կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-08 12:41
Քաղաքական

Մեր մահվան մասին տեղեկությունները չափազանցված են. ինչո՞ւ են վիճել Ստեփան Սաֆարյանն ու Արմեն Մարտիրոսյանը

Մեր մահվան մասին տեղեկությունները չափազանցված են. ինչո՞ւ են վիճել Ստեփան Սաֆարյանն ու Արմեն Մարտիրոսյանը

2013-ի ավարտին քաղաքական իրադարձությունների պակաս չզգացվեց: Անցած տարվա հունվարի 28-ին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, անկուսակցական Թեւան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարեց մանդատը վայր դնելու որոշման մասին: Պատգամավորն ընդգծել էր, որ որոշումը վաղուց էր կայացրել, իսկ «պատճառներն ամենևին էլ քաղաքական չեն, զուտ ներքինխոհանոցային, հետևաբար դրանց հրապարակայնացնելը էթիկ չի համարում»: Yerkir.am-ին հայտնի է դարձել Թեւան Պողոսյանի` մանդատը վայր դնելու «ներքինխոհանոցային» պատճառը:


Ըստ մեր զրուցակցի` «Ժառանգություն»-ում այսօր էլ շարունակվում են «Ազատ դեմոկրատների» եւ հասարակական հատվածի հետ միասնական ցուցակով ընտրություններում հանդես գալու լավ եւ վատ կողմերի մասով քննարկումները, որ նախկին խմբակցությունն ավելի ուժեղ էր, քան այն, որ այսօր կա: Կուսակցությունում ոմանք շարունակում են պնդել, որ առանց «Ազատ դեմոկրատների» ու մյուսների էլ կարող էին հաղթահարել նվազագույն շեմը, արդյունքում` խմբակցությունում երկու ժառանգականի փոխարեն այսօր կունենային 5 ժառանգական` Խաչատուր Քոքոբելյանի, Ալեքսանդր Արզումանյանի եւ Թեւան Պողոսյանի փոխարեն, եւ խմբակցությունում հինգ հոգով յոթ երգ չէին երգի:


Մեզ հասած տեղեկությունների համաձայն` այս թեմայի եւ մի քանի այլ հարցերի վերաբերյալ քննարկումները, տարբեր կարծիքները տարեվերջին թեժ վեճի պատճառ են դարձել Ստեփան Սաֆարյանի եւ Արմեն Մարտիրոսյանի միջեւ: Կրքերն այնքան են թեժացել, որ քիչ է մնացել` վեճը հասնի բռունցքներին: Ըստ մեր աղբյուրների` սա էլ եղել է այն վերջին կաթիլը, որը ստիպել է Թեւան Պողոսյանին հրաժարվել այդքան շահարկված պատգամավորական մանդատից եւ «շարունակել պայքարն իր համար ավելի հոգեհարազատ հարթությունում՝ հասարակական հատվածում»:

 

Նշենք, որ Թեւան Պողոսյանից հետո կուսակցության պատգամավորական ցուցակի հաջորդ հինգ համարներն են զբաղեցնում` Մասիս Այվազյանը («Ազատ դեմոկրատներ»), Ստեփան Սաֆարյանը («Ժառանգություն»), Իզաբելլա Աբգարյանը (անկուսակցական), Արման Մուշեղյանը (անկուսակցական) եւ Անուշ Սեդրակյանը («Ազատ դեմոկրատներ»):


Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով մեր ունեցած տեղեկությանը, Արմեն Մարտիրոսյանը նախ հիշեց հայտնի խոսքերը. «Մեր մահվան մասին տեղեկությունները չափազանցված են»: «Հերքո՞ւմ եք Ձեր եւ Ստեփան Սաֆարյանի միջեւ վեճի լուրերը» հարցին, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Բանավեճ, ոչ միայն իմ եւ Ստյոպայի միջեւ, միշտ էլ լինում է, բայց որեւէ խնդիր չկա... Ամեն ինչ նորմալ է»: Նա, ըստ էության, չհերքեց մեր ունեցած տեղեկությունը, բայցեւ վստահեցրեց, որ դա որեւէ կապ  չունի Թեւան Պողոսյանի` մանդատը վայր դնելու հետ, եւ այդ կապը որակեց «դետեկտիվ»:

 

Yerkir.am-ի հետ զրույցում Թեւան Պողոսյանը խորհուրդ տվեց չխորանալ իր` մանդատը վայր դնելու պատճառների մեջ, բայց վստահեցրեց, որ դա որեւէ կապ չունի Ստեփան Սաֆարյանի եւ Արմեն Մարտիրոսյանի հարաբերությունների հետ: Ի դեպ, Թեւան Պողոսյանի տրամադրությունը տոնական էր, նա դեռ նշում էր տոները: