվող,
երկու հայելու մեջ դրված մոմ, լողալով դեպ վերջալույս։
Դեպի այն մարգերը, որտեղ երեխա՝ բաց թողնելով
ապոլոնին՝ լաց եմ եղել, եւ էլ հեռու,
մինչ եղեւնու պուրակ - մութի հաստ զոլերով,
որոնց միջով միջօրեն էր խցկվում եռուն։
Բայց բառն իմ կամուրջ է ողջ աշխարհի միջով,
եւ ես, ինչպես ճաղե ստվերների փունջը,
ծպտյալ անց եմ կենում անվերջ այդ կամրջով
դեպի հայրենիքիս վառվող աղջամուղջը։
Ես ինձ կուռք եմ տեսնում, կախարդ, թռչունաձեւ
գլխով, ձեռնոցներով զմրուխտ, հագած-կապած
լազուր թեփուկ։ Անց եմ կենում։ Վերընթերցեք
այս տողերը եւ կանգ առեք ապա։
Ուղերձ առ գոյություն չունեցողներ, սակայն
կամուրջ չէ խշշոցն այդ, այլ շղթա ամպերի,
եւ զուրկ ամենապարզ բարիքներից անգամ
(որ է՜ հասնելն աչքին, արմունկ ու քունքերին),
«քո թշվառ գրքերը», նետեց նա համարձակ,
«անհույս պիտի կորչեն արտաքսման մեջ։ Այդ է.
երեք հարյուր մամուլ պարապ գիրն այդ արձակ
ցրիվ կգա, սակայն իսկական սաղարթը –
կա՝ թե որտեղ ընկնի, թխկու մանուշակե
արյամբ ցողված կածան կա, կա Ռուսաստան,
շեմք կա, ուր դարսվում են մուսաները ոսկե,
առվակներ կան, իսկ քո գրքերն աստանդ,
անջրանցք ու անշեմք, անարահետ, անհող,
կընկնեն դատարկի մեջ, ուր դու ճյուղ ես տնկել,
հանցանշնորհ դերվիշ՝ կեղծիքի չդիմող,
նա չի կարող երկար ծխե օդում ծաղկել։
Եւ ո՞վ աշնանային գիշերում, ո՞վ, ինչո՞ւ,
ռուսաց ծայրամասում, լամպով, քուրքը հագին,
ծխախոտի պարկուճների, ինչ-որ թեփի միջում
եւ այլ լուսավորված անպարզությանց կողքին,
ո՞վ կխորասուզվի քո արձակի էջում
խուլ աղմուկի ներքո բուռն անձրեւազարկի,
որտեղ ահագնացող խշխշոցը կեչու
բարձրացնում է գիրքն իր մակարդակին։
Ոչ, ոչ ոք ու երբեք լայնությո նում այն մեծ
չի հիշատակելու մեկն անգամ բազում էջերիդ,
արդ վայրին կմնա վայրի անտեղյակության մեջ,
եւ քեզ համար իր ստեպը չի մոռանա ընկերը ստեպների։
Երկար բանաստեղծության մեջ գրողի՝ «Փառքը» վերնագրով,
այսպես ասած, գրավում է խնդիրը, չարչարում
ընթերցողի գիտակցությանն առնչվելու միտքը։ Ցավոք,
դա էլ է ժամանակի հետ հավերժ մարում։
Կրկնիր իմ հետեւից, որպես զի քաղցրանուշ խոցում
մինչեւ վերջ, մինչեւ երկինքը ճանկռտես, ո՜չ, երբե՜ք, անգամ
չի առկայծի իմ անունը - լոկ գուցե հատուկ մի գործում
(ինչպես աստղն է առկայծում ամպերում ողբերգական),
ծանոթագրման մեջ՝ վտարանդիական մի գերեզմանոցի
անվանման հետ մեկտեղ, եւ միեւնույն շարքում գրված
անունների կողքին եղբայրակիցներիս - ուղղագրության գծի՝
տեղի պարագայով անձիս պարտադրված։
Կրկնեցի՞ր։ Բայց եղել է, եւ ոչ առանց շուքի,
գրոտել ես նաեւ լեզվով լրիվ օտար,
եւ հիշիր բացառիկ անիսոնի համն այն ճիգ ու ջանքի,
ջղաձգումներն այն անձկության մեջ բառակատար։
Եւ տեսիլք մի. հայրենիքում։ Վարպետ։ Աննկուն կամք։
Ամբարտավան։ Սակայն ձեռք չեն տա։ Վեհերոտ
թարգմանություն, հատված։ Երկրպագուներ ու։ Եվրոպական
արժեք։ Ամառանոց Ալուշտայում։ Հերոս»։
Ծիծաղում եմ այդ ժամ, եւ գրչից
սիրելի անապեստն է թռչում,
գրերը դառնում են ոսկեժիր՝
հրթիռներ գիշերվա մութ միջում։
Իսկ ես՝ գոհ, որ իմ խիղճը անսեր՝
սեւ մտքի, միտումի փուչ կավատ,
չդիպավ ծածուկին, ու ես էլ
երջանիկ եմ այսօր, անխավար։
Գաղտնիքն այդ՝ լյա-լյա-լյա, սի-սի-սի.
ստույգ ասել – չեմ ուզում։ Ու կրկին
իմ ծիծաղն է շարժում տենչը սին՝
ընթերցող ու մարմին ու փառքի։
Անմարմին աճեցի՝ եմ առանց արձագանք,
եւ ինձ հետ՝ գաղտնիքս - ամեն ժամ, ամեն օր։
բաժանումն երկրիս հետ բան է մի մասնավոր։
Խոսք չունեմ, կաս հմուտ, օ, գիշեր, գաղտնաթեւ,
եւ սակայն աստղերի տակ դրի ես տառեր,
եւ իմ մեջ կարդացի, թե ինչպես ինձ հաղթեմ,
ստույգ ասել՝ իրավունք չեմ առել։
Չգերված ես երբեք մեծ ու ղու հմայքով,
տենչերով՝ վառ լույսեր զգեցած դարերում,
անաստված մնացի, եւ սակայն՝ մեծ հոգով,
անհամար կուռքերով վխտացող աշխարհում։
Բայց մի օր ըմբռնման շերտերի ճեղքերից,
խորացած ինքս իմ գաղտնիքում հիմնական,
ես տեսա, որպես թե հայելում՝ աշխարհն, ինձ,
եւ այլ բան, մի այլ բան, մի այլ բան