Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բնակչությունը` որպես անվտանգության երաշխիք, Հայաստանում նվազում է, և այդ համատեքստում անվտանգության համար արվող բոլոր գործողությունները դառնում են անիմաստ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը` խոսելով Հայաստանի արտաքին ու ներքին մարտահրավերների մասին:
Նրա խոսքով` բոլոր ներքին գործընթացներն արդեն իսկ մարտահրավերներ են: Նա նշեց, որ դեռ տարիներ առաջ Արծվիկ Մինասյանի հետ միասին բարձրացրել են կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի հարցը, սակայն բոլոր քաղաքական ուժերը միասնաբար հանդես չեկան, հասարակությունը չընդվզեց: «Այն, որ բնակչից պետք է մինչև վերջին լուման քամել, որ ոմանք հարստանան, դա բերում է նրան, որ երկրում նորմալ կառավարվող ոլորտ չունենք: Ունենք իշխանության ու բիզնեսի սերտաճում, ամենաթողություն, կոռուպցիայի բարձր մակարդակ, մինչդեռ Ազգային ժողովում նստած են նրանք, ովքեր իրավունք չունեին անգամ խորհրդարանի դարպասներին մոտ լինելու»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Խոսելով Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշման մասին, նա կարծիք հայտնեց, որ Ռուսաստանի տնտեսությունը վատ վիճակում է, և Ռուսաստանը պաշտպանելու է ոչ թե Հայաստանի տարածքը, այլ իր տարածքները: Արմեն Մարտիրոսյանի խոսքով` Հայաստանը ԵՄ-ի հետ լավ շանսեր ունի զարգացնելու, որովհետև սուվերենության կորստի խնդիր չի լինելու, այլ ԵՄ երկրների հետ ձևավորելու է միություն ` Հայաստանի ուզած տոկոսադրույքներով: Արմեն Մարտիրոսյանը վստահ է, որ Հայաստանը հարաբերություններ պետք է հաստատի նաև Չինաստանի հետ, Հնդկաստանի հետ, ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ, քանի որ բազմավեկտորությունը Հայաստանին հնարավորություն կտա խուսափելու նոր մարտահրավերներից ու զարգացում ապրելու:
Բանախոսը վստահ է, որ ՄՄ-ն վերպետական կազմավորում է լինելու, որտեղ առկա է սուվերենության կորստի վտանգ: Ըստ Արմեն Մարտիրոսյանի` իշխանավորներն իրենց իշխանությունը պահելու համար երկիրը տանում են դեպի ավտորիտար ռեժիմով, կոռումպացված և իր կենսունակությունը չապացուցած մի կառույց: «Հայաստանում ՌԴ դեսպանն ավելի անկեղծ է, քան մեր իշխանությունները, որ ասում է` Հայաստանը կկորցնի իր սուվերենության մի մասը: Ցավով եմ նշում, որ Ռուսաստանը Ղարաբաղը մանրադրամ է սարքելու ու նվիրի Ադրբեջանին, որ սրա վրա էլ ճնշում գործադրի»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը: