կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-24 15:35
Տնտեսական

''Դվին'' հյուրանոցն ու կրկեսի շենքը չկառուցելը ձեռնտու չէ. Արման Սահակյան

''Դվին'' հյուրանոցն ու կրկեսի շենքը չկառուցելը ձեռնտու չէ. Արման Սահակյան

«Դվին» հյուրանոցի համար 2013 թվականին կնքվել է պայմանագիր, ըստ որի` գնորդը պարտավորվել է 2016 թվականին ավարտել վերակառուցման ու արդիականացման աշխատանքները եւ մոտ 13,6 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով ներդրումներ իրականացնել. լրագրողներին այսօր տեղեկացրեց պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:

 

Նա նշեց, թե «Դվին» հյուրանոցի մասնավորեցման նախորդ պայմանագիրը իրավական առումով շատ թույլ է եղել, եւ վարչությունը հնարավորություն չի ունենցել պարտավորեցնել գնորդին, որպեսզի նա իր ներդրումները կատարի: Իսկ նոր համաձայնագրով բավականին տույժեր ու տուգանքներ են նախատեսված:

 

2013 թվական ընթացքում «Դվին» հյուրանոցային համալիրի սեփականատերը պետք է ներդներ 850 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, 2014 թվականին պետք է կատարի 3 միլիոն 970 հազար դոլարին համարժեք դրամի եւ 2015 թվականի ընթացքում 8 միլիոն780 հազար դոլարին համարժեք դրամի ներդրումներ:

 

«Համաձայնագիրն այնպիսին է, որ ներդրումներ չանելը բավականին տույժ ու տուգանքների է բերելու' մոտ 6 տոկոսի չափով չներդրված գումարի: Եթե 850 հազար դոլարը չի ներդնում 2013 թվականին, ապա այս գումարը գումարվում է 2014 թվականի գումարին, եւ 6 տոկոս տույժ ու տուգանք պետք է մուծի: Մինչեւ 2016 թվականը եթե ներդրողը ներդրումները չիրականացնի, ապա պետությունն իրավունք ունի գնահատված արժեքի լիկվիդային արժեքից 20 տոկոս էժան գնով նոր գնորդի վաճառելու: Այսինքն` տույժերն այնպես են նախատեսված, որ ես չեմ կարծում, որ ներդրող մարդը, հնարավորություններ ունեցող մարդը պետք է մտնի այդպիսի տույժ-տուգանքների տակ ու այդ ներդրումները չանի»,- նշեց Արման Սահակյանը:

 

Նա տեղեկացրեց, թե «Դվին» հյուրանոցի գնորդը պետք է մինչեւ եկող տարվա հունվարի 15-ը ներկայացնի ներդրումների մասին փաստաթղթերը` տեղեկացնելու համար' ներդրումներն արվո՞ւմ են, թե՞ ոչ, սակայն ներդրումների մեջ են մտնում նաեւ նախագծա-նախահաշվային աշխատանքները, եւ վարչությունը տեղեկացված է, որ այդ աշխատանքներն ընթանում են:

 

Ինչ վերաբերում է կրկեսի շենքին, ապա սեփականատերը պարտավորվել է մինչեւ 2014 թվականը ներդնել մոտ 650 միլիոն դրամ:

 

«Բայց գիտենք, որ շենքի հիմքերի հետ կապված խնդիրներ կային, եւ շենքն ամբողջությամբ քանդվեց: Չնայած նրան, որ քանդման աշխատանքներն էլ են ներդրումներ համարվում, բայց սեփականատերն այդ ներդրումներն անելուց հետո նորից պարտավորվել է այդ 650 միլիոն ներդրումներն իրականացնել: Եվ այդ ներդրումները գնորդը կիրականացնի մինչեւ 2015 թվականի վերջը: Այսինքն' 2015 թվականին, գուցեեւ` ավելի շուտ, որովհետեւ այնտեղ շինարարական աշխատանքներ են տեղի ունենում, մենք կունենանք միջազգային չափորոշիչներին համապատասխան լավ կրկես»,- ասաց Արման Սահակյանը:

 

Կրկեսի դեպքում նույնպես, նշեց  ՊԳԿՎ պետը, չկատարված ներդրումների համար կան տույժ-տուգանքներ կիրառելու պայմանագրային կետեր: Կրկեսի օտարման պայմանագրով նախատեսվում են չկատարված ներդրումների 10 տոկոսից ավելիի չափով տուգանքներ: