կարևոր
13708 դիտում, 1 տարի առաջ - 2023-11-06 20:44
Տնտեսական Հասարակություն

Արտարժույթի շուկայում լուրջ խնդիրներ կունենանք՝ Տրոցենկոյի հայաստանյան ակտիվների նկատմամբ պատժամիջոցների տարածվելու դեպքում. Պարսյան

Արտարժույթի շուկայում լուրջ խնդիրներ կունենանք՝ Տրոցենկոյի հայաստանյան ակտիվների նկատմամբ պատժամիջոցների տարածվելու դեպքում. Պարսյան

ԱՄՆ-ի կողմից սեւ ցուցակում հայտնված Տրոցենկոյին են պատկանում Հայաստանի հանքարդյունաբերական մի շարք ձեռնարկություններ, մասնավորապես ««Պարամաունտ Գոլդ Մայնինգ», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», Ագարակի պղնձամոլիբդենային գործարանը, Ալավերդու պղնձաձուլական գործարանը։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանի արձանագրմամբ՝ սրանք Հայաստանի համար ռազմավարական նշանակության կազմակերպություններ են, իսկ ԶՊՄԿ-ն Հայաստանի թիվ մեկ խոշոր հարկատուն ու գործատուն է, այն նաև համակարգաստեղծ ընկերություն է և, եթե պատժամիջոցները տարածվեն Տրոցենկոյի բոլոր ակտիվների վրա, ապա նաև ԶՊՄԿ-ն կընկնի պատժամիջոցների տակ։

ԱՄՆ պետքարտուղարությունը օրերս հայտարարեց ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների շրջանակն ընդլայնելու մասին, եւ ամերիկյան սեւ ցուցակում հայտնվել են նոր գործարարներ, որոնց թվում է Տրոցենկոն, նրա որդին։ Պետդեպի հայտարարության մեջ նշվում է, որ սև ցուցակում ներառվում են գործարարի անձնական ակտիվները, Տրոցենկոյի ընտանիքի կողմից օգտագործվող ներդրումային գործիքները։

Պարսյանի դիտարկմամբ՝ ԶՊՄԿ-ն և առհասարակ հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության համար արտարժույթի կարևոր աղբյուր ապահովող ոլորտ է, դրա միրջոցով Հայաստան արտարժույթ է գալիս։ «Եթե պատժամիջոցները տարածվեն Տրոցենկոյի հայաստանյան ակտիվների նկատմամբ՝ մենք լուրջ խնդիրներ կունենանք արտարժույթի շուկայում։ Առհասարակ, հանքահումքային արտադրանքի արտահանումն ապահովում է մեր արտահանման 35 տոկոսը»,- արձանագրել է Պարսյանը։

Նրա խոսքերով՝ ռուսները երկար Հայաստանում չեն մնալու, նրանց գումարները հավերժ չեն մնալու Հայաստանում, ուշ թե շուտ ընդհատվելու է այդ գումարների հոսքը, իսկ հանքարդյունաբերությունը Հայաստանի արտարժույթ ապահովող հիմնական ոլորտներից մեկն է։ Ընդ որում, կաթվածահար կլինի ոչ միայն հանքարդյունաբերությունը, այլև ոլորտը սպասարկող 100-ավոր ընկերություններ, որոնք ևս լուրջ խնդիրների առաջ կկանգնեն։

Ընդ որում՝ այս ոլորտն ապահովում է նաև բավական բարձր աշխատավարձ, մասնավորապես Սյունիքի մարզն ամենաապահով մարզն է, այդ մարզում աղքատության համաթիվը 2.5 տոկոս է, այն դեպքում, երբ հանրապետության մյուս մարզերում 26.5 է։

«Եթե արևմտյան երկրները կիրառեն սահամանփակումներ բոլոր ակտիվների նկատմամբ՝ մենք այս ամենի արդյունքում լուրջ կորուստներ ենք ունենալու»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել է տնտեսագետը։

Ս.Պարսյանի փոխանցմամբ՝ նախկինում փորձ եղել է, որ Ռուսաստանի գործարանների սեփականատերը ներառվել են «սև ցուցակի» մեջ, բայց նրանց ակտիվները ամբողջությամբ սանկցիաների տակ չեն վերցվել։ Օրինակ, «Ռուսալ» ընկերության դեպքում՝ սեփականատիրոջ նկատմամբ պատժամիջոցներ էին կիրառել, բայց հայկական «Ռուսալը» շարունակում էր գործել, թեև հիմա բազմաթիվ դժվարություններ ունի, բայց նրա նկատմամբ պատժամիջոցներ չի կիրառվում։ Նույնը նաև «Գազպրոմի» և ռուսական այլ ընկերությունների դեպքում է, որոնք Հայաստանում գործում են, բայց նրանց նկատմամբ նման խիստ մոտեցում չկա»։

Նա ընդգծեց, որ այս հարցին մեղմ կամ խիստ մոտենալու հիմքում ընկած են լինելու քաղաքական պայմանավորվածությունները։ «Եթե գործող իշխանությունները ունենան քաղաքական պայմանավորվածություններ, ապա Տրոցենկոյի նկատմամբ պատժամիջոցները չեն վերաբերի Հայաստանի ակտիվներին»։

Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղարությունը Տրոցենկոյի ընտանիքը ներկայացրել էր որպես Պուտինի մոտ կանգնած ընտանիք։

Աղբյուր` Փաստինֆո