Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Գիտական կոչում ունենալը և անձնական գործերին կցված` առնվազն գիտությունների թեկնածուի դիպլոմ ունենալը հայաստանյան բարձրաստիճան պաշտոնյաների համար վերածվում է խելահեղ մի համաճարակի: Թե գիտական ի՞նչ արժեք են ներկայացնում այդ ատենախոսությունները, ոչ մի նշանակություն չունի ո'չ անձամբ այդ պաշտոնյաներից շատերի համար, ո'չ էլ գիտական որակավորում տվող պետական հաստատությունների:
Այս իմաստով քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոչ մի արտառոց բան չի անում` քաղաքային տրանսպորտի կառավարման թեմատիկայով ատենախոսություն պաշտպանելով: Նա ընդամենը շարունակում է հայաստանյան չինովնիկական էլիտայում հաստատված «լավագույն» ավանդույթները: Եթե Լիսկան կարող է Սյունիքի պատմության վերաբերյալ թեզ գրել ու պաշտպանել, ինչո՞ւ դա չի կարող անել Տարոնը: Ընդհակառակը` հարցը կարելի է այլ կերպ ձևակերպել` եթե Լիսկան գիտությունների մշակ է, ապա ինչո՞ւ Տարոնը և մյուսները այդպիսին չպետք է լինեն:
Խնդիրն իրականում Տարոնի, Լիսկայի ու մյուսների մեջ չէ: Այլ, օրինակ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի, ով, նկատի ունենալով Տարոն Մարգարյանի թեկնածուական թեզի պաշտպանության շուրջ առաջացած աղմուկը, հայտարարում է. «Ի՞նչ է եղել այդ տղային: Պետական ապարատից հարյուրավոր աշխատողներ են պաշտպանում: Անկախ դիրքից ու պաշտոնից` մարդ եթե գիտության մեջ ասելիք ունի, կարող է ասել, դա չպիտի դառնա շահարկումների եւ քննարկումների առարկա»: Հարցն էլ հենց այն է, որ գիտությունների ակադեմիայի նախագահի համար տարօրինակը ոչ թե անձամբ Տարոն Մարգարյանի պաշտպանությունը պետք է լիներ, այլ այն հանգամանքը, որ պետական ապարատից հարյուրավոր, իրականում հազարավոր աշխատողներ են պաշտպանում: Ընդ որում` տվյալ դեպքում խոսքը պետական մարմինների շարքային աշխատողների մասին չէ, որոնցից շատերը գիտությունից են գնացել կառավարման համակարգ, այլ բարձրաստիճան պետական պաշտոնյաների, որոնց պաշտպանությունը կատարվում է փակ դռների հետևում:
Այս իմաստով Տարոն Մարգարյանին, իհարկե, ոչինչ չի եղել: Եղել է գիտության հետ և այն չարքաշ գիտաշխատողների, որոնք, չնչին աշխատավարձ ստանալով հանդերձ, ուղղակի տքնում են ակադեմիաների, համալսարանների, արխիվների սենյակներում: Ստացվում է, որ նրանց և լիսկաների ու տարոնների աշխատանքը գնահատվում և ընդունվում է նույն չափորոշիչներով: Եթե ԳԱԱ-ի նախագահն իրեն թույլ է տալիս նման վերաբերմունք, ապա պետք է առնվազն շնորհակալագիր տալ տնտեսագիտական համալսարանի ռեկտորին Տարոն Մարգարյանի պաշտպանությունը կողմնակի աչքից, շառից հեռու պահելու և այն փակ դռների հետևում անցկացնելու որոշման համար: Դրանով ռեկտորը մեծ «ծառայություն մատուցեց» հայրենի տնտեսագիտությանը և սեփական բուհին` բարձրացնելով նրանց հեղինակությունը: Այլ կերպ ուղղակի լինել չէր կարող: Ռեկտորը թերևս չէր կարող թույլ տալ, որ իր ղեկավարած բուհի խորհրդի նախագահի կուսակիցը, այն էլ` ոչ շարքային, կոմպլեքսավորվի լրագրողների ներկայությունից: Բա ի՞նչ կասեր տնտեսագիտական համալսարանի կառավարման խորհրդի նախագահ Հովիկ Արգամիչը, ով ընդամենը դրա նախօրեին էր եկել ու հաստատել համալսարանի 2014թ. բյուջեն: Հետաքրքրականն այն է, որ ընդամենը նախօրեին նույն ռեկտորը հեռուստաէկրանների առջև ամոթխածորեն անկեղծանում էր, թե իր ղեկավարած բուհում կրթության մակարդակը ամենալավ վիճակում չէ, ու դա է համարում իր հիմնական բացթողումը կամ ձախողումը: Այդ խնդիրը լուծելու լավագույն միջոցը, փաստորեն, ռեկտորը գտել է` պաշտոնյաների թեզերի պաշտպանության ժամանակ ուսանողներին դահլիճի դռների առջև պահակ կանգնեցնելը և հայհոյելը: Նա հիանալի օրինակ է տալիս ապագա գիտնականներին ու չինովնիկներին, թե ինչպես կարելի է փակ դռների հետևում հանգիստ, առանց ձևականությունների, դառնալ գիտաշխատող, և թե ինչպես կարող է հարազատ բուհը դա ապահովելու համար խախտել բարոյական ու իրավական բոլոր նորմերը:
Իրականում դրանով նրանք արջի ծառայություն մատուցեցին թե' Տարոն Մարգարյանին, թե' բուհի իրական շեֆին` Հովիկ Աբրահամյանին: Նրանք պարզապես ջախջախեցին Մարգարյանի պաշտպանությունը` ի սկզբանե կասկածի տակ դնելով թե' պաշտպանության օրինականությունը, թե' Տարոն Մարգարյանի պաշտպանած աշխատանքի գիտական արժեքը և թե նրա` պաշտպանելու ունակությունը: Եվ դա բուհերի ղեկավարների կարճամտության ու ծառայամտության, շողոքորթության, Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինելու և նոմենկլատուրային մտածողությամբ առաջնորդվելու ուղղակի հետևանքն է: Իշխանական էլիտան հնձում է այն, ինչ ինքն է աճեցրել: Սա չարախնդալու առարկա չէ: Սա նման է մահախոսականի, որի ժամանակ ողբում են, առավել ևս, երբ խոսքը վերաբերում է գիտության և գիտական կոչման արժեզրկմանը:
Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ