կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-17 11:12
Քաղաքական

«Մյունխենյան դերբի» ձևաչափը ծուղակ է հայկական կողմի համար. Վահե Հովհաննիսյան

«Մյունխենյան դերբի» ձևաչափը ծուղակ է հայկական կողմի համար. Վահե Հովհաննիսյան

Մյունխենում կայացած Փաշինյան-Ալիեւ թոք-շոուն եւ դրա մեդիա-քննարկումները ստիպում են անել մի քանի հստակեցում։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ, ԱԺ նախկին պատգամավոր վահե Հովհաննիսյանը. հայտնում է Yerkir.am-ը:

Նա, մասնավորապես, նշել է. «Նախ՝ արձանագրենք իրողությունը

Հայաստանյան հասարակությունը, այդ թվում՝ Փաշինյանի ընտրազանգվածը, ցանկանում է հասկանալ, թե ինչ է կատարվել, սակայն որեւէ օբյեկտիվ վերլուծություն չի ստանում։ Ընդհանուր անվտանգությանը վերաբերող հարց է, որն անհանգստացնում է բոլորին՝ անկախ քաղաքական հայացքներից։ Հասարակական քաղաքական գործիչները սուր հարձակման անցան, մի մասը՝ հիմնավոր, մի մասը, անկախ արդյունքից, միեւնույն է դա անելու էին։

Ադրբեջանի մեդիա տարածքը եւ հանրային կարծիքի հարթակները հեղեղված են Ալիեւի «փառահեղ հաղթանակի» գովքով։ Դրան միացել է ողջ հանրային դաշտը, պետական մեքենան, մտավորականությունը, երիտասարդությունը։ Ադրբեջանը այս օրերին ապրում է դրանով։

Հայկական մեդիադաշտում հայտվեցին հատվածներ` Ռ. Քոչարյանի, Ս. Սարգսյանի եւ Լ. Տեր-Պետրոսյանի ելույթներից եւ, կախված լրատվամիջոցի նախընտրությունից, դրանցից յուրաքանչյուրը համարվեց մաստեր-կլաս։  Հայկական միտքը դարձյալ ապրում է անցյալում, եւ հատուկենտ էին դեպի ապագա (գոնե կարճաժամկետ) ուղղված վերլուծությունները։ Մեզ թվում է, թե առաջիկա բանակցությունները, սրացումները, լուծման տարբերակները լինելու են անցյալում։ Սա կենսունակ վիճակ չէ։ Սրա մասին արժե շատ լուրջ մտածել։

Իրականում որտեղ  է խնդիրը

Իրականում ճակատագրական որեւէ ձախողում չի եղել, եւ պետք չէ դա սարքել առանցք։ Խնդիրը շատ ավելի խորն է ու այլ տեղում։ Իրականում Ալիեւը նույնպես ոչնչով չփայլեց եւ թողնում էր գավառական  մտածողությամբ եւ, ամենակարեւորը, իր անելիքը չիմացող նախագահի տպավորություն։ Նա նոր չէ այս թեմայի մեջ, բայց չկարողացավ ամուր տրամաբանական առանցք սարքել եւ հաղթել փորձի վրա։ Իրականում հենց դրա ռիսկն էր շատ բարձր։

Մյունխենից հետո Փաշինյանի թիմն անցել էր ընդհատակ. փառավոր խորհրդարանական 88-ից բան չէր մնացել, «սահմանադրապաշտ 37-ից» մեկը մի կապակցված միտք չասեց։ Նրանք չկարողացան պաշտպանել իրենց իսկ լիդերին։ Սա միայն Փաշինյանի ողբերգությունը չէ, սա նշանակում է, որ երկրում չկա քաղաքական մեծամասնություն, քաղաքական համակարգ, քաղաքական միտք եւ, հետեւաբար, չկա ավելի խոշոր ձախողումներից այս եւ այլ հարցերում խուսափելու երաշխիքներ։ Սրա մասի՛ն է պետք շատ լուրջ անհանգստանալ։ Հենց կենցաղային պետության այս վիճակն է մեր ամենամեծ ռիսկը։ Սա  նշանակում է, որ այսօրվա քաղաքական միտքը, ռեսուրսը չի կարող երկիրը առաջ տանել։

Հիմա՝ նախկին նախագահների մասին։ Հայր եւ որդի Ալիեւները տասը եւ ավելի տարիներ Քոչարյանի օրոք իրենց պահել են զուսպ, կաշկանդված եւ միշտ՝ պարտվածի հոգեբանությամբ։ Ե՞վ...։ Հիմա Քոչարյանն անազատության մեջ է։

Ս. Սարգսյանը մյունխենյան այս ձեւաչափը միշտ մերժել է։ Եվ հավանաբար եղել է ճիշտ։ Դա իսկապես ծուղակ է՝ Արցախում պետականություն կայացրած, անվտանգության գոտի ստեղծած հայակական կողմի համար։  Մենք այդտեղ լուծելու ոչ մի խնդիր չունենք։ Այդտեղ ոչ մի լուրջ բան քննարկել եւ համաձայնել հնարավոր չէ, դա միայն ու միայն հաջորդ օրը սեփական երկրի լսարանի առաջ հաղթանական կեցվածքի համար է։ Դրսի լսարանի համար սա իսկապես «Մյունխենյան դերբի է», շոու, հետխորհրդային երկու երկրների ղեկավարների սպարինգ հարթակ։ Ալիեւին դա պետք էր՝ գնաց։ Հայաստանին ընդհանրապես պետք չէր, բայց ոչ ոք չբացատրեց Փաշինյանին, որ պետք չէ։

Մենք Ադրբեջանի հետ առճակատման մեջ ենք՝ լինել -չլինելու խնդիր ունենք։ Եվ հաղթելու է այն կողմը, ով արագ կգնա մոդեռնիզացիայի, կդառնա ավելի ժամանակակից պետություն, առողջ քաղաքական մտքով, առողջ հասարակությամբ։ Բոլոր նրանք, ովքեր երկրի ներսում սա ընդունում են, բնական դաշնակիցներ են՝ անկախ այս պահի թվացյալ քաղաքական տարաձայնություններից։ Պետք է առաջ գնալ»: