Չարորակ հիվանդությունների` պետպատվերով վիրահատական միջամտության դեպքում այսուհետ պետությունը կվճարի վիրահատության ամբողջ գումարը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նա նշեց, որ եթե մինչ այս պետպատվերի շրջանակներում ուռուցքաբանական վիրահատությունների դեպքում պետությունը վճարում էր գումարի մի փոքր մասը, իսկ մեծ մասը` քաղաքացին, ապա հիմա այդ գումարն ամբողջությամբ կվճարի պետությունը:
«Մենք 700 մլն դրամի աճ ունենք ուռուցքաբանական ծառայությունների համար, ինչն ավելացել է մեր ունեցած 1.1 մլրդի վրա: Պետք է որոշվեր` ինչի վրա ենք ծախսելու այդ հավելյալ գումարը, և որոշեցինք մեղմել քաղաքացիների վրա ընկած բեռը: Իրականում նախկինում պետությունն ուռուցքաբանական վիրահատական ծառայության գումարի շատ փոքր մասն էր վճարում, ինչը տրամաբանական չէր նաև պետպատվեր կոչվելու համար: Իսկ հիմա, եթե կարիք լինի, ուռուցքաբանական վիրահատության այն բժշկական կենտրոններում, որոնք կունենան ուռուցքաբանական պետպատվեր, վիրահատության համար քաղաքացին չի վճարի ընդհանրապես: Պետությունը կվճարի այդ վիրահատության համար ամբողջությամբ` շուկայական գնով»,- ասաց Թորոսյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ, այս տարվանից սկսած, Հայաստանում պետպատվերի շրջանակում 200 քաղաքացու համար նոր ճառագայթային բուժում է նաև լինելու` արագացուցիչներով ճառագայթային բուժումը, որի յուրաքանչյուր կուրսը 1 մլն-ից ավելի գումար է կազմում: Թորոսյանի խոսքով` մինչ այս եղել է միայն գամա ճառագայթներով բուժում: