կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-04 17:16
Հասարակություն

«Ռեալ»-ը, «Բարսելոնա»-ն, Հենրիխ Մխիթարյանը, Ջուլֆալակյանները կօգնեն Գյումրու անօթևաններին

 «Ռեալ»-ը, «Բարսելոնա»-ն, Հենրիխ Մխիթարյանը, Ջուլֆալակյանները կօգնեն Գյումրու անօթևաններին

Գյումրեցի 13 անօթևան ընտանիքներին բնակարան գնելու` SOS հաղորդաշարի ռեժիսոր Հայկ Բարսեղյանի նախաձեռնությանն արդեն բազմաթիվ մարդիկ են միացել:

Yerkir.am-ի հետ զրույցում Հայկ Բարսեղյանը նշեց, որ այս պահի դրությամբ 5 տուն ունեն, երկու հատ բնակարան նվիրաբերելու առաջարկով մի քանի ժամ առաջ զանգեցին /2-3 սենյականոց բնակարաններ են/, ևս 4 բնակարան խոստացել են նվիրել:

«Ես խնդրում եմ, որ մեզ գումարը չփոխանցեն, մենք իրենց կտրամադրենք անօթևան ընտանիքների ցուցակը, իրենք էլ կընտրեն ու կգնեն: Փաստացի 2 տան կարիք ունենք, բայց եթե այս տեմպերով գնաց, ավելի բնակարան էլ կունենանք: Սակայն խնդիրն այն է, որ ես այցելել եմ 300-400 ընտանիքի, որոնցից առանձնացրել եմ 80 ծայրահեղ ծանր վիճակում ապրողներին, սրան գումարած` ևս 60 ընտանիք կա, որոնց պետք է այցելեմ, այսինքն` օգնության կարիք ունեցողների թիվը շատ մեծ է»,- ասաց Հայկը:

Հիմա, ըստ նրա, մի ընտանիք կա, որի հայրը մահացել է, իսկ մայրը ոսկրային փտախտ ունի, բազմազավակ ընտանիք է` երեխաներից մեկը նույնպես մոր հիվանդությունից ունի: Հայկի հավաստմամբ` նրանք նույնպես օգնության կարիք ունեն:

Ըստ Հայկի` իրենք ինչքան էլ դրամահավաք անեն, խնդիրը լիովին չի լուծվելու: «Կուզեի` իրավիճակը փոխվի, և իշխանությունը խնդիրը հիմնովին լուծի, քանի որ ամենևին էլ կապ չունի` ինչ պատճառով է ընտանիքը դարձել անօթևան, միևնույն է, պատճառը երկրաշարժն է: Օրինակ` կան ընտանիքներ, որ 15 տարի առաջ ծախել են տունը, որ մահացածների գերեզմանաքարի հարցը լուծեն: Բացի այդ` կարծում եմ, որ տնակները պետք է քանդեն, իսկ նրանց, ում տուն կտան, արգելեն այդ տունը ծախել, որ բնակարանի խնդիր այլևս չլինի»,- ասաց նա:

Նախաձեռնող խմբի անդամներից Արեն Մկրտչյանն էլ նշեց, որ մարտի 19-ին «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում լինելու է բարեգործական աճուրդ, որտեղ վաճառքի են հանվելու բացառիկ իրեր:

Արենը պատմեց, որ նախաձեռնության ամենասկզբից, երբ դրամահավաքը դեռ այսքան լայն  մասշտաբների չէր հասել, իրենց է միացել Արսեն Ջուլֆալակյանը` նվիրելով իր ստորագրությամբ մարզակոշիկներ, որոնցով մասնակցել է 2012-ի Լոնդոնի օլիմպիական խաղերին: Հետո արդեն նախաձեռնությանն է միացել Արսենի հայրը` լեգենդար ըմբիշ, հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը` նվիրաբերելով իր` 1988-ի, երբ դարձավ օլիմպիական չեմպիոն, մարզակոշիկները` իր ստորագրությամբ:

«Հետո արդեն մեզ միացան ֆուտբոլային մեկնաբան Սենիկ Կարապողոսյանը` նվիրաբերելով դրոշ` «Բարսելոնա»-ի /2009 թ./ 10 աստղերի` Մեսսի, Չավի, Ինիեստա, Անրի, Պույոլ, Գվարդիոլայի և այլոց ստորագրություններով: Կան նաև Ռուդ վան Նիստելրոյի և Ջերարդո Գատուզոյի ստորագրություններով լուսանկարներ, «Արարատ 73»-ի լեգենդների ստորագրությամբ գնդակ, Յուրի Ջորկաևի ստորագրությամբ գնդակ, Հենրիխ Մխիթարյանի և Յուրա Մովսիսյանի մարզաշապիկները, Վարդան Մինասյանի ստորագրությամբ շապիկ և գնդակ, Մխիթարյանի, Խորեն Հովհաննիսյանի և Բոնդարենկոյի ստորագրությամբ գնդակ, Տիգրան Համասյանի վերնաշապիկը: Շուտով կունենանք նաև «Ռեալ»-ի դրոշը, որի վրա ֆուտբոլիստները կգրեն «Ի աջակցություն Գյումրու անօթևանների»»,- ասաց Արենը:

Նա նշեց նաև, որ կուզեին աճուրդ կազմակերպող ընկերություններից մեկն օժանդակեր իրենց` այն կյանքի կոչելու համար, քանի որ մտավախություն կա, որ գրոշների դիմաց կկորցնեն իրենց լոտերը, որովհետև աճուրդ իրականացնելու փորձ չունեն:

Արենը տեղեկացրեց, որ դիմելու են «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստներին, որպեսզի տեսաուղերձ նկարեն, որում կոչ անեն օգնել Գյումրու անօթևաններին:

Ի դեպ, աշխարհահռչակ Շառլ Ազնավուրը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր Գյումրու անօթևանների մասին պատմող տեսանյութը: