Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային ժողովը քննարկում է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը:
ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը իր ելույթում նշեց, որ կուտակային համակարգի ներդրմամբ էլ ավելի թույլ տնտեսություն ենք ունենալու, ավելի անպաշտպան քաղաքացիներ ու ավելի վատ իրավիճակ: Պատգամավորի կարծիքով` աշխարհի ոչ մի երկրում այս մոդելը ներդրված չէ, և անգամ Չիլին այսպիսի մոդել չի ներդրել: Իսկ պարտադիր բաղադրիչը իրենց թույլ են տվել ներդնել այն երկրները, որոնց կենսամակարդակը եղել է բարձր, մարդկանց պարտադրել են, որ շռայլության համար ծախսվող գումարները կուտակեն ու ներդնեն տնտեսության մեջ:
«Աշխարհի ոչ մի երկրում չի եղել դեպք, որ աղքատության նման ցուցանիշների դեպքում նման համակարգ պարտադրվի: Աղքատ մարդկանց հնարավոր չէ պարտադրել, որ իրենք խնայեն: Ի՞նչ խնայեն, որտեղի՞ց խնայեն, եթե էդ մարդը եկամուտ չունի, որտեղի՞ց խնայի»,- ասաց պատգամավորը: Նա նաև հավելեց, որ այդ համակարգը ֆինանսական շուկային ծառայեցվող համակարգ է: Ըստ Արծվիկ Մինասյանի` Հայաստանը չունի արժեթղթերի զարգացած շուկա, կապիտալի զարգացած շուկա, իսկ շարքային քաղաքացուն քիչ է հետաքրքրում, թե ինքը որ ընկերությունն է ընտրելու` որպես իր գումաների կառավարիչ, քանի որ մարդիկ խնայելու փող չունեն: «Եթե չեք ճանաչում մեր գյուղի տրակտորիստ Վասիլին, ով 1974 թվականից հետո է ծնվել, կարող եմ ձեզ տանել, ծանոթացնել նրա հետ, իրեն ձեր բացատրություններով ցույց տաք, թե ինչպես կարելի է ընտրություն կատարել կառավարիչների և ֆոնդերի միջև: Վասիլը պայմանական անուն է, հետո չգնաք հարձակվեք իրա վրա»,- նշեց Արծվիկ Մինասյանը:
Նա ասաց, որ իրենք ստիպված գնում են Սահմանադրական դատարան՝ տեսնելու, թե ով է ճիշտ՝ բողոքող քաղաքացիներն ու համակարգի ընդդիմախոսնե՞րը, թե՞ քաղաքական մեծամասնությունը: