Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ղարաբաղյան կարգավորման` փաստացի փակուղում գտնվող բանակցություններին զուգահեռ սկսվել և ընթանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգայնորեն ճանաչման մի պրոցես, որում ավելի ու ավելի մեծ թվով երկրներ են ներգրավվում: Երեկ հայտնի դարձավ, որ ԱՄՆ Մեյն նահանգի օրենսդիր մարմինը որոշում է ընդունել ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնիշխանությունը և անկախությունը: Սա ԱՄՆ թվով երրորդ նահանգն է, որը օրենսդիրի մակարդակով ընդունում է Արցախի անկախությունը ճանաչող բանաձև. 2012թ. մայիսի 18-ին ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգի Ներկայացուցիչների պալատը բանաձև ընդունեց, որով կոչ էր արվում ԱՄՆ Կոնգրեսին պաշտոնապես ճանաչել ԼՂՀ-ն: Նույն թվականի օգոստոսի 6-ին նույնաբովանդակ որոշում ընդունեց նաև Մասաչուսեթս նահանգի Ներկայացուցիչների պալատը` կոչ անելով ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին «սատարել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշմանն ու ժողովրդավար անկախությանը»:
ԱՄՆ-ից բացի, նման գործընթացներ են մեկնարկել նաև Ուրուգվայում, Լիտվայում և Ֆրանսիայում: Մասնավորապես` անցած տարի ԼՂՀ էր այցելել Ուրուգվայի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը` պալատի նախագահ Խորխե Օրիկոյի գլխավորությամբ: 2013թ. մարտի 14-ին Լիտվայի Հանրապետության Սեյմում պաշտոնապես հայտարարվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ բարեկամության խմբի ստեղծման իրողությունը: Դրանից բառացիորեն օրեր անց` մարտի 20-ին, Ֆրանսիայում ևս ստեղծվեց Արցախի խորհրդարանի հետ համագործակցության խումբ, որ, թեև պաշտոնական չէ, սակայն դրանում ընդգրկվեցին պատգամավորներ և պետական պաշտոնյաներ:
ԼՂՀ-ի ճանաչմանն ուղղված այս գործընթացները, իհարկե, իրավական հետևանքներ չեն ենթադրում. դրանք տեղի են ունենում ոչ թե պետությունների, այլ դրանց առանձին նահանգների կամ օրենսդիր մարմինների շրջանակում գործող խմբերի մակարդակով: Դրանք ոչ այնքան Հայաստանի արտաքին քաղաքականության և դիվանագիտության, որքան սփյուռքյան կառույցների և, մասնավորապես, Հայ Դատի գրասենյակների իրականացրած լոբբիստական ծրագրավորված աշխատանքի արգասիքն են: Ըստ էության` ԼՂՀ-ի միջազգայնորեն ճանաչման գործընթացը սկսում է տեղափոխվել, այսպես կոչված, «փոքր հաղթանակների» մեթոդաբանության այն նույն հարթություն, որտեղ դեռևս 1970-ականներից սկսվել և ընթանում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման արշավը: Այս մարտավարությունը հիմնված է երկու ասպեկտի վրա. մի կողմից` այն ուղղված է առավելաբար հիմնախնդիրների վերաբերյալ պրոհայկական հանրային կարծիք ձևավորելու, իսկ մյուս կողմից` հենց ներսից` տեղական իշխանությունների միջոցով պետական կենտրոնական իշխանության քաղաքականության վրա ճնշումն աստիճանաբար մեծացնելուն և այն հանրային ձևավորվող կարծիքին առավել համահունչ դարձնելուն: Սակայն արձանագրվող այս նոր միտումներում ամենաէականը դա չէ:
Ուշադրություն դարձնենք` Ղարաբաղի ինքնիշխանության ճանաչման գործընթացները տեղի են ունենում առաջին հերթին Մինսկի խմբի համանախագահ երեք երկրներից երկուսում` ԱՄՆ-ում և Ֆրանսիայում: Ավելի լայն իմաստով փաստացի խոսքը ոչ այնքան արդեն Ֆրանսիային է վերաբերում, որքան ընդհանուր Եվրամիությանը, որովհետև Լիտվան ևս ԵՄ անդամ է: Դեռ 2011թ. ապրիլին Եվրախորհրդարանը ընդունեց «Եվրոպական հարևանության քաղաքականության ամփոփում» անունով մի բանաձև, որով ԵՄ-ի առջև խնդիր էր դնում հարաբերություններ ստեղծել չճանաչված պետությունների, այդ թվում` նաև ԼՂՀ-ի փաստացի իշխանությունների հետ: Չի կարելի բացառել, որ ընթացող այս զարգացումները հենց այդ բանաձևով տրված «կանաչ լույսի» հետևանքներն են: Սակայն ինքնին փաստը, որ ամերիկյան նահանգների և Լիտվայի պարագայում ընդունված փաստաթղթերում շեշտվում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» բառակապակցությունը, այլ կերպ, քան ներկայիս ստատուս քվոյի ամրագրում, չի կարելի անվանել: Հենց այստեղ է, որ առավել ուշագրավ է դառնում նման բանաձևերի ընդունմանը կենտրոնական իշխանությունների, կառավարությունների կողմից դրսևորվող ակնհայտ լոյալ վերաբերմունքը, ինչը հնարավոր չէ պատահականության կամ անտարբերության հետևանք որակել:
Խնդիրն այն է, որ խոսքը վերաբերում է, ոչ ավելի, ոչ պակաս, ՄԽ համանախագահող երկրներին, որոնք, ըստ տրամաբանության, զուտ բանակցող կողմերի միջև հավասարակշռությունը պահելու նկատառումով պետք է նման հարցերում առավել զգուշավորություն և զսպվածություն հանդես բերեին, ինչը, սակայն, ընդգծված կերպով նրանք չեն անում: Սա նշանակում է, որ միջնորդները որոշակիորեն փոխում են իրենց տակտիկան կարգավորման գործընթացում: Ֆորմալ առումով Մադրիդյան բանակցային գործընթացի ֆորմատից և բովանդակությունից դուրս չգալով` նրանք, ԼՂՀ-ի ներկայիս կարգավիճակը սեփական երկրներում ճանաչելուն ուղղված այս քայլերի նկատմամբ չեզոքություն պահպանելով, փորձում են ճնշում գործադրել հատկապես Բաքվի վրա` դրդելու նրան սեղանին դրված` կարգավորման մադրիդյան սկզբունքներն ընդունելու հարցում լինել ավելի կառուցողական: Մյուս կողմից` ճանաչմանն ուղղված այս միտումները, հայկական լոբբիին գործելու նման ազատության տրամադրումը նրանք կարող են իբրև զսպաշապիկ կիրառել Բաքվի նկատմամբ` լայնամասշտաբ պատերազմական գործղությունների դիմելու գայթակղությունից զսպելու առումով` փորձելով անուղղակի ցույց տալ, թե դա ինչպիսի կոնկրետ հետևանքների կարող է հանգեցնել: Ողջ հարցն այն է` արդյո՞ք այս ուղերձները հասնում են նպատակին, թե՞ ոչ:
Գևորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ