կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-15 22:36
Քաղաքական

Պատերազմն սկսվել է այն օրից, երբ Լիլիթը, Մարիան և Խառատյան ընտանիքն սկսեցին «թուրք սիրել». Մ. Մադաթյան

Պատերազմն սկսվել է այն օրից, երբ Լիլիթը, Մարիան և Խառատյան ընտանիքն սկսեցին «թուրք սիրել». Մ. Մադաթյան
Հոգեբան Միհրան Մադաթյանը գրում է. 
 
«ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈւԹՅՈւՆԸ ՉԱՓԵԼԻ ԿԱՏԵԳՈՐԻԱ ՉԷ՞...
 
Մի կարճ ժամանակ առաջ, Լիլիթ Մկրտչյանը և Լուսինե Խառատյանը, փրփուրը բերաններին ասում էին, թե հայրենասիրությունը չափելի կատեգորիա չէ և այն չի կարող այդ պատճառով ներառվել դպրոցական ծրագրի մեջ։ Ես բազմիցս խոսել եմ այս մասին, սակայն այս իշխանությունները անվերապահորեն վստահում էին այս թուրքամետ գործիչներին և ԿԳՄՍ նախարարը առանց քննարկման ընդունում էր Լիլիթ Մկրտչյանի առաջարկած ծրագրերը։
 
Համոզված եմ, որ շատերդ չգիտեք էլ, թե ով է Լիլիթ Մկրտչյանը։ Ներկայացնեմ՝ Լիլիթ Մկրտչյանը այն մարդն է, ով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի հետ ղեկավարում է, «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտություն», «Ես և իմ հայրենիքը» առարկաների չափորոշիչները լրամշակող փորձագիտական խումբը, ԿԳՄՍ նախարարության կողմից ներկայացված՝ հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագծի հանրային քննարկման շրջանակներում։ 2018 թ. իշխանափոխությունից հետո ԵՊՀ-ի ղեկավարության դեմ նա իրականացրել էր «Դասախոս ռեստարտ» նախաձեռնությունը, իսկ իր հիմնադրած «Երիտասարդ պատմագետների ասոցիացիայի» միջոցով տևական շրջան ակտիվորեն մասնակցել է ԵՄ-ի կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» բազմափուլ ծրագրին, որի շրջանակներում Թուրքիայի «Պատմություն» հիմնադրամից (թուրք.՝ Tarih Vakfı) ստացած դրամաշնորհով և «Հակամարտությունների փոխակերպման պատկերացում» կենտրոնի (ԱՄՆ) «Imagine Center for Conflict Transformation» (USA), հետ համատեղ իրականացրել է ընդգրկուն ծրագրերի շարք։
 
Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Կարապետյանն ու նրանց թուրք գործընկերները, ինչպես նշված է ԵՄ-ի աջակցությամբ տրամադրված՝ Թուրքիայի «Պատմություն» հիմնադրամի դրամաշնորհի նկարագրությունում, նպատակ են ունեցել մարտահրավեր նետել Հայաստանում և Թուրքիայում առկա՝ պատմության դասագրքերի թշնամական կերպարներին: Օրինակ՝ թուրքերի հետ և Թուրքիայի «Պատմություն» հիմնադրամի դրամաշնորհի միջոցով իրականացված բազմապիսի ծրագրերից մեկով, նպատակ է հետապնդվել մարտահրավեր նետել պատմության դասագրքերում առկա՝ թշնամու կերպարին և ներկայիս պատմական գործընթացներին, ինչը կխթանի պատմության ուսուցումը Հայաստանում և Թուրքիայում:
 
Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Կարապետյանը կրկին Թուրքիայի «Պատմություն» հիմնադրամի և թուրք հեղինակների հետ համատեղ 2017 և 2019 թվականներին հրատարակել են «Պատմության ուսուցումը Թուրքիայի և Հայաստանի դպրոցներում. քննադատություն և այլընտրանքներ» («History Education in Schools in Turkey and Armenia. A Critique and Alternatives») և «Պատմության ուսուցանման այլընտրանքային չափորոշիչները Հայաստանի և Թուրքիայի համար» («Alternative History Education Modules for Armenia and Turkey») ձեռնարկները: Դրանք հակահայկական, հակազգային որակվեցին հայ պատմագիտական հանրույթի առանցքային ներկայացուցիչների կողմից, իսկ հայ հեղինակների՝ ձեռնարկների տակ ստորագրելու փաստն իր հերթին համարվեց դավաճանություն ինչի մասին ոչ մեկ անգամ խոսել է ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ, երջանկահիշատակ Արտակ Մովսիսյանը իր հարցազրույցներում ու մեկնաբանություններում:
 
Այսօր երբ օրհասական ազատամարտ է և ամբողջ հայ ազգը համախմբվել է թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ, մի՞թե չեք հասկանում, որ այս պատերազմը սկսել է վաղուց՝ այն օրից երբ Լիլիթը, Մարիան, Խառատյան ընտանիքը և նրանց նմանները սկսեցին «թուրք սիրել» և այդ գործընթացի համար գրանտներ ստանալ ու մեզ էլ սովորեցնել սիրել թուրքին, իսկ Դուք սկսեցիք, այս թրքասերներին՝ լուռ պաշտպանել ու համակերպվել նրանց ընդունած նախագծերի և կրթական ծրագրերի հետ։