կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-28 14:25
Տարածաշրջան

Դավութօղլուն փորձում է քրդերին զգուշացնել, թե՝ հայերի աչքը ձեր հողերի վրա է. «Ակօս»-ի խմբագիր

Դավութօղլուն փորձում է քրդերին զգուշացնել, թե՝ հայերի աչքը ձեր հողերի վրա է. «Ակօս»-ի խմբագիր

Կ.Պոլսում հրատարակվող «Ակօս» թերթի խմբագիր Եդվարդ Դանզիքյանը Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի՝ Հայկական սփյուռքի դեմ հակասական մտքերի մասին հոդված է հրապարակել:

 

Ստորև ներկայացնում ենք հոդվածը՝ կրճատումներով.

 

«Դեռ ընտրությունները չսկսված՝ 2015 թվականի փետրվարի 11-ին` փոքրամասնությունների հիմնադրամի և միությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, Դավութօղլուն «Հայկական սփյուռքը մերն է» և նման այլ հայտարարություններ էր արել: Ահա` նման հայտարարություններ արած Դավութօղլուի՝ երեք ամիս անց այլ բան ասելն իսկապես օրինակ է, ընդ որում` տխուր: ԺԴԿ-ինրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն) Հայկական սփյուռքի հետ սակարկությունների մեջ մտնելու մեջ մեղադրող Դավութօղլուն ասում է. «Նա, ում ընկերը Հայկական սփյուռքն է, օգուտ կտա՞ քրդին, թուրքին, արաբին»:

 

Ազգայնամոլության ամենապրիմիտիվ տրամաբանությունը ներկայացնող այս խոսքերը նա արտասանել է Բաթմանում «Արդարություն և զարգացում» կուսակցության հանրահավաքի ժամանակ: Թուրքին, քրդին, արաբին և հային առանձնացնող այս տրամաբանությունը շատ պարզ՝ ռասիստական, խտրականություն դնող տրամաբանություն է: Սակայն այս ամենն այսքանով չի եզրափակվում: Դավութօղլուն մայիսի 24-ին, Show TV-ում հյուրընկալվելով մի ծրագրի, ավելի վտանգավոր հայտարարություններ է արել: Դրանք aljazeera.com.tr կայքում հետևյալ կերպ տեղ գտան. «Դավութօղլուն, նշելով, որ այս ժամանակաշրջանում, երբ Հայոց ցեղասպանության հարցով ամբողջ աշխարհը Թուրքիայի դեմ քարոզարշավ է սկսել, իսկ Սելահաթթին Դեմիրթաշը Թուրքիայի դեմ և Թուրքիային մեղադրող հայտարարություններ է անում, հիշեցրել է Դեմիրթաշի՝ «Հայոց ցեղասպանության հարցում քրդերն էլ պատասխանատվություն ունեն, ինչի համար ես ներողություն եմ խնդրում» խոսքերը: Դավութօղլուն հարց է ուղղել` ի՞նչ սակարկություններ է Դեմիրթաշն արել Հայկական սփյուռքի հետ, որ համագործակցում է նրա հետ»:

 

Այս հայտարարություններով վարչապետ Դավութօղլուն ցանկացել է մեկ քարով երկու թռչուն խփել` թե’ Հայկական հարցում պետության սկսած գործը շարունակել, թե’ քրդական կուսակցությանը ներառել դրանում: Սակայն, ամենակարևորը, Դավութօղլուն ցանկացել է զգուշացնել քուրդ ժողովրդին, թե՝  այս հայերի աչքը ձեր հողերի վրա է: Այդպիսով` նա մտածել է, թե քրդերը երես կթեքեն այդ կուսակցությունից»:

 

Հոդվածում Դավզիքյանը նշել է, որ Դավութօղլուն այդ ամենն անում է իշխանությունը պահպանելու համար:

 

«Չգիտենք՝ ինչպես կավարտվեն ընտրությունները: Գուցե «Արդարություն և զարգացում» կուսակցությունն իր այս ազգայնամոլ հայտարարություններով մնա միակ իշխող կուսակցությունը: Ով գիտե, գուցե վերջում Դավութօղլուն դարձյալ կրկնի համատեղ ցավի և արդար հիշողություն մասին խոսքը: Ասես` այս խոսքերից ոչ մեկը չեն պատկանում իրեն, հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպում կկազմակերպի և կասի. «Ես կարևորում եմ մեր բարեկամությունը»:

 

Շատ կցանկանայինք մտածել, որ 100 տարի անց այս հողերում ինչ-որ բան փոխվել է, սակայն չենք կարողանում: Հեշտ չէ, բայց պետք է հանդուրժենք իշխանության գալու համար մարդկանց ջանքերն ու նրանց ժպիտների` անսպասելի քմծիծաղի վերածվելը տեսնելը:

 

Վերադառնալով սկիզբը՝ «նա, ում ընկերը Հայկական սփյուռքն է, օգուտ կտա՞ քրդին, թուրքին, արաբին» խոսքին: Կրկնություն պիտի լինի, սակայն արդյունավետ է ասել, որ ձեր ասած Սփյուռքը 100 տարի առաջ կամ էլ ժխտողական շարունակական քաղաքականության պատճառով այս հողերից գնացածների, վռնդվածների, իրենց գույքը կորցրածների թոռներն են: Այսինքն` նրանք մեր ընկերներն են և, բացահայտորեն, մեր բարեկամները: Չգիտեմ՝ կարողացա՞ հարցը ներկայացնել, թե՞ ոչ, պարո’ն Դավութօղլու»:

 

Թարգմանությունը՝ Արազ Գայմագամյանի