Փոխարժեքներ
08 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.93 |
EUR | ⚊ | € 424.27 |
RUB | ⚊ | ₽ 4.02 |
GBP | ⚊ | £ 505.41 |
GEL | ⚊ | ₾ 141.01 |
Օրվա իշխանությունը հետևողականորեն ձախողում է նաև տնտեսական անվտանգության սպառնալիքների նվազեցման և չեզոքացման գործընթացը: Այս իշխանությունը իր վերջին ծրագրում ամրագրել է. մեր տարածաշրջանում տնտեսական ապաշրջափակումը, կոմունիկացիաների բացումը Հայաստանի կայուն տնտեսական զարգացման հիմնապայմանն է. այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:
«Արդեն ամբողջանում է պատկերը, որ այս ծրագրային դրույթը իրականում ևս ձախողվում է: Այս մասին արդեն բաց տեքստով լսում ենք աշխարհաքաղաքական կենտրոնների հայտարարություններում: Եվ օր-օրի պարզ է դառնում, որ Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանային նոր կոմունիկացիաներից:
Ինչո՞ւ: Մեկ հոգի է որոշում Հայաստանի և երեք միլիոն քաղաքացիների վաղվա օրը՝ մեր և մեր երեխաների ճակատագիրը: Բանակցում է ինչ ուզում է՝ բացառապես առաջնորդվելով մահաբեր իր իշխանությունը երկարաձգելու շահով: Հետևանքները չեն ուշանում, օր-օրի դառնում են ավելի վտանգավոր և անդառնալի կորուստներով», - ասաց նա:
Ըստ նրա` իշխանությունները Հայաստանը դարձրել են մանրադրամ՝ աշխարհաքաղաքական բախումների կիզակետում. «Վարում են բանակցություններ՝ իրարամերժ բովանդակությամբ, օդի մեջ՝ չհաշվարկված հիմնավորումներով: Իբչև մանևրում են աշխարհաքաղաքական կենտրոնների միջև՝ մեր երկիրը իրականում տանելով դեպի ավելի վտանգավոր ծուղակներ, անդառնալի կորուստներով»:
«Ըստ էության՝ խաբում են ամենուր և բոլորին, բացահայտված սուտը և իրենց ձախողումը փորձում են կոծկել ավելի մեծ և վտանգավոր ստերով:
Առանց հաշվարկների և ռիսկերի գնահատման՝ բերում են արտաքին տնտեսական անվտանգության նոր սպառնալիքներ: Մեր երկրի արտաքին տնտեսական զարգացման իրական հնարավորությունները և առավելությունները, ավանդական ուղղությունները (Ռուսաստան, Իրան, Չինաստան, Հնդկաստան) իրականում անտեսվում են, դառնում են առավել անորոշ՝ աճող ռիսկերով: Փոխարենը՝ պոպուլիստական նախաձեռնություններով սպասում են ի սկզբանե գոյություն չունեցող արդյունքներ՝ 150 հազար դոլոր ներդրման դիմաց ՀՀ քաղաքացիություն, թուրք-ադրբեջանական ներդրումներ և զարգացում:
Այսպիսով, մեր երկիրը կորցնում է բարեկամ և ռազմավարական դաշնակից երկրների հետ տնտեսական կապերի խորացման առկա իրական ներուժը, զուգահեռաբար՝ մեծանում են նաև թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից մեր երկիր տնտեսական ներխուժման ախորժակն ու սպասումները:
Հայաստանի տնտեսական անվտանգությունը և կայուն զարգացումը նավթադոլարային հենք չի կարող ունենալ շատ պարզ պատճառով. Այս դոլարների տերերի երկարաժամկետ ծրագրերում ինքնիշխան Հայաստանը և հայ ժողովուրդը հայտարարված են՝ որպես հիմնական խոչընդոտ: Այս մասին նրանք որքան բարձր են խոսում, այնքան Հայսատանի ներկայիս իշխանությունները ավելի վատ են լսում:
Այս իշխանությունները ձախողել են հանրային կյանքի բոլոր ուղղությունները. Ոչ բանակցել գիտեն, ոչ էլ ներքին բարեփոխումներն են հասցրել վերջնանպատակին», - նշեց Ավետիսյանը:
«Այս իշխանությամբ ապագա չկա», - իր ելույթը եզրափակեց պատգամավորը: