կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-14 12:26
Քաղաքական

Խաչիկ Ասրյանի «Հայոց արծիվներ»-ը ավելի շատ մարդ է հավաքում. ՀՀԿ-ականը՝ եռյակի հանրահավաքի մասին

Խաչիկ Ասրյանի «Հայոց արծիվներ»-ը  ավելի շատ մարդ է հավաքում. ՀՀԿ-ականը՝ եռյակի հանրահավաքի մասին


Հոկտեմբերի 10-ի հանրահավաքում եռյակը չկարողացավ ձևակերպել իր նպատակները, և այդպիսով` ունեցանք հուսախաբ ու շփոթված ժողովրդի մի փոքր քանակություն, որն այդպես էլ չհասկացավ` իր խնդիրները որտե՞ղ պետք է փնտրի` հանրահավաքո՞ւմ, թե՞ իշխանությունների հետ: Այսպես է վերլուծում հոկտեմբերի 10-ի` եռյակի հանրահավաքը ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

 

Նրա կարծիքով` հանրահավաքում չհնչեցին միասնական կոչեր, և եթե «Ժառանգությունը» խոսում էր իշխանությունների վարած արտաքին քաղաքականության մերժման մասին, ապա ԲՀԿ-ն ընդհանրապես իր կարծիքը չհայտնեց, իսկ ՀԱԿ-ը որոշ առաջարկություններ հնչեցրեց, որոնք ընդունելի չեղան ժողովրդի կողմից:

 

«Մենք այդպես էլ չհասկացանք` եռյակը միասնական կարծիք հայտնե՞ց, թե՞ չհայտնեց: Ավելին` ամբոխի կողմից երբ հնչեցվում էին որոշ պահանջներ իշխանափոխության մասին, դրանք քննադատվում էին Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից, կամ էլ նա ընդհատում էր ժողովրդի այդ կոչերը»,- ասաց Գագիկ Մելիքյանը:


ՀՀԿ խմբակցության քարտուղարը նշում է` եռյակում միայն «Ժառանգությունը» քննադատական խոսք հնչեցրեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության կապակցությամբ, որն ընդհատվեց և այդպես էլ չշարունակվեց: Իսկ դա նշանակում է, որ եռյակից երկուսը ընդունում են իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը:


«Եթե ընդունում եք իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը, ուրեմն ընդունում եք նաև իշխանությունների վարած ներքին քաղաքականությունը, որովհետև դրանք փոխկապակցված են, իսկ հակառակ դիրքորոշումը տարրական անգրագիտություն է»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը` հավելելով, որ իշխանությունները չեն հերքում, որ երկրում կան բազմաթիվ խնդիրներ, աղքատություն, կոռուպցիա, անգամ` իշխանություններն այդ խնդիրների մասին ասում են ավելին, քան հնչել է եռյակի հանրահավաքի ժամանակ:


Ըստ ՀՀԿ-ական պատգամավորի` եռյակը, այդ խնդիրները շահարկելով, փորձում են ճշտել իր ուժերը, հասնել միմիայն աթոռի, իսկ ժողովուրդը համոզվեց, որ եռյակը իշխանություններին չի կարող այլընտրանք լինել:

 

Խոսելով հանրահավաքի բազմամարդ լինելու մասին` Գագիկ Մելիքյանը նշեց, որ Խաչիկ Ասրյանի ղեկավարած «Հայոց արծիվներ»-ը մի քանի անգամ ավելի շատ մարդ է հավաքում, քան կային հոկտեմբերի 10-ի հանրահավաքի ժամանակ, բայց իշխանափոխության պահանջ երբեք չի դնում, հետևաբար, ըստ Գագիկ Մելիքյանի, բազմամարդությունը դեռ չի նշանակում, որ պետք է դրվի իշխանափոխության պահանջ:


«Իմ կարծիքով` հանրահավաքին մասնակցել է 5-6 հազար մարդ, այսինքն` այդքան բազմամարդ չի եղել, որքան նախատեսել էր եռյակը»,- ասաց նա:


Լրագրողների հարցին` հնարավո՞ր է` մարդիկ, Մարտի 1-ի դեպքերը հիշելով, խուսափում են մասնակցել հանրահավաքներին, Գագիկ Մելիքյանը պատասխանեց. «Իսկ դուք հանրահավաքի մասնակիցների մեջ վախեցած մարդիկ տեսա՞ք, միգուցե հարթակո՞ւմ եք տեսել վախեցած մարդկանց»:


Yerkir.am-ի հարցին, թե հոկտեմբերի 24-ի հանրահավաքին ի՞նչ գործողություններ կլինեն, Գագիկ Մելիքյանը պատասխանեց. «Ես չեմ կարող գուշակել, ավելի լավ է` իրենք գուշակեն, թե ինչ գործողությունների են դիմելու»:

 

Վերջում Գագիկ Մելիքյանը նշեց, որ, լսելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի երեկվա հայտարարությունները, հասկացել է, որ նա անհույս հիվանդ է: