Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Պարի միջազգային օրն է: Լրագրողների հետ զրույցում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հրավիրյալ բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը նշեց, որ բալետն, առհասարակ, օդանավի հետ է համեմատում` եթե օդանավի վրա արծիվ դնես, միևնույն է, քանի դեռ լավ մեխանիզմ չունի, չի թռչի:
Ըստ նրա` բալետն ամբողջությամբ թռիչքի մասին է: «Բալետի պարողը պետք է կտրված լինի կենցաղից, նա, եթե մտավ թատրոն, պետք է ամեն ինչ մոռանա: Բալետը միացնում է քեզ ու տիեզերքը, քեզ ու Աստծուն»,- ասում է Խառատյանը:
Նա տեղեկացնում է` ինքը, լինելով օպերայի թատրոնի գլխավոր բալետմայստեր, մինչև 2017թ. համար ծրագիր էր մշակել, որը, սակայն, իր` գլխավոր բալետմայստերի պաշտոնի հեռացումից հետո կիսատ մնաց: Խառատյանը հավաստիացնում է, որ իրեն նեղացնում է այն փաստը, որ թեեւ մենք ունենք ներուժ, բայց չենք կարողանում դա ճիշտ կիրառել:
«Երբ հեռվից նայում ես Հայաստանին, այն մի կետ է քարտեզի վրա, որն այդպես էլ չի կարողանում իր տեղը գտնել, նրան անընդհատ թելադրում են` ինչ անել, նույնն էլ բալետն է: Հասկանո՞ւմ եք` եթե մեր երկրի զինուժը կայացել է, այսքան հզոր է, բալետը` մեր հոգևոր ուժն էլ պետք է կայանա: Բալետն այն ուժն է, որով մենք կարող ենք ներկայանալ աշխարհին` առանց թարգմանության խնդիր ունենալու»,- ասաց Խառատյանը:
Հարցին, թե այսուհետ ի՞նչ է անելու, ի՞նչ հեռանկարներ ունի, նա պատասխանեց, որ շարունակելու է աշխատել` ինչպես միշտ:
«Ես տարին երկու անգամ մեկնում եմ ԱՄՆ` վարպետության դասեր տալու: Ես բալետային ընտանիքի մի մասն եմ և ուզում էի Հայաստանին էլ այս մասը դարձնել: Ինձ ի՞նչ կա, ես ունեմ իմ ուղին, բայց ցավ եմ ապրում մերոնց համար: Մեզ մոտ կարգ ու կանոն չկա, ասում են` դե, կանենք, էլի, ախպե'րս: Այ, այդ ախպերական մթնոլորտը կեղծ է, դա թուլության նշան է: Ասում են` որ պետք լինի, կմեռնենք հայրենիքի համար, չէ՛, հարգելի'ս, մեզ ոչ թե մեռնող է պետք, այլ հաղթող»,- ասում է Խառատյանը: