կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-21 13:38
Քաղաքական

Տարոն Մարգարյանը՝ վերջին 20 տարվա լավագույն քաղաքապե՞տ, no comment. Նաիրա Զոհրաբյան

Տարոն Մարգարյանը՝ վերջին 20 տարվա լավագույն քաղաքապե՞տ, no comment. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում չբացառեց, որ Երեւանի ավագանու ընտրություններից հետո՝ արդեն ավագանու կազմում, կոալիցիա ձեւավորվի ոչ իշխանական ուժերի միջեւ, եւ քաղաքապետ ընտրվի:

 

«Մենք իհարկե, կցանկանայինք, որ հիմա շատ ավելի լայն ճակատ ձեւավորվեր: Տարբեր պատճառներով դա չստացվեց, բայց դա չի բացառում ընտրական փուլում` քարոզչական, ինչու ոչ, նաեւ հետընտրական փուլում համագործակցությունը քաղաքական ուժերի միջեւ: Որեւէ բան չի բացառվում, ավելին` մենք հակված ենք համագործակցության»,- հայտարարեց նա:

 

Ի պատասխան Yerkir.am-ի դիտարկմանը, որ ՀՀԿ-ականները չեն պատրաստվում «քաղաքը հանձնել», Զոհրաբյանը հայտարարեց, որ նման ձեւակերպումներն անընդունելի են: «Մենք Երեւանը չենք հանձնելու» ձեւակերպումն ինձ հիշեցնում է «Ստալինգրադը չենք հանձնելու», կամ «Հետեւում Կուրսկն է»: Ես խորհուրդ կտայի ձեռնպահ մնալ նման հայտարարություններից: Երեւանցին ինքն է որոշելու, թե որ քաղաքական ուժին է տալու իր քվեն, որ քաղաքական ուժն է ձեւավորելու ավագանի, որն էլ կընտրի Երեւանի քաղաքապետին: Որեւէ մեկ Երեւանն իր գրպանը չի դրել, որ հետո ասի` հանձնելու է կամ չի հանձնելու»,- հայտարարեց պատգամավորը:

 

Դիտարկմանը, թե, այդուհանդերձ, դժվար չի՞ լինելու պայքարել Երեւանի` 20 տարիների լավագույն քաղաքապետի դեմ, ինչպես բնորոշել է Էդուարդ Շարմազանովը, Զոհրաբյանը զարմացած պատասխանեց՝ no comment:

 

«Բայց, մյուս կողմից էլ, ըստ գելափյան հարցումների, պարզվում է` Երեւանում Տարոն Մարգարյանն ավելի բարձր վարկանիշ ունի, քան նախագահ Սերժ Սարգսյանը: Սա էլ մեծ խոչընդոտ չէ՞ ձեր հաղթանակի ճանապարհին»,- հետաքրքրվեցինք Զոհրաբյանից: ԲՀԿ խմբակցության քարտուղարն էլ հայտարարեց, որ այդ «կոոպերատիվ «Գելափի» վերաբերյալ հստակ հայտարարություն արդեն արել է:

 

Նա մեր խնդրանքով անդրադարձավ նաեւ այն հրապարակումներին, համաձայն որոնց` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ամեն ինչ անելու է` քաղաքապետի պաշտոնը ստանալու համար եւ մեծ գումարներ է պատրաստ ծախսել: «Ամեն ինչ արվելու է օրենքի սահմաններում: Գումարների մասին լուրերը շրջանառության մեջ դնում են նրանք, ովքեր սովոր են ընտրություններում գումարներ խաղացնել»,- հայտարարեց Զոհրաբյանը:

 

Նա նաեւ նշեց, որ որեւէ քաղաքական ուժ չպետք է վիրավորի ՀՀ քաղաքացուն` ասելով` առաջին տեղը մենք ենք որոշելու, երկրորդ տեղից այն կողմ որոշումը թողնում ենք ՀՀ քաղաքացուն կամ Երեւանի ընտրողին: Դա, ըստ Զոհրաբյանի, քաղաքական ամբարտավանություն է: «Երեւանի ընտրողն այս ամբարտավան վարքագծի պատասխանն անպայման կտա»,- վստահեցրեց նա:

 

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղարը հայտարարեց նաեւ, որ իրենք գնում են հաղթանակի, պատրաստ են ե'ւ ծրագիրը, ե'ւ կարգախոսները, որոնք շուտով կհրապարակվեն: