Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այցելել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղ: Այստեղ բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության հետ հանդիպման ընթացքում քննարկվել է կառավարության առաջարկությունը` մասնաճյուղի և Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի հնարավոր միավորման և նոր՝ Վանաձորի պետական համալսարան հիմնելու վերաբերյալ:
Նախարարը նշել է, որ, ընդունելով վանաձորցիների մտահոգությունը, կառավարությունը որոշել է հետաձգել որոշման ընդունումը` մինչև լրացուցիչ քննարկումների կազմակերպումը:
«Այն անհանգստությունները, որոնք կապված են դասախոսների ապագայի հետ, մարդկային տեսակետից լիովին հիմնավորված են, սակայն պետք է վստահեցնեմ, որ դրանք անհիմն են: Այո, կլինի վարչական կազմի, տնտեսական, տեխնիկական, սպասարկման կազմի խոշորացում, բայց ոչ երբեք՝ պրոֆեսորադասախոսական: Հաջորդ մտահոգությունն ուսանողների անհանգստությունն է՝ կապված իրենց ապագայի հետ: Ուզում եմ ձեզ վստահեցնել, որ վերջին չորսուկես տարիների ընթացքում, անկախ մեր կողմից ընդունված որոշումների, երբևէ որևէ ուսանող չի զրկվել կրթությունը շարունակելու իր հնարավորությունից, որևէ ուսանող չի տուժել, չի զրկվել ապագան կրթության միջոցով կառուցելու իր իրավունքից»,- հավաստիացրել է ԿԳ նախարարը:
Թե՛ բուհի ուսանողները, թե՛ պրոֆեսորադասախոսական կազմը դեմ են արտահայտվել բուհերի միավորմանը` պատճառաբանելով, որ այդ կերպ կտուժեն կամ տարեցտարի հետին պլան կմղվեն տեխնիկական, ինժեներական մասնագիտությունները, ինչպես նաև խնդրահարույց է բուհի նյութատեխնիկական բազայի և մասնաշենքերի պահպանման հարցը: Աշոտյանն ընդունել է բերված հակափաստարկներից երկուսը` առաջինը, որ պոլիտեխնիկի մասնաճյուղի բազայի վրա ստեղծված համալսարանում տեխնիկական կրթության դերը հնարավոր է նվազի, ինչպես Գորիսի, Արցախի համալսարաններում է եղել, և երկրորդ` պոլիտեխնիկի Վանաձորի մասնաճյուղն անմիջական կապեր ունի Երևանի մայր բուհի հետ, որոնք հետագայում էլ չպետք է խզվեն: Ուսանողներին առավելապես մտահոգում էր այն փաստը, որ բուհի դիպլոմը ներկայումս ունի նաև միջազգային ճանաչում, մինչդեռ միավորման դեպքում առկախ է նաև այդ հարցը:
«Որևէ մեկը մտադրություն չունի համալսարան ստեղծելու պարագայում վերացնել ինժեներական, տեխնիկական մասնագիտությունները: Այլ հարց է, որ այդ կրթությունը որակյալ լինի, առավել բարենպաստ գիտակրթական միջավայր ստեղծվի նրանց համար, համալրվի նյութատեխնիկական բազան: Պետք է մշակվի տեխնիկական կրթության հայեցակարգ, որը կհաստատվի կառավարության կողմից, որտեղ հստակ կնշվի այն բուհերի ցանկը, որոնք կպարտավորվեն` անկախ իրենց ակադեմիական ազատություններից, ինքնավարությունից, հետևել, որպեսզի տեխնիկական ու տեխնոլոգիական մասնագիտություններով կրթությունը շարունակվի»,-ասել է Աշոտյանը:
Ըստ նրա` պետությունն էլ իր հերթին պարտավորություն կարող է վերցնել նյութատեխնիկական, բազային ներդրումներ կատարել այդ մասնագիտությունները զարգացնելու համար և ավելացնել պետական պատվերն այդ մասնագիտությունների գծով: Նախարարի հավաստմամբ` ամեն անգամ բախվում ես մարդկանց ազնիվ մտահոգություններին, երբեմն որոշ մարդկանց շահարկումներին և նեղ անձնական շահերին:
«Մենք պետք է փորձենք լսել բոլորին և կայացնենք որոշում, որը օգուտ կտա ոչ թե կոնկրետ մարդու` ինչ-որ մի ռեկտորի, տնօրենի, դեկանի, այլ օգուտ է լինելու բացառապես շահագրգիռ կողմերի մեծամասնությանը: Ես վստահ եմ, որ այս քաղաքականությունը ճիշտ է, և Վանաձորում մենք ունենալու ենք Վանաձորի պետական համալսարան` այս տարի, թե` հաջորդ տարի, պոլիտեխնիկով, թե` առանց պոլիտեխնիկի, թատերականի մասնաճյուղով, թե` առանց դրա»,- ասել է նախարարը` հավելելով, որ իրենց նպատակը կառուցվածքային փոփոխությունները չեն, այլ մարզի հետագա զարգացման համար այնպիսի ծառայությունների մատուցում ունենալն է, որը թույլ կտա Վանաձորի տարածքում շարունակել մասնագիտական կրթության ավանդույթները` նորովի ուղղված դեպի հետագա տնտեսական ու հասարակական զարգացում. «Վանաձորում այս հարցը պետք է լուծվի, որովհետեւ բացառապես մանկավարժական բուհական հաստատությունը, ցավոք, ապագա չունի որպես այդպիսին և ոչ միայն Վանաձորում»: