Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նիկոլ Փաշինյանը Նեռի առաքելություն իրականացրեց եւ մեզ հասցրեց ապոկալիպսիսի, ինչ որ բերեց մեր գլխին՝ ամպոկալիպսիս է: Որքան դատեն ու քննադատեն նախկիններին, չեն կարող, նրանց մեղադրելով, արդարացնել Նիկոլին․ Yerkir.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց բանաստեղծ Հուսիկ Արան։
Փաշինյանի ստերի շարքից վերջին աղմկահարույցներին է անդրադառնում՝ այն, որ Հայաստանի կողմից վավերացված համաձայնագիր կա, որով ճանաչվել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Բանաստեղծը շեշտում է՝ մարդն առնվազն պիտի աննորմալ լինի, որ Նիկոլ Փաշինյանի խոսքերին հավատա, վստահի։
«Այդ մարդը ոչ թե օրը մի բան, այլ յոթ՝ իրար ժխտող բաներ է ասում։ Ձայնագրություններ են հրապարակում իր ելույթներից՝ մեկը մյուսին հակասող։ Ինքն իր դեմ է, ինքն իրեն հակասողն ու ժխտողն է, այլ մարդ պետք չէ։ Փաշինյանի դեպքում պետք չէ իշխանավոր եւ ընդդիմություն։ Ինքն իր իշխանությունն ու ընդդիմությունն է, կարողանում է ինքն իրեն ժխտել ու ոչնչացնել։ Հիմա ես ինչպե՞ս հասկանամ, որ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որտե՞ղ, ե՞րբ է ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում։ Ժողովուրդը որ տգետ է, Նիկոլն ինչ ասում է՝ հավատում են»,- նշեց բանաստեղծը։
Հուսիկ Արան պատմեց, որ ճանաչել է Փաշինյանին, ծանոթ է նրա գաղափարներին, որոնց հետ, ասում է, երբեք համամիտ չի եղել: «Չէի կարծում, որ այսպես կլինի, մտածում էի՝ ի վերջո, երկիր եւ պետություն են վստահել նրան, երկրի երաշխավորն է ու պատասխանատուն, արդեն այդպես կգործի: Պետության ղեկավարը պետք է խելացի կադրերին հավաքի, ասի՝ սա է մեր երկրի վիճակը, պետք է փորձենք դուրս գալ այս վիճակից եւ առաջ գնալ: Բայց, ցավոք, տեղի չունեցավ, գուցե՝ նեղ անձնական ամբիցիաների հետեւանքով. Արցախը բեռ է, եթե Արցախը բեռ է, ուրեմն Հայաստանն էլ է բեռ: Մենք միշտ ասել ենք, որ առանց Արցախի Հայաստան չկա, մարդիկ չեն հավատացել: Այսօր տեսնում եք, որ Սյունիքն ենք կորցնում: Երեւանն էլ ենք կորցնելու, եթե այդպես գնա»,- ասում է նա:
Արցախյան պատերազմից հետո Հայաստանում ստեղծված հետպատերազմյան ճգնաժամն օր օրի ավելի է խորանում: Պարբերաբար իրար են հաջորդում բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականներ, որոնց պատճառներն անհայտ են մնում: Վերջին աղմկահարույց հրաժարականը նախագահ Արմեն Սարգսյանինն էր: Հրաժարականի ուղերձում նա գրել է. «Մենք ապրում ենք յուրատեսակ իրականության մեջ, որտեղ նախագահը չի կարող ազդել պատերազմին եւ խաղաղությանը վերաբերող հարցերի վրա։ Իրականություն, երբ նա չի կարող վետո կիրառել այն օրենքների վրա, որոնք համարում է պետության եւ ժողովրդի համար ոչ նպատակահարմար»։ Ի՞նչ պատասխանատվությունից խուսափեց Արմեն Սարգսյանը, եւ ի՞նչ իրադարձություններ կարող են հետեւել նախագահի հրաժարականին:
Եթե մենք նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի տեքստը վերլուծենք, ապա, ըստ բանաստեղծի, կարող ենք եզրակացնել, որ պետականությունը կորցնելու ահազանգ է: «Հավանաբար, պատրաստվում է եւս մի ծանր թուղթ, գուցե՝ սեւ թուղթ, որը պետք է ստորագրվի, եւ Արմեն Սարգսյանը փորձում է խուսափել այդ պատասխանատվությունը կիսելուց ու ահազանգ է հնչեցնում: Այնպիսի վիճակում ենք ապրում, որ որեւէ ահազանգ չի ազդում մեզ վրա՝ լինի Արցախի կորուստ, Սյունիքի կորուստ, հայրենակործանում, ամբողջ սերնդի ոչնչացում: Ոչինչ բացարձակապես չի ազդում, եթե ատոմային ռումբ էլ նետեն Երեւանի վրա, մեր մեջ էլի բան չի շարժվելու»,- ասում է Հուսիկ Արան։
Զրուցակիցս շեշտում է՝ Հայաստանը դառնալու է Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ միջանցք։ Ե՞րբ կսթափվենք եւ ի՞նչ կարող ենք փրկել, չգիտի։ «Սրանք արագացված տարբերակով գնում են Հայաստանի ոչնչացմանը։ Չենք դիմանալու, մեզ կուլ են տալու մի բաժակ ջրի պես։ Մեր կրթական մակարդակն իսկապես շատ ցածր է, հավանաբար՝ այս տարածաշրջանում ամենացածրը, նվաստ վիճակում ենք, եւ դա ասում եմ մեծ ցավով։ Մենք կարողացել ենք միահամուռ պետականություն վերակերտել։ 1988 թվականով անցած հզոր ժողովուրդն այսօր ոգուց է զրկված։ Օգտվելով առիթից՝ եկավ մի իշխանություն եւ, տեսնելով այս տրամադրությունները, կարողացավ երկիրը կործանման հասցնել»,- ընդգծում է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լիանա Սարգսյան