կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-02 19:55
Առանց Կատեգորիա

Եթե Թուրքիան մտնի ՄՄ, Ռուսաստանը դուրս կգա այդ միությունից. Զատուլին

Եթե Թուրքիան մտնի ՄՄ, Ռուսաստանը դուրս կգա այդ միությունից. Զատուլին

«Հայաստան, Ռուսաստան, Մաքսային միություն» համաժողովի ընթացքում Yerkir.am-ը եւ մի քանի լրագրողներ զրուցել են ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինի հետ:

 

- Ի՞նչ կարող է տալ Հայաստանին այս ֆորումը:

- Ինչպես տեսնում ենք, նման ներկայացուցչական համաժողով Հայաստանում դեռ չի անցկացվել, դա ուղիղ հետևանքն է այն ընտրության, որն արեց Հայաստանը, երբ հասկացավ, որ իր դեմ թակարդ են լարել: Ես նկատի ունեմ Արևելյան գործընկերության ծրագիրը, որը տապալվեց Վիլնյուսում: Այդ ծրագիրն ի սկզբանե կառուցվել էր կեղծ թեզիսի վրա, որ պետք է հնարավորինս հեռացնել ԱՊՀ երկրներին Ռուսաստանից և տապալել հետխորհրդային տարածությունում ամեն տեսակի ինտեգրման գործընթացներ:

 

Ինչ վերաբերում է համաժողովին, ապա բնական է, որ Հայաստանն ունի որոշ կարիքներ՝ կապված տնտեսական խնդիրների հետ, որոնք առաջացել են շրջափակման հետևանքով` նեդրումների հետ կապված: Եվ այդ բոլոր ուղղություններով փորձ է արվում օգնել Հայաստանին: Այսպես՝ բանակցություններ են տարվում Հայաստանի համար գազի գնի իջեցման վերաբերյալ, որպեսզի այն ունենա այն գինը, որը գործում է ՄՄ անդամ երկրների համար, օրինակ` Բելառուսի:

 

Բացի այդ` ՌԴ-ն և Հայաստանը գործընկերներ են ՀԱՊԿ-ի շրջանակներում, և դա, իհարկե, նույնպես իր ազդեցությունն ունի: Հայաստանի համար չի կարող միևնույն լինել՝ կհամագործակցի՞ ՌԴ-ն իր հետ, թե՞ ոչ: Այդ իսկ պատճառով, բոլոր տեսանկյուններից, Հայաստանի ընտրությունը ճիշտ ընտրություն է և, ամենակարևորը, ճիշտ ժամանակին է կայացված, քանի որ այն, ինչ մենք տեսնում ենք Ուկրաինայում, ուղղակի բումերանգ է, որը վերադարձել է ուկրաինական իշխանություններին այն բանից հետո, երբ նրանք երկու տարի հույսեր էին կապում ԵՄ-ի հետ: Սակայն, երբ հասկացան՝ ինչ է իրենց սպասվում, հետ կանգնեցին, սակայն շատ ուշ արեցին դա՝ գագաթաժողովից մեկ շաբաթ առաջ: Եվ այն, ինչ հիմա կատարվում է, բնական է, սակայն շատ շուտով ամեն ինչ կավարտվի և կհանդարտվի:

 

-Շատ է խոսվում Ուկրաինայի և Հայաստանի վրա Կրեմլի կողմից գործադրված ճնշուների մասին: Ի՞նչ կարող եք ասել այդ առումով:

-Իրականում այդ բոլոր ճնշումների հեղինակը եվրոպական կողմն է. ակնհայտ է, որ նրանք փորձում են ապակայունացնել դրությունը Ուկրաինայում: Վիլնյուսում նույնիսկ հայտարարվեց, որ Ուկրաինայի հետ բանակցությունները հնարավոր կլինեն իշխանությունների փոփոխությունից հետո: Ի՞նչ է դա, մենք երբևէ մեզ նման կերպ պահե՞լ ենք: Եվ, ընդհանրապես, ի՞նչ է նշանակում ճնշում գործադրել: Ուկրաինային անհրաժեշտ է գազի մատչելի գին, և մենք ճնշում գործադրելու անհրաժեշտություն չունենք, մենք ուղղակի ասացինք` գազի ձեր ցանկացած գինը հնարավոր կլինի ՄՄ մտնելու դեպքում: Իրենք ասացին` ոչ, գինը թող իջնի, բայց ՄՄ չմտնենք: Դա նույնն է, թե գնաս շուկա, քեզ ասեն, որ այդ ապրանքը վաճառվում է 10 դրամով, իսկ դու ասես՝ գիտեք, դա ճնշում է, ես 5 դրամով եմ ցանկանում գնել:

 

-Իսկ ի՞նչ կլինի ԼՂ-ի հետ, հնարավո՞ր է այն նույնպես մտնի ՄՄ:

- Կարող եմ հաստատ ասել, որ ԼՂ-ն կմնա իր տեղում: Ես շատ եմ սիրում Ղարաբաղը, շատ ընկերներ ունեմ այնտեղ, ինչպես գիտեք՝ այդ պատճառով նույնիսկ պերսոնա նոն գրանտա եմ ճանաչվել Ադրբեջանում: Այնպես որ` չեմ կարծում, որ ՄՄ-ն կազդի ԼՂ- վրա: Ինչ վերաբերում է բուն խնդրի լուծմանը, ապա կարծում եմ` այն լուծելի է, դրա համար երկկողմ ջանքեր են հարկավոր: Ադրբեջանը պետք է ճանաչի ԼՂ-ի անկախությունը, իսկ ԼՂ-ին սահմաններից դուրս գտնվող տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին: Դա փաթեթային գործարք է, և այլ տարբերակ հնարավոր չէ: Թեեւ ադրբեջանցիները դա զուտ հայամետ կարծիք են համարում, խնդիրը դա է:


-Ի՞նչ խնդիրներ կան` Վրաստանով անցնող երկաթուղային ճանապարհի հետ կապված:

- Կարծում եմ՝ այդ հարցը Սահակաշվիլիի հեռանալուց հետո ավելի հեշտ կլինի լուծել: Բացի այդ` հարցը անհանգստացնում է նաև Աբխազիային: Կարծում եմ` վերականգումը պետք է սկսվի բեռնափոխադրումից, ոչ թե ուղևորափոխադրումից, ինչն օգուտ կբերի նաև Հայաստանին: Վրաստանը, օրինակ, կարող է զիջման գնալ և բացել Աբխազիայի հետ օդային տարածությունը: Տեսնենք` ինչպես իրենց կդրսևորեն նոր իշխանությունները:

 

- Ինչպե՞ս եք վերաբերվում Թուրքիայի՝ ՄՄ մտնելու խոսակցություններին:

- Դրանք ուղղակի երևակայության արդյունք են՝ լիովին անհիմն: Թուրքիան մինչ օրս չի հաստատել նման ցանկությունը: Նազարբաևի ասածը, կարծում եմ, ինքնաբերական է եղել, և ոչ մի տեսանկյունից դա չի կարող լուրջ քննարկվել, քանի որ Թուրքիան ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտում է գտնվում և չի կարող ՄՄ մտնել: Նազարբաևը նաև առաջարկեց դիտարկել Սիրիայի՝ ՄՄ-ին միանալու հնարավորությունը, իսկ Թուրքիան քիչ էր մնում պատերազմեր տվյալ երկրի հետ: Ինչպե՞ս է նա պատկերացնում այդ երկու երկրների մի միությունում գտնվելը: Եվ, ընդհանրապես, եթե Թուրքիան մտնի ՄՄ, Ռուսաստանը դուրս կգա միությունից: Թուրքիան, բացի այն բանից, որ մեր գործընկերն է, նաև մրցակիցն է՝ ԱՊՀ թուրքալեզու պետություններում ազդեցություն հաստատելու առումով:

 

-Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ Ռուսաստանը զինում է Ադրբեջանին:

-Ինչպես գիտեք՝ զենքը կարելի է գնել ցանկացած երկրից, եթե Ռուսաստանն այն չվաճառի, Ադրբեջանը կգնի այն այլ երկրից: Սակայն որոշ հարցեր, իհարկե, առաջանում են նաև ինձ մոտ: Մյուս կողմից` ես ավելի վաղ նշել է, որ եթե Հայաստանը իրեն թույլ է տալիս երկակի քաղաքական վեկտոր՝ դեպի ԵՄ և Ռուսաստան, ապա Ռուսաստանը նույնպես մտածում է՝ ինչո՞ւ պետք է բոլոր հարցերում հաշվի նստի հայկական կողմի կարծիքի հետ:


- Ի՞նչ բացասական կողմեր ունի Եվրասիական միությունը:

-Գիտեք, կարող եմ ձեզ մի պատմություն պատմել`երբ ինձ տարիներ առաջ ցանկանում էին մի պաշտոնի նշանակել և հարցրել էին Մոսկվայի պետական համալսարանի հանձնաժողովի կարծիքը, նրանք իդեալական բնութագիր էին տվել: Սակայն, երբ նրանց ասել էին, որ լավի մասին բոլորը կարող են ասել, թվարկեք թերությունները, պատասխանել էին. «Եթե մենք թվարկենք նրա բոլոր թերությունները, նա չի ստանա այդ պաշտոնը»: