կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-10 16:30
Առանց Կատեգորիա

Կհաջողվի՞ Բաքվին կասեցնել Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին

Կհաջողվի՞ Բաքվին կասեցնել  Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին

Դեկտեմբերի վերջին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական կապերի բաժնի պետ Ալի Հասանովը հայտարարեց, թե Ադրբեջանը պաշտոնապես բողոքում է Մաքսային միությանը Հայաստանի միանալու դեմ: Հասանովը դա պատճառաբանել էր ԼՂ հակամարտությամբ, որի չլուծված լինելու պարագայում Հայաստանի անդամակցությունը որևէ կազմակերպության միջազգային իրավունքի և սկզբունքների կոպիտ խախտում է: Այս հայտարարությունը պաշտոնական Բաքուն հնչեցրեց Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից գրեթե անմիջապես հետո, որի ընթացքում Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Հայաստանի նախագահները հաստատեցին Մաքսային միությանը Հայաստանի միանալու «ճանապարհային քարտեզը» և հստակեցվեց վերջնական անդամակցության մոտավոր ժամկետը:

 

Հասանովն, իհարկե, իր հայտարարության մեջ չէր նշել, թե միջազգային իրավունքի հատկապես որ նորմերն ու սկզբունքներն են խախտվում` ՄՄ-ին Հայաստանի միանալով: Եվ դա պատահական բացթողում չէ: Իրականում նման խնդիր գոյություն չունի: Հակառակ դեպքում թե' Հայաստանը, թե' Ադրբեջանը, որն, ի տարբերություն Հայաստանի, հենց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 1992-93թթ. հայտնի 4 բանաձևերով հանդիսանում է ԼՂ հակամարտության կողմ, 2001թ. չպետք է անդամակցեին Եվրոպայի խորհրդին, առավել ևս` 1992թ.-ին` հակամարտության ամենաթեժ շրջանում, չպետք է անդամակցեին ԵԱՀԿ-ին: Սակայն Հասանովի հայտարարության մեխն այն է, որ Հայաստանի անդամակցությունը հնարավոր չէ ԼՂ հակամարտության գոտում սահմանի անորոշության պատճառով, ինչը բխում է Հայաստանին ագրեսոր ներկայացնելու` նրա ստանդարտ դիվանագիտական-քարոզչական քաղաքականությունից: Բայց այստեղ էլ Ադրբեջանի հաշվարկները սխալ են դուրս գալիս: Որովհետև Հայաստանը անկախություն է հռչակել և ՄԱԿ-ին 1991թ. անդամակցել իր ներկայիս պետական սահմաններով: Եթե Ադրբեջանը սահմանային խնդիրներ ունի էլ, ապա միմիայն Լեռնային Ղարաբաղի չճանաչված հանրապետության հետ, որն, իր հերթին, ինքնորոշվել է իր ներկայիս սահմանների շրջանակում:

 

Ակնհայտ է, որ ՄՄ-ին Հայաստանի միանալու դեմ պաշտոնական բողոքն ուղղված է այդ միության անդամ երկրներին: Բաքուն որոշեց խոսել միայն այն բանից հետո, երբ այդ կառույցին Հայաստանի միանալու հարցը մտավ վերջնական և գոնե հիմա անշրջելի թվացող փուլ: Սա ցույց է տալիս, որ մինչև վերջին պահը Բաքուն հույս ուներ, որ դա կա'մ տեղի չի ունենա, կա'մ հնարավոր կլինի ժամանակավորապես կասեցնել, եւ հույսը դնում էր Ղազախստանի, մասամբ նաև Բելառուսի նախագահների վրա: Բաքվում թերևս հավատում էին, որ նրանք, ելնելով Ադրբեջանի հետ ավելի սերտ առևտրատնտեսական ու քաղաքական հարաբերությունները չվտանգելու առաջնայնությունից, կկարողանան ճնշում գործադրել Պուտինի վրա և Հայաստանի անդամակցությանը հասնելու հարցում մտքափոխել նրան: Դա չհաջողվեց: Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի մոսկովյան նիստի ընթացքում` Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզի» հաստատումից առաջ, Նազարբաևը հայտարարեց, թե Ղազախստանը կստորագրի այդ փաստաթուղթը` հատուկ կարծիք կցելով, ԼՂ հիմնահարցով պայմանավորված, հակամարտության գոտում Մաքսային միության սահմանները հստակեցնելու վերաբերյալ: Թեև պաշտոնական տեղեկատվություն չկա այն մասին` այդ կարծիքը, հայտարարությունից բացի, ֆորմալ փաստաթղթային տեսք ստացե՞լ է, թե՞ ոչ, սակայն փաստն այն է, որ Նազարբաևը ստորագրել է «ճանապարհային քարտեզը», այսինքն` Պուտինին կոտրել չի հաջողվել:

 

Տարեվերջին կազմակերպված ասուլիսում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, անդրադառնալով այդ հարցին, նշել էր, որ Նազարբաևի հայտարարությունը լուրջ քննարկման առարկա է դարձել մոսկովյան գագաթաժողովում, սակայն Սերժ Սարգսյանը հստակ հայտարարել է, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև սահմանակետեր չեն դրվելու: Այլ կերպ ասած` համաձայնեցվել է, որ Մաքսային միության սահմանները չեն անցնելու ԼՂՀ-ի և Հայաստանի արանքով:

 

Թվում է, թե պաշտոնական Բաքուն իր պաշտոնական դժգոհությունը չափազանց ուշացած է արտահայտում: Իրականում, սակայն, այն ուղղված է ապագային, ավելի կոնկրետ` մինչև այս տարվա հունիս, որը համարվում է Հայաստանի վերջնական անդամակցության հնարավոր վերջնաժամկետը: Բաքուն այս հայտարարությամբ պարզապես փորձում է ճնշում բանեցնել Ղազախստանի վրա` նրան ինչ-որ իմաստով կանգնեցնելով երկընտրանքի առջև` կա'մ իր հետ ջերմ, ստրատեգիական հարաբերությունների ապագան, կա'մ Հայաստանի անդամակցության նկատմամբ վետոյի կիրառում: Նույնը, փոքր-ինչ ավելի մեղմ, արվում է նաև Բելառուսի նկատմամբ, սակայն, ի տարբերություն Աստանայի, Մինսկի, առավել ևս` Մոսկվայի վրա լուրջ ներգործության ռեսուրս Բաքուն չունի: Եվ այս իմաստով խնդիրն արդեն տեղափոխվում է Ադրբեջան-Ղազախստան և Ղազախստան-Ռուսաստան հարաբերությունների կոնտեքստ, որոնք առաջիկայում կարող են հետաքրքրական դրսևորումներ ի հայտ բերել:

 

Հատկանշական մյուս պահն այն է, որ պաշտոնական Բաքուն դժգոհությունն արտահայտում է երրորդական չինովնիկի մակարդակով և այսքան ուշ: Սա կարող է նշանակել, որ Ալիևի վարչակազմը դեռևս մինչև վերջ չի կարողանում ըմբռնել` որքանո՞վ է իր շահերից բխում կամ շահերին հակասում  Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին, ուստի չի շտապում ժամանակից շուտ «բոբիկանալ»: Մի կողմից` նա թերևս հույս ունի, որ Ղազախստան-Բելառուս երկյակը կկարողանա հասնել նրան, որ Հայաստանի և ԼՂ-ի միջև մաքսակետեր դրվեն` դրանից բխող` իր համար շահեկան հետևանքներով: Մյուս կողմից` հասկանում է, որ Հայաստանին ՄՄ ներքաշելու` Մոսկվայի համառության հիմնական նպատակներից մեկը նաև Ադրբեջանին այդ կառույց, հետագայում նաև` Մաքսային տնտեսական միություն ներքաշելն է, և ԼՂ հարցն այս իմաստով Մոսկվան օգտագործում է որպես իր պարանոցը սեղմելու օղակ:

 

Բայց մեծ հաշվով Բաքուն առայժմ լուրջ մտահոգության կարիք չունի: Նախ` դեռ հարց է` այդ անդամակցությունից հենց Հայաստանը կշահի՞, թե՞ ոչ, և երկրորդ` մյուս բոլոր տնտեսական կառույցներին` Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, ԱՊՀ ազատ առևտրի գոտուն Հայաստանի միանալու դեպքում սահմանային անցակետերի հարց չի դրվել, և պարզ է որ այս հարցում ևս գործի է դրվելու պարզունակ` «աչք փակելու» տակտիկան: Պարզապես սա առիթ է` պղտոր ջրում ձուկ որսալու, և Բաքուն մտնում է խաղի մեջ:

 

Գևորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ