կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-11-27 14:46
Հասարակություն

Վարկերը կօգնեն ճոխ հարսանիք անել, բայց …

Վարկերը կօգնեն ճոխ հարսանիք անել, բայց …

Մի հոլանդացի ծանոթ ունեի` Թիլբուրգի Ժուռնալիստիկայի բարձրագույն դպրոցի պրոֆեսոր` Գեղուն անունով: Գեղունը հոլանդական արիստոկրատ ընտանիքի ժառանգ էր: Մի օր իմացա, որ նա ամեն երեկո` համալսարանում դասախոսական աշխատանքը ավարտելուց հետո, այլ աշխատանք էլ էր անում` Թիլբուրգի հոսպիտալում սանիտար է աշխատում, գիշերները լվանում էր հոսպիտալի հատակը: Զարմացա. հոլանդացի ազնվականի միակ ժառանգ, հայրը` ագարակատեր, մեծ տնտեսություն ունեցող հարուստ մարդ, ինքը` համալսարանի պրոֆեսոր, ու հանկարծ... սանիտար:

 

Ծանոթիս հոբբի մասին իմանալու հաջորդ օրը միասին ընթրում էինք: Չգիտեմ` գինու ազդեցության տակ էր, թե` ուղղակի ավելի էինք մտերմացել, բայց ես հետաքրքրվեցի, թե իր ինչի՞ն է պետք երկրորդ աշխատանքը, այն էլ` սանիտարի, երբ հարուստ ազնվական ընտանիքի միակ ժառանգն է: Գեղունն էլ, հավանաբար էլի գինու ազդեցության տակ, սկզբում անկեղծորեն զարմացավ հարցիցս, հետո, երբ մի քիչ ավելի «խորացանք» նման իրավիճակների հանդեպ հայկական ընկալման մեջ, անկեղծացավ` իր ընտանիքի ունեցվածքը, այսպես, թե այնպես, իրենն է, իսկ ինքն աշխատում է, որպեսզի գնահատի այդ ունեցվածքը, դրա արժեքն իմանա:

 

Իսկ գիշերները Գեղունը լվանում էր հոսպիտալի հատակը, ինչպես պարզվեց, շատ պարզ ու անկեղծ մի իղձ իրագործելու նպատակով` այդ տարի ցանկանում էր ամուսնանալ իր նշանածի հետ` Փարիզում: Զույգը նախատեսել էր, որ երկուսով պետք է մեկնեն Փարիզ, ամուսնանան մի ինչ-որ գողտրիկ եկեղեցում, երեկոյան համեստ ընթրեն Էյֆելյան աշտարակի ռեստորաններից մեկում, երեք օր էլ Փարիզով շրջելուց հետո վերադառնան իրենց բանուգործին: Դրա համար շատ մեծ գումար չէր պահանջվում, ամեն դեպքում` Գեղունն արդեն սանիտարի աշխատանքով կարողացել էր անհրաժեշտ գումարը հավաքել: Իսկ հարսանեկան արարողության համար պահանջվելու էր 1000-1500 եվրո...

 

Հիմա նայենք մեր իրականությանը: Մեզ մոտ հարսանիքը, որին ամբողջ կյանքում սպասում են հայ տղաներն ու աղջիկները, այդքան հեշտ ու հանգիստ կազմակերպել չի լինում` հարսի շոր` նվազագույնը 100 դոլար, առավելագույնը' ինչքան երեւակայությունդ թույլ կտա, զամբյուղների փող, ոսկյա զարդերի փող, կոնյակի փող, կոշիկի փող, կոստյումի փող, հարսանեկան մեքենայի փող, նվագի փող, լուսանկարչի եւ օպերատորների փող, աղավնիների փող, ծաղկեփնջի փող, ֆուրշետի փող, փո~ղ, փո~ղ, փո~ղ...

 

Հետո ծախսերը շարունակվում են ռեստորանում' մեկ հյուր հրավիրելը Երեւանի կամ երեւանամերձ ռեստորաններում կարող է հարսանքատիրոջ վրա նստել, ծանոթ խառնելով, 10 հազարից սկսած էլի մինչեւ ինչքան երեւակայությունն ու դրամապանակի հաստությունը թույլ կտան: Սեղաններին` աղցանների տեսականի, պանրի տեսականի, մսեղենի տեսականի, «ջրեղենը թող բոլ-բոլ ըլնի», «բա մեր ազիզ հյուրերը 25 տարվա կոնյակ չխմե՞ն», «խորովածը շատ լավ բան է, վայ դույ-դույ, դույ-դույ, դույ-դույ...» ու չալաղաջներն են գալիս, «տեղ բացեք' ճուտը տեղավորենք», խավիար, քյուֆթա, խաշլամա, «բա էս ընտիր ձկից մի կտոր չե՞ք փորձելու» եւ այլն, եւ այլն: Վերջում 5-7 հարկանի տորթեր, որի մոտ 60 տոկոս մասը, միեւնույն է, վերջում մնում է, ու մի քանի շաբաթ հարսանքատիրոջ սառնարաններում քարշ գալուց հետո` թթված հայտնվում աղբարկղում. Նույնն էլ հարսանիքի «լի ու բոլ» սեղանների մնացած բարիքները:

 

Իսկ այդ ամենի համար, բնականաբար, պետք է վճարել: Վճարելու միջոցները հայերիս մոտ հայթայթվում է` պարտքով, տոկոսով, բնակարանը գրավ դնելով, մեքենան վաճառելով, մի 5-10 տարվա աշխատանքը մեկ օրվա մեջ քամուն տալով: Հարսանիքներ ենք անում, դե ամոթ չէ՞, բա ծանոթ-բարեկամ-հարեւան մարդիկ ի՞նչ կասեն, եթե մի բանը պակաս լինի...

 

Ու հարսանիքը շատ հաճախ ծանր վարկի կամ պարտքի տեսքով ծանրանում  է նորակազմ ընտանիքի ուսերին: Հայաստանում շատ երկար պլանավորված ու խիստ խնայված ծախսերով հարսանիքներն անգամ նվազագույնը 4-5 հազար ԱՄՆ դոլար են արժենում: Մի երկրում, ուր ամեն երրորդ մարդը, պաշտոնական թվերով, աղքատ է, նման հարսանիքներ անել... Դե ե'կ ու իմ ծանոթ Գեղունին բացատրի, որ մենք հարսանիք սիրող ժողովուրդ ենք...

 

Մի խոսքով` մեր հայրենակիցների այս ձգտումը, պարզվում է, հիանալի առիթ է բանկային մարկետոլոգների  համար, ու նրանք մեր այս բարի ու «անշառ» մղումը բանկային ապրանք են դարձրել` տարբեր ու տարատեսակ  սպառողական, գրավով ապահովված, չապահովված եւ այլ կարգի վարկերի տեսքով` ամենատարբեր ժամկետներով ու տոկոսադրույքներով:

 

Նույնիսկ հատուկ այս առիթով վարկատեսակ էլ կա, որ կոչվում է «Հարսանեկան»: Այս վարկով բանկը տրամադրում է 1-5 միլիոն դրամ գումար, առավելագույնը 60 ամիս` 5 տարի ժամկետով, տարեկան 21,3 տոկոս` դրամով վարկ ստանալու, 16,3 տոկոս` դոլարով եւ 15,3 տոկոս` եվրոյով ստանալու դեպքում: Ընդ որում` վարկ ստանալու դիմում ներկայացրածներից աշխատանքի ու աշխատավարձի չափի տեղեկանքներ չեն պահանջվում, միայն թե գրավադրվող գույք լինի:

 

Այսինքն` եթե այս վարկատեսակի նվազագույն չափով զույգը վարկ է վերցնում' 1 միլիոն դրամին համարժեք ԱՄՆ դոլարի չափով գումար, ամենաերկար' 60 ամիս ժամկետով ու 16 տոկոս տոկոսադրույքով, ապա ամսական պետք է վճարի  մոտ 24-25 հազար դրամ: Հիշեցնենք, որ Հայաստանում ազգաբնակչության 1/3-ը մոտ այսքան գումար է ունենում ամբողջ ամսվա ընթացքում եւ համարվում է աղքատ: Իսկ եթե զույգը ճոխ հարսանիքի է պատրաստվում` վերցնում է 5 միլիոն ՀՀ դրամով, էլի առավելագույն ժամկետով, ապա ամսական պետք է վճարի մոտ 136 հազար դրամ: Ընդ որում' այս վարկատեսակով առաջարկվող պայմանները Հայաստանի բանկերում գործող հիմնական սպառողական վարկերի մեջ նորմալ են համարվում:

 

Իհարկե, միշտ էլ հաճելի է ունենալ ճոխ հարսանիք, անմոռանալի ակնթարթներ, հիշողություններ եւ այլն, բայց արժե՞ արդյոք համատեղ կյանքը սկսել պարտքի մեծ բեռով, որը հետագայում անպայման անդրադառնալու է ընտանիքի սոցիալ-կենցաղային վիճակի վրա:

 

Գևորգ ԱՎՉՅԱՆ