կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-02 15:55
Տնտեսական

Նոր օրենքով ժողովրդին դարձնում են կազինոյի խաղացո՞ղ

Նոր օրենքով ժողովրդին դարձնում են կազինոյի խաղացո՞ղ

Այսօր ԱԺ քարտուղարություն ներկայացվեց ձևաթուղթ` ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի, ԲՀԿ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի ու Տիգրան Ուրիխանյանի կողմից, համաձայն որի` պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մասին հայտարարությունը իմպերատիվ կարգով կներառվի ԱԺ քառօրյայի օրակարգում:


Ձեւաթղթի տակ ստորագրել է 49 պատգամավոր:

 

Ելույթ ունենալով ԱԺ նիստում` ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը ներկայացրեց ԱԺ որոշման նախագիծը, որը հեղինակել են ԱԺ չորս խմբակցությունները` «Ժառանգություն», ՀՅԴ, ԲՀԿ և ՀԱԿ, և որի նպատակն է օգտվել կանոնակարգ-օրենքի հնարավորությունից` արտահերթ քննարկել կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի վերաբերյալ հարցը:

 

Նա նշեց, որ արտահերթ քննարկման նպատակը քաղաքացիների մի ստվար խմբի կողմից բարձրացված` տարիներ շարունակ խորհրդարանում վեճերի առիթ դարձած կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը հունվարի 1-ից ներդնելը հետաձգելն է: Թե' քաղաքացիական, թե մասնագիտական, թե' հանրային շատ շրջանակներ ներկայացնում են հիմնավոր փաստարկներ, որ կուտակային բաղադրիչը թե' տնտեսապես, թե' քաղաքականապես ու իրավական տեսակետից եւ ամենակարևորն է' սոցիալական համերաշխության տեսակետից չի համապատասխանում երկրում ձևավորված սոցիալ-տնտեսական պահանջներին:

 

Հակառակ դրան, ԱԺ մեծամասնությունը սպասում է, որ հունվարի 1-ից կգործարկվի այդ օրենքը, ինչը Սահմանադրությամբ նախատեսված սեփականության իրավունքի խախտում է: Անդրադառնալով բարեփոխումների անցած ուղուն` Մինասյանը նշեց, որ թեման քննարկվել է, եղել է երեք-չորս նախաձեռնություն, բայց հիմնական վեճը վերաբերել է կուտակային բաղադրիչին:

 

«Այդ վեճը դուրս չի եկել մասնագիտական ու գերատեսչական քննարկումների շրջանակներից, ահա` ինչու այն լայն քննարկումների առիթ չի դարձել հանրության շրջանում»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

 

Նա առանձնացրեք օրենքի հետ կապված երեք հիմնական խնդիր: Առաջին խնդիրը աշխատողների և թոշակառուների միջև եղած հարաբերակցությունն է: Համակարգը կարող է աշխատել, եթե երեք աշխատողի բաժին հասներ մեկ թոշակառու, սակայն Հայաստանում հարաբերակցությունը մեկին մեկ է: Երկրորդ խնդիրը վերաբերում է փոխհատուցման գործակցին, իսկ երրորդ խնդիրը կապված է արդարության բանաձևի հետ, քանի որ սերունդների համերաշխության ներկա ձևը ապահովում էր բոլորին համարժեք կենսաթոշակով:

 

«Կառավարությունը ցույց տվեց, որ բացարձակ ի վիճակի չէ լուծել երկրի ժողովրդագրական խնդիրները: Եվ քայլ արեց ներդնել կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչը, որն անկատար համակարգի միջոցով չի լուծելու խնդիրները»,- ասաց պատգամավորը:

 

Նրա խոսքով' այս օրենքի նպատակն է, հիմնախնդիրները անտեսելով, ֆինանսական շուկաներում ռեսուրսներ ապահովելը, բայց ֆինանսական շուկայում այսօր դոմինանտ դեր ստանձնած բանկերը կառավարելու են սոցիալական խնդիրները, այնինչ` բնակչության 70 տոկոսն այսօր բանկային վարկերի տակ է:

 

«Արդյո՞ք նպատակը մեր քաղաքացիներին ֆինանսական շուկայի բարձր ռիսկային խաղերի մեջ գցելն է: Ֆինանսական շուկայում ռիսկերը և կազինոն իրարից շատ չեն տարբերվում: Եվ եթե նպատակը ժողովրդին կազինոյի խաղացող դարձնելն է, ուրեմն սխալ նպատակ եք հետապնդում»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

 

Պատգամավորը հավելեց` եթե մարդը չունի ապրելու փող, նվազագույն պայմաններ, հնարավոր չէ նրան պարտադրել, որ նա խնայողություններ անի: Ուստի անմարդկային մոտեցումները չեն կարող աշխատել: