Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր լրագրողների հետ հանդիպման էին եկել ռուսաստանցի տնտեսագետ-գիտնականներ Սվետլանա Գլինկինան ու Ազա Միհրանյանը` խոսելու ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հեռանկարների մասին, թե ինչպես պետք է նվազեցնել ռիսկերը և օգտվել այդ ինտեգրման շանսերից: Ճիշտ է, նրանք այպես էլ չներկայացրեցին իրենց առաջարկներն ու ուսումնասիրությունները, միայն նշեցին, որ Հայաստանի ԵՏՄ անդամակցությունից ընդամենը երեք ամիս է անցել, իսկ դա շատ աննշան ժամանակահատված է, որպեսզի խոսեն առաջընթացի մասին:
«Իհարկե, կան խնդիրներ` կապված տեխնիկական ձևակերպումների ու նոր տնտեսական միությանն ադապտացվելու հետ, բայց ընդամենը 3 ամիս է անցել: Եվ հետո` ԵՏՄ-ն չի լուծում ազգային տնտեսական հարցեր, այն ընդամենը հնարավորություն, շանս է տալիս իրացման նոր ու մեծ շուկաներ գտնելու համար: Կարծում եմ` կանցնի ևս 6 ամիս, և արդեն նկատելի կլինեն առաջին շոշափելի արդյունքները առևտրաշրջանառության ոլորտում: Այնպես որ` պետք է դանդաղ շտապել»,- ասաց Ազա Միհրանյանը:
Իսկ տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սվետլանա Գլինկինան նշեց, որ կան օբյեկտիվ խնդիրներ, որոնք հնարավոր չէ լուծել կարճ ժամանակահատվածում, օրինակ` Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները, ռուբլու արժեզրկումը: Նրա խոսքով` անկախ այն բանից` Հայաստանը կանդամակցեր ԵՏՄ-ին, թե` ոչ, միևնույն է, ռուբլու արժեզրկումը բացասաբար էր անդրադառնալու Հայաստանի տնտեսության վրա: Նա հավելեց, որ պետք է մտածել նաև այլընտրանքային լուծումների մասին, որպեսզի շատ ցավոտ չլինի ԵՏՄ ինտեգրացիոն ընտրությունը Հայաստանի համար:
«Ինքներդ եք հասկանում, որ կան աշխարհաքաղաքական խնդիրներ, որ պատժամիջոցները ոչ միայն տնտեսական բնույթ ունեն, այլև քաղաքական: Պետք չէ պատրանքներ ունենալ, թե մոտ ապագայում ԵՏՄ հետ կապված բոլոր հույսերը կարդարանան: Դժվար է ասել` ինչ կլինի, բայց ինչպես Վլադիմիր Վլադիմիրովիչն է ասել, ներողություն` Վլադիմիր Իլյիչն է ասել` սովորել, սովորել, սովորել, այս դեպքում պետք է ասել`աշխատել, աշխատել, աշխատել»,- ասաց Սվետլանա Գլինկինան:
Yerkir.am-ի այն հարցին` իսկ չե՞ն մտածում, որ դանդաղ շտապելը Հայաստանի տնտեսության համար կարող է կործանարար լինել, Ազա Միհրանյանը պատասխանեց. «Իսկ ի՞նչ հիմքեր կան նման մտահոգությունների համար, չեմ հասկանում: Հայաստանի տնտեսության մեջ չկան բացասական կամ կրիտիկական ցուցանիշներ: Հնարավոր է, որ աճի տեմպերը դանդաղ են, բայց դրանք կարճ ժամանակում չեն կարող լուծվել: Այնպես որ` նման հարցերը պոպուլիզմ են ու բացասաբար են անդրադառնում ազգաբնակչության տրամադրությունների վրա` նրանց մոլորության մեջ գցելով»: