Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում ռուսերեն լեզվին հատուկ կարգավիճակ տալը դա հենց Ռուսաստանի արտաքին քաղաքականությունն է, որ կա: Այսպես արձագանքեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը` Yerkir.am-ի հետ զրույցում անդրադառնալով այն փաստին, որ ռուս պաշտոնյաները հայ օրենսդիրների հետ արտաքին քաղաքական հարցեր քննարկելուց առաջ որոշեցին նախ քննարկել Հայաստանում ռուսերեն լեզվի կարգավիճակը բարձրացնելու հարցը:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ-ի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին հայ օրենսդիրների հետ հանդիպման ժամանակ երկարատև քննարկում է իրականացրել Հայաստանում ռուսերենի կարգավիճակը բարձրացնելու թեմայով:
Հրանուշ Խառատյանի խոսքով` ռուսական այդ քաղաքականությունը Հայաստանում նոր չէ, դեռ Մաքսային միությանն անդամագրվելու քննարկումներից շատ առաջ ռուսական դեսպանատան օգնությամբ շատ հաճախ կազմակերպվել են Հայաստանում ռուսերենին հատուկ կարգավիճակ տալու քննարկումներ: Ըստ ազգագրագետի` կան մարդիկ, որոնք ինտենսիվորեն զբաղված են ռուսերենին անգամ ակադեմիական կարգավիճակ տալու աշխատանքներով:
Ի դեպ, ազգագրագետը նշում է, որ ռուսերենը Հայաստանում արդեն հատուկ կարգավիճակ ունի, և դա ամրագրված է օրենքով, ուրեմն` էլ ի՞նչ հատուկ կարգավիճակ է պետք ռուսերենին: Այն մեկն է հինգ լեզուներից, որոնք Հայաստանում պաշտոնապես ճանաչված են որպես փոքրամասնության լեզու, և խոսքը ոչ թե ազգային, այլ լեզվական փոքրամասնության մասին է: «Շատ հասկանալի է, որ ռուսներն ուզում են` Հայաստանում ռուսական դպրոցներ բացվեն, որ տարածվի ռուսախոսությունը, ինչպես նախկինում է եղել: Դա իրենց նորմալ ու շատ ճիշտ քաղաքականությունն է, շատ ճիշտ են անում»,- ասաց Հրանուշ Խառատյանը`մանրամասնելով, որ եթե Հայաստանը մտնում է Մաքսային միություն, ուրեմն` դիմադրենք, չդիմադրենք, ռուսերենն ինտենսիվ տարածվելու է Հայաստանում:
Ազգագրագետի խոսքով` ռուսները ցանկանում են, որ Հայաստանում ռուսերեն լեզվի նկատմամբ ուրիշ վերաբերմունք լինի. ճիշտ է` պաշտոնապես նրանք հայտարարում են, որ խոսքը ՄՄ աշխատանքային լեզվի մասին է, բայց զուգահեռ խոսում են նաև ռուսերեն լեզվի տարածման մասին: Ազգագրագետը շատ բնական է համարում այդ ամենը, որովհետև դա նորմալ հասարակագիտական օրենք է: Անդամագրվելով Մաքսային միությանը` մարդիկ ցանկանալու են լավ աշխատանքի անցնել, դրա համար պահանջվելու է ռուսերենի լավ իմացություն, իսկ իմացության համար պետք է փոքրուց այն սովորել, փոքրուց սովորելու համար էլ պետք է այդ լեզուն ուսուցանվի դպրոցում: «Իսկ ովքե՞ր են նման ձգտումներ ունենում... Քաղաքական ու տնտեսական էլիտան: Եթե մեր առաջնահերթությունները որոշված չեն, ուրեմն` ինքնիշխանությունը զիջած երկրում առաջնահերթությունը պետք է լինի ռուսերեն լեզվի տարածումը»,- ասաց Հրանուշ Խառատյանը: