կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-11 12:03
Տարածաշրջան

Հայրս հայության մի մասնիկն է. Ս.Նիշանյանի նախկին կնոջ և որդու հարցազրույցը

Հայրս հայության մի մասնիկն է. Ս.Նիշանյանի նախկին կնոջ և որդու հարցազրույցը

Հունվարի 2-ին «կնիք կեղծելու և ապօրինի շինությունների» մեղադրանքով երկու տարվա ազատազրկման ենթարկված Սևան Նիշանյանի մասին պատմել են նրա նախկին կինն ու որդին՝ Արսեն Նիշանյանը:

 

Ըստ Agos-ի` լրագրող Լորա Սարըն այցելել է Սևանյանի գյուղ՝ Շիրինջե, և հարցազրույց ունեցել նրա նախկին կնոջ և որդու հետ:

 

Ստորև, զգալի կրճատումներով, ներկայացնում ենք հարցազրույցը:

 

-Գիտենք, թե ինչպես են Ձեր միջոցով սկսվել Ս.Նիշանյանի  արկածները Շիրինջեում: Ի՞նչ կասեք այդ մասին:

- 30 տարի առաջ այս գյուղը եկա: Տեսնելով այն՝ սիրահարվեցի: Ասացի՝ կմնամ ու կյանքս այստեղ կշարունակեմ: Բոլորը մտածեցին՝ խենթ եմ: Գտա մի տուն, բարեբախտաբար, լուսավոր էր: Գնեցի այն: Շինարարության ապրանքները էշերի վրա բեռնած՝ բերեցինք տուն և սկսեցինք աշխատանքները: Ուզում էի, որ առաստաղը բարձր լիներ: Այնպիսի առաստաղ սարքեցին, որ մի կողմից` ճեղքերից երկինքն էի տեսնում, մյուս կողմից՝ անձրևում էր:

 

- Երբևէ չե՞ք փորձել կանխել Նիշանյանին:

- Ես այս հարաբերության մեջ միշտ հավասարակշռություն պահողը եղա: Մի կողմից Սևանին ասում էի՝ չանենք, սպասենք, ըստ օրենքի շարժվենք, բայց մյուս կողմից էլ գիտակցում էի, որ օրենքով շարժվելու դեպքում մինչ օրս չէինք կարող ոչնչի հասնել: Ինը տարի շինարարությունը շարունակեցինք: Իհարկե, սա պետության ուշադրությունը գրավեց: Բացի այդ` մեր` Շիրինջեի կայքը բացեցինք, որը որոշ մարդկանց «գործին խփեց», և, բնականաբար, Սևանը թշնամի ճանաչվեց:

 

- Ինչո՞ւ միայն Սևանը թշնամի ճանաչվեց, և ոչ դուք՝ երկուսով:

- Պատճառն այն է, որ Սևանը անձնավորությամբ միշտ աչքի էր ընկնում: Մեկ օրվա մեջ նրա նկատմամբ 9-10 դատական գործ հարուցվեց: Դատերից ամենածիծաղելին երկուսն էին: Առաջինը՝ գյուղում շատրվան կառուցելու, երկրորդը՝ գյուղում ճանապարհները նորոգելու համար: Այդ ժամանակ հասկացա, որ օրենքը չի ճանաչում ո՛չ գեղեցկություն, ո՛չ տգեղություն:

 

- Այս գործը սկսելիս մտածո՞ւմ էիք, որ սա մինչև դատարան կձգվի:

- Սևանի 2002 թվի երկու բանտարկությունները հենց այս պատճառով էր: Առաջին անգամ, երբ բանտարկվեց, չէի մտածում նման բանի մասին: Մաղթում եմ, որ այս բանտարկությունն արագ անցնի: Սևանի նկատմամբ, ընդհանուր առմամբ, 19 դատական գործ էր հարուցվել: Կասկած չունեմ, որ նրա գործերը որոշ կառույցների անհանգստություն են պատճառում: Թուրքիայում «մտքի ազատություն» կա, բայց, քանի որ Սևանին «մտքի ազատության» մեղադրանքով չէին կարող բանտարկել, դա արեցին՝ պատճառաբանելով իր գործերը:

 

- Երբ նրա հետ ծանոթացաք, դարձյալ այսքան համարձա՞կ ու անվա՞խ էր:

- Այո, ես դա զգում էի: Սևանը մի բնավորություն ունի՝ սիրում է բոլորի հետ գլուխ դնել: Շատ լավ ճաշ է եփում: Արդեն դրանով սիրտս գերեց: Գիտելիքային առումով՝ նույնպես: Բացի այդ` շատ անվախ է: Պետությանը դիմակայել չի վախենում: Սա հաճախ սարսափեցնում է:

 

-Նրա հետ կյանք կիսելը Ձեզ վրա ինչպիսի՞ ազդեցություն է ունեցել:

-Սկզբնական շրջանում ասում էի՝ օ, նման տղամարդիկ էլ կան: Մենք իրար հետ լեռները կբարձրանանք: Սակայն հետագա տարիներին՝ Շիրինջեում, ես անընդհատ նրան կանխելու, հավասարակշռությունը պահողի դերն էի ստանձնել: Այդ իսկ պատճառով մեր հարաբերության մեջ տարաձայնություններ առաջացան:

 

-Ձեր կարծիքով` Դուք ի՞նչ ազդեցություն եք ունեցել նրա վրա:

-Չեմ կարծում՝ նման բան եղած կլինի: Պետք է այս հարցը նրան ուղղեք:

 

-Ամուսնալուծությունից հետո Ձեր ընկերությունը կարողացաք շարունակել: Քչերն են կարողանում դա անել, չէ՞:

-Այո, ես դրանով հպարտ եմ: Առաջինը՝ իմ երեք զավակների հայրն է, և հպարտ եմ այդ փաստով: Չնայած ամուսնալուծությանը՝ մենք մեկ ընտանիք ենք:

 

-Տեսնելով ձեր կառուցածները՝ ի՞նչ եք զգում:

-Հավատում եմ, որ յուրաքանչյուր ոք պետք է ինքն իր տունը կառուցի: Նայելով մեր տնկած ծառերին՝ մտածում եմ` այսքան տարի՞ է անցել:

 

-Սևանը բանտարկվեց: Կարծում եմ` այս անգամ ավելի հանգիստ եք: 

-Այո՛: Որովհետև նրան սիրողները նրա հետ են: Նա միայնակ չէ:

 

Հարցազրուց՝ Նիշյանյանի որդի՝ Արսեն Նիշանյանի հետ

 

-Որպես Նիշանյանի որդի` ի՞նչպիսի զգացում է ապրել Շիրինջեում:

-Շիրինջեում երկու տեսակ մարդկանց հետ էի շփվում. Առաջինը՝ գյուղի երեխաները, երկրորդը՝ հորս ընկերները: Մինչև 9 տարեկան կարծում էի, որ աշխարհում, այդ երկու տեսակից բացի, ոչինչ չես կարող լինել՝ կա'մ գյուղացի երեխաների նման, կա'մ էլ՝ հորս: Ինձ համար լավ կյանք վարելը հավասարազոր էր Սևան Նիշանյան լինելուն: Հայրս իմ իդեալն էր: Հեշտ է նրա նման լինել ցանկանալը, սակայն դժվարը լինելն է:

 

-Այժմ ի՞նչպես է ձեր` հայր-որդի հարաբերությունը:

-Առաջ, երբ հորս մոտ էի լինում, թվում էր՝ խեղդվում եմ: Իսկ հիմա նրա հետ ժամանակ անցկացնելուց շատ մեծ հաճույք եմ զգում: Հայրս ինձ միշտ խրատել է, բայց երբեք չի պարտադրել: Հորս նման անվախ եմ: Հնարավոր է, որ անձնավորությունս նրա չափ ուժեղ չէ կամ նրա չափ խելացի, բայց գիտեմ, որ ինձ ճիշտ ուղու վրա է դրել: Բացի այդ` հայրս իր հայ լինելը ճիշտ է օգտագործում: Նա հայության մի մասնիկն է և չի վարանում բացահայտորեն ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: