Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում տեղի են ունենում գործընթացներ, որոնց տրամաբանության մեջ արտառոց ոչինչ չկա. լրագրողներին այսօր ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը' անդրադառնալով Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական գործընթացներին:
Նա նշեց, որ պետք է պաշտոնական այցով Հայաստան գա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, եւ այս առումով ե'ւ մեր երկրի, ե'ւ համաշխարհային հասարակությունները սպասումներ ու տրամադրվածություններ ունեն, թե ինչպիսի զարգացումներ կլինեն, քանի որ մենք պատրաստվում ենք անդամակցել Մաքսային միությանը:
Անդրադառնալով Հայաստանում ՌԴ նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի հայտարարությանը, թե, Եվրոպան ընտրելով, Հայաստանը կընտրի դեպի դժոխք տանող ճանապարհը, Մկրտիչ Մինասյանը կարծիք հայտնեց, որ յուրաքանչյուր մարդ կարող է իր տեսակետը հայտնել, սակայն ինքն այդ տեսակետը չի ընդունում` որպես ամենավերջին ճշմարտություն:
Հարցին` Պուտինի այցի ժամանակ կբարձրացվի՞ ՄՄ-ի հետ ԼՂՀ հարաբերությունների կարգավորման հարցը, Մկրտիչ Մինասյանը պատասխանեց, թե չի կարող կոնկրետացնել խնդիրը, բայց նաեւ կարծում է, որ այդ հարցը չի կարող քննարկման առարկա չդառնալ:
Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատար Ռուզինսկու' պատերազմի դեպքում ռուսական զորամիավորման մասնակցության մասին խոսքերն էլ, Մկրտիչ Մինասյանի դիտարկմամբ, չեն կարող պատահական լինել, եւ չի եղել որեւէ այլ դեպք, որ ռուսական որեւէ զորամիավորման հրամանատար հանդես եկած լիներ այդպիսի հայտարարությամբ:
Իսկ ինչ վերաբերում է Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին ու Ռուսաստանի դիրքորոշումներին, Մկրտիչ Մինասյանը նշեց, որ քաղաքականությունը միաշերտ չէ, այլ բազում շերտեր ունի, պետք է ընդունել, որ ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները ստրատեգիական գործընկերային են: Նա կարծիք հայտնեց, որ երկու երկրների նախագահների հանդիպման ժամանակ երկուստեք հետաքրքրող բոլոր հարցերը կքննարկվեն:
Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության շուրջ ՄՄ անդամ մյուս երկու երկրների` Բելառուսի ու Ղազախստանի դիրքորոշման մասով էլ պատգամավորը նշեց. «Ես վստահաբար ասում եմ, առանց աղբյուրը շեշտելու, որ Բելառուսի հետ որեւէ խնդիր չկա, ու եթե որեւէ բան այնպես չի հասկացվել, ապա դա միայն թյուրընկալման ու սխալ մեկնաբանության արդյունք է: Խնդիր է ծագել Ղազախստանի հետ, բայց մեր կողմից հստակ հարց է բարձրացվել, ու Ղազախստանն իր նախնական համաձայնությունը տվել է»:
Մկրտիչ Մինասյանը, անդրադառնալով հարցին, թե ի՞նչ կփոխվի ՀՀ ներքին քաղաքականության մեջ Պուտինի այցով, նշեց, որե Հայաստանի քաղաքականությունն իրականացնում է ՀՀ ժողովուրդն ու պետությունը: Բայց, նշեց պատգամավորը, իրենք գիտակցում են, որ երկրագնդում չկա մի երկիր, որ բացարձակապես անկախ լինի:
«Այս դեպքում մենք խոսում ենք մեր ստրատեգիական գործընկերոջ մասին, որն այս տարածաշրջանում շահեր ունի: Ի՞նչ ակնկալիքներ ունեմ. ես ունեմ մի ակնկալիք, որ մեր երկրի համար պետք է փորձել առավել շատ աշխատատեղեր ստեղծել, սոցիալ-տնտեսական վիճակը բարելավել»,- նշեց Մկրտիչ Մինասյանը:
Դիտարկմանը, թե ամեն դեպքում, երբ խոսում ենք մեր ստրատեգիական գործընկերոջ մասին, ապա պետք է չմոռանալ նաեւ նրա կողմից մեր թշնամուն զենք վաճառելու եւ ամենակարեւոր պահին Հայաստանին տրամադրվող գազի գինը բարձրացնելու հանգամանքները, իսկ այդպիսի երեւույթները հաշվի առնվո՞ւմ են, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց, որ բոլոր երեւույթներն են հաշվի առնվում, բայց քանի կան նավթադոլարները, Ադրբեջանը զենք կարող է ձեռք բերել այլ երկրից, ու այս առումով ավելի լավ է, որ այդ զենքը ձեռք բերի մեր ստրատեգիական գործընկերոջից: