Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-12-12 21:55
Առանց Կատեգորիա

Թուրքիան մեկ առաջարկով չի եկել Հայաստան. "Ակօս" թերթի խմբագիր

Թուրքիան մեկ առաջարկով չի եկել Հայաստան. "Ակօս" թերթի խմբագիր

«Կարծում եմ` Դավութօղլուն և թուրքական արտգործնախարարությունը մի նոր քայլ ձեռնարկելու, մի նոր դուռ բացելու ջանքեր են գործադրում: Հարցը կապված է ԼՂ հիմնախնդրի հետ, և նրանք փորձում են Հայաստանի վրա ճնշում գործադրել, որպեսզի Հայաստանը գոնե մի փոքր հող զիջի և, այսպիսով, Արցախի հարցի լուծման մեջ մի քայլ ձեռնարկի, ու թուրք-հայկական սահմանը բացվի»,- այսօր yerkir.am-ի հետ զրույցում ասաց Պոլսում հրատարակվող «Ակօս» պարբերականի խմբագիր  Ռոբեր Քոփթաշը:

 

Շարունակելով միտքը խմբագրապետը նշեց. «Ես նրա խոսքերից հասկացա, որ իբր Դավութօղլուն երկու շրջանների մասին չի խոսել: Երկու շրջանի` չէ, բայց գոնե մի մասի, մի ափ հողի մասին Նալբանդյանին՝ ոչ թե ճնշած, այլ գոնե առաջարկած կլինի: Քանի որ թուրքական քաղաքականությունը կապված է Ադրբեջանի շահերից և Ղարաբաղի հարցից, ուրիշ տարբերակ կամ միջոց գտնելը հեշտ չէ: Պետք է ուրիշ ելք, ուրիշ գաղափարախոսություն գտնել: Գուցե այն ժամանակ կարող են Հայաստանի վրա ավելի ազդեցիկ լինել: Բայց քանի որ Ադրբեջանից և Ալիևից է կախված, ապա շատ հույսեր չեմ տեսնում, բայց այս այցելությունը, իհարկե, կարևոր է: Դավութօղլուն իզուր չի եկել: Միայն մեկ ծրագրով կամ առաջարկով չեմ կարծում, որ եկած լինի: Հավանաբար «Բ պլան» ունեն: Այն ժամանակ կտեսնենք Հայաստանի անդրադարձն ու խնդրի հստակությունը, բայց վերջապես Թուրքիայի արտաքին գործերի նախարարն է, և պետք է տեսնենք, թե այս այցը Թուրքիայի շահերի մասին ինչ է ասում»

 

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով սպասվելիք միջոցառումներին`   Ռոբեր Քոփթաշը ասաց. «Թուրքիան պետք է քայլեր ձեռնարկի 2015-ից առաջ, քանի որ ամբողջ աշխարհը Ցեղասպանության համար ճնշում է գործադրելու նրա վրա: Նախաձեռնվող քայլերը ճնշումը թեթևացնելու միջոցներից մեկն են, իսկ երկրորդը՝ թուրքական արտաքին դիվանագիտությունը վերջերս խիստ տուժել է, անհաջող է որակվել, և այդ անհաջողությունը մի կերպ արդարացնելու համար Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելը մեկ այլ միջոց է»: