կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-15 18:00
Քաղաքական

Ղրղզստանը, ի տարբերություն Հայաստանի, կարողացավ ԵՏՄ-ին իր անդամակցությունը շատ թանկ վաճառել

Ղրղզստանը, ի տարբերություն Հայաստանի, կարողացավ ԵՏՄ-ին իր անդամակցությունը շատ թանկ վաճառել

Այսօր ԱԺ-ում քննարկվում է ՀՀ նախագահի կողմից ստորագրված` Ղրղզստանի կողմից ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագիրը Հայաստանի կողմից վավերացնելու հարցը:

Հարակից զեկույցով ելույթ ունեցավ ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հարց ուղղեց նրան` ասելով, որ թեև որոշել էր այդ թեմայով չխոսել այլևս, բայց հնչում են զարմանահրաշ մտքեր, որոնց չի կարող չարձագանքել:

«Խնդրում եմ` մի քիչ անկեղծ լինենք, ճշմարիտ խոսենք իրար հետ: Ինչպե՞ս թե՝ որևէ քաղաքական բան չկա, այս կառույցը սառը պատերազմ է վերածնել, աշխարհը երրորդ աշխարհամարտի շեմին է էս պրոյեկտի պատճառով, իսկ դուք ասում եք` Ուկրաինան եթե ցանկանա` կմիանա ԵՏՄ-ին: Ուկրաինայում պատերազմ է, որովհետև Ուկրաինան չուզեց մտնել ԵՏՄ: Մենք չենք ըմբռնում, որ կառավարությունը գալիս է էստեղ ու հեքիաթներ պատմում: Ղրղզստանի հետ 6 միլիոնանոց շուկա ունեինք 25 տարի, ո՞վ էր մեզ խանգարում նախկինում այդ երկրի հետ արտահանումով զբաղվել, այնպես որ` դա մեզ տնտեսական առումով բան չի տալու»,- ասաց պատգամավորը:

Արտակ Զաքարյանը պատասխանեց. «Բիզնեսմեններին պետք է հարցնել, թե ինչն իրենց խանգարել Ղրղզստանի հետ առևտուր անել, կարող էին խանգարել մաքսադրույքները: Այն, որ շուկայի առումով ընդլայնում է տեղի ունենալու, դա հաշվարկ է: Այլ խնդիրներ պետք չէ փնտրել: Դուք դե՞մ եք ԵՏՄ-ին, դեմ եղեք, ովքեր կողմ են, նրանք իրենց համար ունեն իրենց հիմնավորումները, ինչո՞ւ եք վիճում դրանց հետ»:

Ալեքսանդր Արզումանյանը արձագանքեց, որ ինքը կողմ է ԵՏՄ-ին, բայց` առանց Հայաստանի մասնակցության: «Ինձ համար՝ թքած, թե քանի երկիր կընդգրկվի ԵՏՄ-ում: Ղրղզստանը կարողացել է իր անդամակցությունը շատ թանկ վաճառել, ոչ թե Հայաստանի նման»,- ասաց պատգամավորը: