Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեռևս 2013-ի դեկտեմբերին գրողներից ոմանք ՀԳՄ-ից դուրս գալու ցանկություն էին հայտնել: ՀԳՄ-ից դուրս գալ էին ցանկանում Գուրգեն Խանջյանը, Հասմիկ Հակոբյանը, Մանե Գրիգորյանը, Աշոտ Գաբրիելյանը, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը: Հայաստանի գրողների միության կազմից դուրս գալու դիմումներն այն ժամանակ առկախվեցին` պարզաբանմամբ, թե միգուցե նրանք ցանկանան հետ վերցնել իրենց դիմումը: Օրեր առաջ Աշոտ Գաբրիելյանը կրկին դիմել է ՀԳՄ` ցանկանալով սառեցված անդամատոմսի «գործունեությունն» էլ դադարեցնել` դուրս գալ ՀԳՄ-ից:
Yerkir.am-ի հետ զրույցում Գաբրիելյանը նշեց, որ իր` նման քայլի դիմելու պատճառը կոնկրետ ինչ-որ դեպք չէ, և ոչ մի նոր բան չի պատահել, պարզապես, գրողի մեկնաբանմամբ, ՀԳՄ-ին անդամակցելն անիմաստ է դարձել` աբսուրդի հասնող անիմաստ:
«ՀԳՄ-ին անդամակցել եմ 2007-ին, այդ ժամանակ ես անգամ խանդավառված էի, որ ՀԳՄ անդամ եմ, որովհետև երիտասարդ հասակում հաստատվելու խնդիր կար: Այդ տարիներին հասարակությունը կարծրատիպեր ուներ` գրողին ճանաչում, ընդունում էին, եթե ինչ-որ մեկը «հաստատել» էր: Իսկ 2013-ին, երբ սառեցվեց մեր անդամակցությունը, ակնկալում էինք, որ Գրողների միությունում ինչ-որ ներքին, կառուցվածքային փոփոխություններ կլինեն, ինչպես խոստանում էին: Բայց լրիվ հակառակը դուրս եկավ»,- ասաց Գաբրիելյանը:
Նա նշեց նաև, որ այս անգամ ՀԳՄ-ից դուրս գալու իր որոշումը բեկանման ենթակա չէ: Ըստ նրա` միությունը զուտ գրականություն ստեղծելու պրոցեսի համար էլ ոչինչ չի տալիս գրողին և չի էլ կարող տալ, իսկ ինչ վերաբերում է հասարակական կարծիքին` այդտեղ էլ ոչինչ չի անում, ավելին` դեռ մի բան էլ արժեքները խեղաթյուրում է: «ՀԳՄ-ում ոչ թե, ընդհանուր առմամբ, գրական հարցեր են քննարկում, այլ միջոցառումից միջոցառում պտիչկա դնելով են զբաղված, ինչպես քաղաքական դաշտում: Առհասարակ, ես նրանց հետ շփվում էի այնքանով, որքանով շփվում էինք «Գրեթերթ»-ի երիտասարդներով»:
Գրողի կարծիքով` գրողները, սովորաբար, պետք է խմբավորվեն գեղագիտական հարցերի, ինչ-որ ուղղությունների, դպրոցների, գրական հոսանքների շուրջ, իսկ ՀԳՄ-ում այլ կերպ է: «Երբ բոլորին բերում-լցնում են ու ասում` դուք գրող եք, դա ձեր պիտակն է, դուք պետք է մի տեղ լինեք. հակագեղագիտական է, ստեղծագործող մարդու համար անարդյունավետ է»,- ասաց նա:
ՀԳՄ վարչության քարտուղար, գրականագետ Պետրոս Դեմիրչյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ Գաբրիելյանի դիմումը դեռ չեն քննարկել, նախագահության նիստ չի եղել, բայց որոշել են բավարարել նրա հայտը: «Նախկինում կրքեր էին բորբոքվում, բուռն քննարկումներ լինում, իսկ հիմա կարծում ենք, որ դա նրանց գործն է: Աշոտն ասում էր, որ դա իրեն խանգարում է, չի հասցնում: Դե, եթե ծանրաբեռնվածություն է` թող չգա»,- ասաց նա:
Դեմիրչյանը տեղեկացրեց նաև, որ դեռ ընդունելություն չի եղել` ՀԳՄ շարքերը համալրելու համար, քանի որ վերջին տարիներին մոտ 100 հոգի Սփյուռքից անդամակցեց ՀԳՄ-ին և այժմ 500-ից ավելի անդամ ունեն: «Այս ընթացքում, ցավոք, մոտ 2 տասնյակ մահացողներ էլ եղան: Աշնանն արդեն ընդունելություն կանենք»,- ասաց նա: