Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն տեղեկացրել ենք, որ դեկտեմբերի 5-ին ՀԳՄ-ում տեղի է ունեցել փակ քվեարկություն` որոշելու համար ՀՀ նախագահի մրցանակին առաջադրված գրքերի հաղթողին: Yerkir.am-ի տեղեկություններով /պաշտոնապես դեռ հայտարարված չէ/` քվեարկության արդյունքում որոշվել է, որ այս տարվա լավագույն ստեղծագործությունը ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի «Է» գիրքն է:
Պարզվում է` Էդվարդ Միլիտոնյանը նախագահի մրցանակին առաջադրվելու հայտ է ներկայացրել դեռ այն ժամանակ, երբ ոչ թե ՀԳՄ նախագահ էր, այլ ՀԳՄ քարտուղար, սակայն սա էլ չի փրկում իրավիճակը: Մինչ այդ գրականագետներ Հասմիկ Հակոբյանն ու Արքմենիկ Նիկողոսյանն արդեն հայտարարել էին, որ ճիշտ կլինի, որպեսզի ՀԳՄ նորընտիր նախագահ Էդվարդ Միլիտոնյանը հանի իր թեկնածությունը, քանի որ մրցակցությունն արդար չի ընթանա, սակայն Միլիտոնյանը որոշել էր պայքարել մինչեւ վերջ: Արդյունքում` Հասմիկ Հակոբյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը հենց մրցանակի փակ քվեարկության օրը ՀԳՄ-ի շարքերից դուրս գալու վերաբերյալ դիմում ներկայացրեցին, իսկ Գուրգեն Խանջյանը որոշել է սառեցնել իր անդամակցությունը:
Yerkir.am-ի հետ զրույցում Հասմիկ Հակոբյանը նշեց, որ իրենց` ՀԳՄ-ից դուրս գալու պատճառը Միլիտոնյանի` թեկնածությունը չհանելն էր: «Ոչ թե մեզ արդյունքները չեն բավարարել, ոչ թե գրքի դեմ ինչ-որ բան ունենք, այլ անհավասար մրցակցության համար: Մենք անելիք չունենք միությունում, որտեղ նման բարոյական մթնոլորտ է տիրում. ՀԳՄ նախագահն ակնհայտ առավելություն ունենալով եւ ոչ հավասար մրցակցային պայմաններում գտնվելով` իր թեկնածությունն է դնում եւ մինչեւ վերջ պաշտպանում այն»,- ասաց գրականագետը:
Նրա կարծիքով` ստացվում է, որ գրողների միությունը ոչ թե առաջ, այլ ավելի հետ է գնում: Միլիտոնյանի պատճառաբանությունը, թե ինքը մինչ ՀԳՄ նախագահ դառնալն էր դրել իր թեկնածությունը, Հակոբյանը տեղին չի համարում, քանի որ իրենք դրանից հետո հայտարարել են, որ ճիշտ կլիներ` Միլիտոնյանը հաներ իր թեկնածությունը:
«Սա դեմ քայլ էր` հենց ՀԳՄ-ին ուղղված: Քվեարկության օրը մենք դիմում գրեցինք, այն թողեցինք քարտուղարությունում եւ դուրս եկանք: Ուղղակի այլ տարբերակ չկա` ՀԳՄ-ում աշխատելու եւ մեր բողոքն արտահայտելու: Ես չեմ բոյկոտում մրցանակը, ինձ դուր չի գալիս ՀԳՄ-ի որդեգրած աշխատաոճը, եւ ես դրա դեմ եմ բողոքում: Այս կամ այն կերպ մենք միշտ գրականության կողքին ենք, բոլորից շատ ու մեծ քանակությամբ էլ գրականություն ենք տարածում` ոչինչ հաշվի չառնելով: ՀԳՄ-ն այս դեպքում ունի մեր կարիքը` նոր բան ստեղծելու համար, բայց եթե նա չի ուզում այդ նորը, չունի դրա կարիքը, նրանց հետ մնալ այնտեղ եւ ճահճանալ` նպատակ չեմ տեսնում»,- ասաց Հակոբյանը` հավելելով, որ իրենք դուրս են գալիս ՀԳՄ-ից`գրականությունը պաշտպանելու համար, որպեսզի գրականությունն ու ՀԳՄ-ն չնույնացվեն:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը զարմացած է նման վերաբերմունքից, քանի որ կարծում է, որ ՀԳՄ նախագահ լինելը չի նշանակում կտրվել գրական միջավայրից: «Հիմա ի՞նչ, այդ տրամաբանությամբ ես ստեղծագործելու եւ դրանք ներկայացնելու իրավունք չպե՞տք է ունենամ: Ստեղծագործական միջավայրում իրավունք չունե՞մ իմ ստեղծագործությամբ որեւէ չափանիշ պաշտպանելու, գրական որեւէ նորություն բերելու: Գրականագետները պետք է գրքի գեղարվեստական արժեքի մասին խոսեին` գրականագիտական հոդվածներով, թող քննադատեին, բայց ոչ թե ուղղակի թողնեին, դուրս գային ՀԳՄ-ից»,- ասում է նա:
Ըստ Միլիտոնյանի` ՀԳՄ քարտուղարությունը դեռ չի քննարկել Հակոբյանի եւ Նիկողոսյանի` ՀԳՄ-ից դուրս գալու դիմումները, մինչ այդ ՀԳՄ նախագահը պատրաստվում է զրուցել գրականագետների հետ` դեմ առ դեմ. «Ես կկանչեմ եւ կզրուցեմ նրանց հետ, քանի որ կարծում եմ, որ արդար մրցակցության խնդիր չկար իմ թեկնածությունն առաջադրելու փաստի մեջ: Հանձնաժողովի անդամներից ոչ մեկի վրա ես որեւէ ազդեցություն չեմ ունեցել»:
Ի դեպ, որպես մրցանակ` Միլիտոնյանը պետք է 10 000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար ստանա: Իսկ թե ինչի վրա կծախսվի այդ գումարը, այդ մասին ՀԳՄ նախագահը այսօր ՀԳՄ-ում տեղի ունենալիք` Վրեժ Իսրայելյանի պատմվածքների շնորհանդեսի ժամանակ կարճ հայտարարություն կանի: