Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի զեկույցը հանրության շրջանում սպասված արձագանքը չունեցավ: Տարօրինակորեն լուռ մնաց նաև լրագրողական հանրությունը: Կարելի է կարծել, որ ՀՀ դատական համակարգի կոռումպացվածության վերաբերյալ ՄԻՊ եզրահանգումները հանրության համար այնքան ակներև են, որ դրա` ՄԻՊ-յան արձանագրումներից հարկ էր ոչ զարմանալ, ոչ էլ, առավել ևս, սենսացիա համարել: Ինչպես ասում են՝ մեր տունն է, մեր «գաղտնիքները» մենք գիտենք:
Սակայն, անշուշտ, զարմանալի կլիներ, եթե ՄԻՊ զեկույցին չանդրադառնար իշխանությունը, մասնավորապես` այն կառույցը, որը հենց նաև նման իրավիճակի պատասխանատուներից է: Խոսքը գլխավոր դատախազության մասին է, որն անդրադարձել է զեկույցին: Առաջին հայացքից թվում է, թե այդ անդրադարձը արձանագրված խայտառակ իրավիճակը փոխելուն միտված քայլ է, քանի որ գլխավոր դատախազն իր ստորագրությամբ հրապարակված նամակում ՄԻՊ-ին հորդորում է կոռուպցիայի վերաբերյալ եզրահանգումները հաստատող «առնվազն մեկ փաստ» ներկայացնել, որպեսզի գլխավոր դատախազությունը հետամուտ լինի արդեն կոնկրետ փաստով համարժեք քայլեր կատարելու` իր պարտականության իրականացմանը:
Մինչդեռ հենց այդտեղ է ամբողջ խնդիրը: Գրեթե տարակույս չկա՝ Մարդու իրավունքների պաշտպանը գլխավոր դատախազությանը որևէ փաստ չի ներկայացնի ոչ թե այն պատճառով, որ չունի, այլ այն, որ ակամա իր վրա կվերցնի մի մեղադրանք, որի համար եթե ոչ այդ փաստը ներկայացրած անձը, այլ հենց ի՛նքը կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել: Ենթադրենք Կ. Անդրեասյանը փաստ է ներկայացնում գլխավոր դատախազին, այդ պարագայում վերջինս հնարավորություն է ստանում մեղադրելու ՄԻ պաշտպանին, թե ինչու փաստը ներկայացվում է սոսկ իր պահանջից հետո: Այլ կերպ ասած՝ Կ. Անդրեասյանը եթե գիտեր փաստի մասին, սակայն մինչև գլխավոր դատախազի պահանջը լռում էր, ուրեմն պատասխանատվություն է կրելու հանցագործության մասին իմանալու և ժամանակին համապատասխան մարմիններին չհայտնելու համար: Եվ նկատի ունենալով նրա զեկույցում ներկայացված՝ կոռուպցիայի համընդգրկուն բնույթը, Կ. Անդրեասյանը, հավանաբար, գիտի ոչ միայն մեկ փաստի, այլ նաև բազմաթիվ փաստերի մասին, հետևաբար, հենց բազմիցս է պատասխանատու հանցագործության մասին իմանալ-չհայտնելու համար:
Չենք պնդում, սակայն նաև չենք բացառում, որ սա փոքրիկ ծուղակ է, որում ՄԻՊ-ը, նրա պրոֆեսիոնալիզմը նկատի ունենալով, դժվար թե հայտնվի: Կարծում ենք՝ գլխավոր դատախազը նույնպես որևէ ակնկալիք չունի, թե ՄԻՊ-ն իրենց թեկուզ և մեկ փաստ կներկայացնի: Քանզի կարծում ենք նաև, որ գլխավոր դատախազի, ասել է թե՝ իշխանությունների գլխավոր հույսը հենց այդ՝ նույնիսկ մեկ փաստ իրենց տրամադրելու` Մարդու իրավունքների պաշտպանի ակնկալվող հրաժարումն է, որով կարժեզրկվեն նաև ՄԻՊ-յան բոլոր եզրահանգումները ՀՀ դատական համակարգում տիրող կոռուպցիայի ընդգրկումների ու չափերի մասին:
Այն, ինչ պահանջվում էր… չապացուցել:
Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ